Աստղային բազմազավակություն
Հասարակություն
Բազմազավակ մայր լինելը հանաք բան չէ, հատկապես երբ դրան զուգահեռվում է կարիերա ասվածը: Նմանօրինակ շատ հայտնիներ կան արտասահմանյան շոու-բիզնեսում՝ հոլիվուդյան աստղերի շրջանում, ովքեր աշխատանքը համատեղում են բազմազավակ մոր կարգավիճակի հետ: Եթե արտասահմանցի մայրիկիներին շատ դեպքերում դա հաջողվում է անել դայակների օգնությամբ, ապա հայ բազմազավակ հայտնիները փորձում են ինքնուրույն այդ ամենից գլուխ հանել: Կանանց և մայրերին նվիրված միամսյակի առիթով էլ անդրադարձել ենք հայ և արտասահմանցի բազմազավակ մի քանի մայրերի:
Արմինե Հովհաննիսյան. «Երազում էի 14 երեխայի մասին»
Հասարակական ակտիվ գործունեություն ծավալող «Օրրան» ՀԿ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ծնունդ է տվել հինգ երեխայի՝ նրանց կոչելով Կարին, Տարոն, Վան, Շուշի և Արմեն: Տիկին Արմինեի խոսքերով՝ անունների ընտրությունը ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մենաշնորհն է: «Ինձ վերապահված է վետոյի իրավունքը, որը կիրառել եմ մեկ անգամ. առաջին չորս երեխաներս կրում են մեր պատմական հայրենիքի վիլայեթների անունները, իսկ Արմենը կարծես ամփոփում է այդ հայապատումը: Անշուշտ ընտանիքիս անդամները փորձում են ինձ համոզել, որ Արմենին անվանակոչել են ի պատիվ ինձ, սակայն ես նախընտրում եմ հավատալ առաջին տարբերակին»,- ասաց տկն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանների ընտանիքի մեծ որդու' Կարինի գործունեությանը անդրադառնալու առիթ ունեցել ենք' ներկայացնելով նրա հեղինակած «Գերդաստան ստվերաց» գիրքը: Տարոնը որոշել է բռնել ծնողների և հորեղբայրների ուղին. նա կշարունակի ուսումը իրավաբանության ոլորտում: Վանին առավել հոգեհարազատ է գրել և ձևավորել երաժշտություն: Շուշին, ավարտելով իր ուսումը Պուշկինի անվան դպրոցում, ուսանում է ԱՄՆ-ում: Իսկ կրտսեր որդին' Արմենը, լրջորեն զբաղվում է ֆուտբոլով և հպարտորեն հագնում է «Բանանց» թիմի համազգեստը:
Տիկին Արմինեն միշտ երազել է մեծ ընտանիք ունենալու մասին: Ասում է' սկզբում ցանկանում էր 14 երեխա ունենալ և ապրել Արարատի փեշերին կառուցած իրենց տանը, բայց թիվը կիսվեց և վերջում սահմանափակվեց հինգով. խոստովանեց, որ դրժել է երիտասարդ տարիներին իրեն և Րաֆֆիին տված խոստումը :): «Երեխա լույս աշխարհ բերելը ինքնանպատակ չպիտի լինի: Ես կողմ եմ շատ երեխաներ ունենալուն, սակայն միայն մի պարագայում. եթե ծնողները գիտակցում են այն մեծագույն պատասխանատվությունը, որ ստանձնելու են և կարող են ապահովել իրենց երեխաների բարեկեցիկ և արժանապատիվ կյանք,- նկատեց տկն Արմինեն և հավելեց, որ շատ դժվար է լինել մայր ու ստանձնել հանրօգուտ գործունեություն: Նրա համոզմամբ' այն ընտանիքում, որտեղ տիրում է սեր, հարգանք և փոխըմբռնում, այս խնդիրները գտնում են իրենց համակեցությունը: Տիկին Արմինեն պատմեց նաև, որ դեռևս ԱՄՆ-ում բնակվելու տարիներին ունեցել են դայակներ, սակայն առյուծի բաժինը միշտ էլ իր վրա է եղել: «Բնավորությամբ անհանգիստ մարդ եմ, ուստի անպայման ինքս պիտի նրանց սիրած կերակուրը պատրաստեի և երեկոյան քնից առաջ հեքիաթ կարդայի. անգամ գիշերները մտնում էի նրանց ննջասենյակները' ստուգելու' արդյոք լավ են ծածկված»,- հիշեց տկն Հովհաննիսյանը:
Զարուհի Փոստանջյան. «Ես ամենաերջանիկ ծնողն եմ»
Հասարակական և քաղաքական ոչ պակաս ակտիվ գործունեություն ծավալող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 4 աղջիկների մայր է: Նրա ավագ դուստրը' 18-ամյա Լուսինեն, սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Հավանաբար քրոջ օրինակին կհետևի դպրոցի վերջին դասարանում սովորող Լիլիթը, իսկ 9-ամյա Գրետան որոշել է հայրիկի նման բժիշկ դառնալ: Փոքրիկ Լուիզան էլ դեռ երկու տարեկան չկա, բայց, ով գիտե, գուցե նա էլ մեծանա ու մայրիկի ուղին ընտրի: Զարուհու խոսքերով' իսկապես շատ դժվար է ընտանիքը համատեղել աշխատանքի հետ, այն էլ' պատգամավորի աշխատանքի:Միևնույն ժամանակ հնարավոր է, եթե ցանկություն կա և´ մայր, և´ աշխատող կին լինելու: Բացի այն, որ հնարավոր է համատեղել, կարող եմ ասել' նաև անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, այլև ցանկացած երեխա մի նոր աշխարհ է բերում իր հետ,- ասաց Զարուհին' շեշտելով,- ես ամենաերջանիկ ծնողն եմ, ով ունի չորս հրաշալի երեխա:
Յուրաքանչյուր երեխայի ծնունդից մի քանի օր հետո երիտասարդ պատգամավորը վերադարձել է աշխատանքի.«Ոչ մի առողջական խնդիր չեմ ունեցել և կարողացել եմ ժամանակին աշխատանքի վերադառնալ»: Աշխատանքը չի խանգարել Զարուհուն երեխաներին շուրջ մեկ տարի կրծքով կերակրելու, իսկ չորրորդ բալիկին նույնիսկ իր հետ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին է տարել: «Վեհաժողովը Ստրասբուրգում էր, ինձ հետ էին նաև ամենափոքր և երկրորդ աղջիկներս: Ես նրանց թողել էի մեր պատվիրակության գրասենյակում, քանի որ ինքս պետք է նամակներ բաժանեի 47 պետություններից շուրջ 600 պատգամավորի: Այդ ընթացքում ինձ հաղորդագրություն են գրում' հիշեցնելով, որ Լուիզային կերակրելու ժամանակն է»,- ժպտալով պատմեց Զարուհին:
Նա նշեց նաև, որ կանանց և աղջիկների տոները իրենց տանը շատ ուրախ են անցնում. «Ամուսինս շրջապատված է 5 կանանցով. մենք միմյանց նվերներ ենք տալիս, և ամենուր ծաղիկներ են լինում»:
Գիսանե Պալյան. «Ամեն երեխա իր ղսմաթն ունի»
Հայ հայտնի բազմազավակ մայրիկներից է նաև «Էմփիրեյ» խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը: Նա և ամուսինը' խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը, ունեն երեք երեխա' երկու աղջիկ և մեկ տղա: Աղջիկներից մեծը' 11-ամյա Մարին, սովորում է դպրոցում: Դեռ չի որոշել' ապագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, սակայն դաշնամուրի դասերի է հաճախում, շատ է սիրում նաև նկարել: Ի տարբերություն մեծ քրոջ' 5-ամյա Դիանան սիրում է ռոք երաժշտություն և շատ լավ երգում է: Ութ ամիս առաջ քույրերին է միացել Քրիստիանը: Ինչպես նշեց Գիսանեն, շատ աշխույժ է. «Երբ մեծ քույրը դաշնամուր է նվագում, Քրիստիանը նստում է կողքին և ուշադիր լսում' փորձելով նաև երգել»,- պատմեց Գիսանեն: Նրա խոսքերով' առայժմ երեք երեխայով կսահմանափակվեն: Միաժամանակ շեշտեց, որ «ամեն երեխա իր ղսմաթն ունի», և յուրաքանչյուր ընտանիք պետք է նվազագույնը երկու երեխա ունենա:
Խմբի միակ կին Գիսանեն նշում է, որ չնայած իրենց տանը կարծես միշտ փոքրիկ է եղել, սակայն ինքը փորձել է ընտանիքը համատեղել աշխատանքի հետ: «Երբ առաջնեկս փոքր էր, ասում էի' այս շրջանում կփորձեմ համատեղել մինչև մի քիչ մեծանա, սակայն նրանից հետո ծնվեց մյուս աղջիկս, այնուհետև' տղաս: Ինձ երեխաների հարցում շատ է օգնել ամուսինս: Մայրիկիս ու սկեսուրիս օգնությունը նույնպես շատ մեծ էր, դրա համար որոշեցինք երրորդ երեխան ունենալ,- նշեց նա և ավելացրեց,- բոլոր երեխաներիս էլ մինչև մեկ տարեկանը կրծքով եմ կերակրել: Եղել է, որ փոքրիկիս ինձ հետ ձայնագրման եմ տարել. մի սենյակում նա էր, մյուս սենյակում ես էի աշխատում. շատերը երեխա են ունենում ու դայակին հանձնում, բայց ես միշտ փորձել եմ ամեն ինչ հասցնել ու համատեղել»:
Անգելինա Բաբաջանյան. «Աղջիկս երազում է մամա դառնալ»
1997թ. «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացած մանեքենուհի Անգելինա Բաբաջանյանը նույնպես բազմազավակ մայր է: Նա ունի երկու աղջիկ և մեկ տղա: Աղջիկների համար ընտրել է ժամանակակից անուններ' առաջնեկին անվանակոչելով Նատալի, ով այժմ առաջին դասարանում է սովորում և երազում է դառնալ բժշկուհի, նկարչուհի և... մամա :) Երկրորդ աղջկան անվանել է Վիկտորյա, ով 2.5 տարեկան է, սակայն ունի հստակ բնավորության գիծ' ինքնասածի է: Անգելինայի երրորդ բալիկը' Լյուդվիգը կամ Վիգը (ինչպես ծնողներն են սիրում ասել), շատ աշխույժ երեխա է' մեծ աչքերով ու խուճուճ մազերով. «Վիգը իմ բռոշկան է, վզիցս կպած ման է գալիս: Շատ ուշադիր երեխա է, քնելուց առաջ բոլորի հողաթափերը դասավորում է, փակում բոլոր պահարանների ու սենյակների դռները»: Նախկին մանեքենուհու խոսքերով' միշտ երեխաներ շատ է սիրել. «Իմ ամուսինն էլ է երեխաներ շատ սիրում: Չեմ կարող ասել' երեքով կսահմանափակվե՞նք, թե՞ ոչ, սակայն գիտեմ, որ բացի քանակից, որակ էլ ենք ստանում»: Անգելինան, ով ամուսնացել է բիզնեսմեն Կարեն Մարտիրոսյանի հետ, հետևում է իրենց ընտանեկան բիզնեսին, և կարողանում է աշխատանքը համատեղել ընտանիքի հետ: «Երկու դայակ ունեմ, ովքեր երեխաներիս ծննդյան օրվանից ինձ հետ են: Ինչքան էլ դայակ ունենաս, միևնույն է, մայրը պետք է օրվա ընթացքում ժամանակ տրամադրի երեխաներին»,- կարծում է Անգելինան: Նրա համոզմամբ' Հայաստանում հնարավոր չէ համատեղել ընտանիքն ու պոդիումը. «Հիմնականում ընտրում են կա´մ պոդիումը, բեմը, կա´մ ընտանիքը»,- եզրափակեց բիզնեսմեն գեղեցկուհին:
{gallery}995{/gallery}
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը