Լիլիթ Մարգարյան. Տանել չեմ կարողանում կիսամերկ հարսներին
Հասարակություն
ArmStar.am-ն իր տոնական, մարտիության հարցազրույցն անցկացրել է նորաձևության հայկական խորհրդի անդամ, գեղանկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ:
Լիլիթ, նախ շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային տոնի առթիվ, ցանկանում հավերժ կանացի գեղեցկություն և երջանկություն:
Դուք առաջիններից էիք, ով դրեց հայկական մոդելավորման հիմնաքարերից մեկը և այս ասպարեզում աշխատելով՝ մեծ համբավ ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում: Ըստ Ձեզ, ինչով է պայմանավորված այն փաստը, որ այսօր բրենդային խանութների ու հագուստի բազմազանության մեջ Դուք շարունակում եք մնալ ամենապահանջված դիզայներներից մեկը:
Հայ կանայք միշտ էլ օգտվել են դերձակների ծառայություններից: Վառ օրինակ են մեր տատիկները, մայրիկները, որոնք դեռ տարիներ առաջ, իհարկե տան պայմաններում միշտ էլ դիմել են նրանց օգնությանը, և լավ մասնագետի պահանջարկը շատ մեծ է եղել:
Հետագայում, արդեն նորաձևության ասպարեզում, հայտնվեցին դիզայներները: 88 թ-ին Հայաստանում չկար մոդելավորման ֆակուլտետ, և առաջին շրջանավարտները, ովքեր սովորեցին դրսում՝ այդ թվում և ես, մեր երկրում արժանացանք ավելի ջերմ ընդունելության, քան այսօր է: Այն ժամանակ դիզայներների խորհուրդներից օգտվելու ցանկությունն ավելի շատ էր: Բայց տարիների ընթացքում, երբ ինտերնետի միջոցով ինֆորմացիան դարձավ հասանելի, շատերը որոշեցին հագուստի ընտրության հարցում ինքնուրույն կողմնորոշվել:
Ես հերոսներ եմ համարում բոլոր այն դիզայներներին, ովքեր այս տարիների ընթացքում աշխատել են և ստեղծել իրենց նորաձևության տները: Մենք եղել ենք, կանք, կլինենք, ուղղակի մեր աշխատանքին զուգահեռ, Հայաստանում չզարգացավ թեթև արդյունաբերությունը, փլուզումից հետո չվերականգնվեցին արտադրամասերը: Ուստի նորաձևությունը համատարած չի կարող զարգանալ, քանի որ մենք կարող ենք սպասարկել շատ քիչ թվով մարդկանց:
Չնայած այդ ամենին կանայք ձգտում են լինել յուրահատուկ և անկրկնելի, այդ պատճառով էլ մեր մասնագիտությունը միշտ կլինի պահանջված:
Երկար տարիների ընթացքում ունեցել եք բազմաթիվ ցուցադրություններ: Ձեր զգեստները կրում են ամենանշանավոր մարդիկ: Դրանցից մեկը ցուցադրված է Փարիզի նորաձևության թանգարանում՝ ''Գալերեայում'': Երկար տարիների աշխատանք և անցած ճանապարհ.....:
Իսկապես շատ-շատ ցուցադրություններ եմ ունեցել թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ Հայաստանում, կարծում եմ՝ դա մի շրջան է, որ ցանկացած մարդ իր բնագավառում ինքնահաստատվելու համար պետք է անցնի: Կարծում եմ՝ ես դա հասցրի անել այն տարիքում, երբ դա իրոք պետք էր: Գալիս է մի շրջան, երբ պետք է սահմանափակվել, քանի որ ամբողջ կյանքում մրցույթների չես մասնակցի, եթե զգում ես, որ դու արդեն ունես քո ուրույն ձեռագիրը, ապա դու պետք է շարունակես ծառայել մարդկանց և ստեղծագործել: Ինչ վերաբերվում է Գալիերայում ցուցադրված զգեստին, նշեմ, որ այն նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:
Յուրաքանչյուր դիզայներ թելադրում է նորաձևություն, այդուհանդերձ ուզում եմ իմանալ, արդյո՞ք ստեղծագործելիս հաշվի եք առնում դրսից եկած նորաձության միտումները:
Անպայման, այսօր պարտադիր է տեղեկացված լինել՝ ինչն է նորաձև, ինչը՝ ոչ: Մենք ավեի շուտ ենք սկսում այդ մասին հետաքրքրվել, նաև պարտավոր ենք առաջնորդվել դրանցով: Բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարող նորաձևության տենդենցները պարտադրել բոլորին, քանի որ կան մարդիկ, որոնց տարվա նորաձևությունն այնքան էլ համապատասխան չէ: Կամ նրանց, ովքեր արդեն ունեն իրենց ոճը, և գեղեցիկը փոփոխել նորաձևության համար՝ չեմ կարծում, թե ճիշտ է: Այսինքն, ես խիստ շրջանակ չեմ դնում իմ առջև: Պետք է կարողանալ հենց այդ շրջանակից դուրս գալ և ստեղծագործել: Միայն նայելով և կարդալով չէ. չէ՞ որ դու դիզայներ ես և պետք է ինքդ քո խոսքն ասես: Եվ կուրորեն հետելով Եվրոպայի առաջարկածին դու չես կարող արդեն դիզայներ կոչվել:
Ես անդադար ստեղծագործում եմ, ուզում եմ հեռուն տեսնել, չեմ ուզում կանգ առնել կես տարվա կտրվածքով և ստեղծագործել հինգ գույնով: Նկարիչը չի կարող հինգ գույն ունենալ իր ներկապնակում:
Դրա համար պետք է տեղեկացված լինել, բայց նկարել սեփական նկարը:
Լիլիթ ես նկատել եմ, որ Ձեր զգեստները, կարծես, թալիսման լինեն, մեր բոլոր այն աստղերը, ովքեր մրցույթների են մեկնել Ձեր զգեստներով անպայման վերադարձել են հաղթանակած: Վստահ եմ, որ Ձեր զգեստը կրելն արդեն հաղթանակ է յուրաքանչյուրի համար և շատերը կուզեն վայելել այդ զգացողությունը: Եվ կարևոր մի հարց. որտե՞ղ է Ձեր սրահը, ինչպես կապվե՞լ Ձեզ հետ:
"Լիլիթ" նորաձևության տան նորաբաց սրահը գտնվում է Իսահակյան փողոցում: Մեր նորություններին ծանոթանալ և մեզ հետ կապվել կարելի է նաև ֆեյսբուքի մեր պաշտոնական էջի միջոցով՝ Lilit Fashion House:
Դուք ստեղծում եք նաև հարսանյաց զգեստներ և յուրահատուկ ձևավորում եք հարսանյաց սրահը. մի՞թե հարսի զգեստն է նորաձևություն:
Հիմա սկսել է ճանաչել: Առաջ կատարելության խորհրդանիշը ճերմակ մեծ զգեստն էր, բոլոր աղջիկները երազում էին հենց այդ զգեստի մասին: Բայց այսօր տենդենցը գնում է ավելի պարզության, պարզ ֆորմաների, նրբագեղության, համեստ զգեստներին: Այս միտումը անկեղծ ասած ինձ շատ է գրավում: Եվ այդ պճնված, չափազանց շքեզ հարսիկների կերպարը մի քիչ հոգնեցրել է բոլորիս:
Ինձ թվում է, որ տարիներ անց դեռ կվերադառնան այդ լայն փեշով զգեստները, բայց այսօրվա համեստ հարսնացուի կերպարը՝ պարզ, նստեցված ֆորմաներով և փակ թևերով է:
Տանել չեմ կարողանում կիսամերկ հարսներին, որոնք այդ տեսքով ոտք են դնում Աստծո տաճար: Չեմ ընդունում այդ հագուկապը: Հենց այդ օրն է, որ պետք է ավելի զուսպ ու համեստ լինել և մոտ Աստվածամոր կերպարին. Չէ՞ որ գնում է մայրության, հնազանդության: Կիսամերկ հագուստներ հագնելու առիթներ շատ կլինեն:
Ձեր խորհուրդը մեր ապագա հարսիկնեին, և առհասարակ աղջիկներին: Ինչպես լինել գեղեցիկ, չկրկնվող և գրագետ հագնված:
Ավելի հանգիստ ընտրեք ձեր հագուստը, մի փորձեք կուրորեն հետևել այն աղջիկներին, որոնց մարմնի ձևը շատ տարբեր է ձեր տվյալներից: Փորձեք գտնել ձեր ոճը: Իսկ եթե դժվարանում եք կողմնորոշվել՝ խորհրդի կարգով դիմեք դիզայներներին՝ առանց օգտվելու նրանց ծառայություններից: Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը սիրով խորհուրդ կտա՝ ինչ կրել:
Ամենուրեք էլ ճաշակի հետ կապված խնդիրենր կան: Մենք՝ հայերս, փոքր-ինչ ինքնաքննադատ ենք: Ինչ վերաբերվում է թերություններին, կրկնվելուն, դա բխում է մեր շուկայից: Շուկան փոքր է և ամենուրեք վաճառվում են նույնատիպ հագուստներ: Դիզայներներն էլ քիչ են, որ կարողանան հեղափոխություն անել:
Եթե խանութներում տարբերվող հավաքածուներ լինեն, ապա նույն վայրում դժվար թե հանդիպենք միանման հագնված 4-5 մարդու:
Եկեք գնահատենք հայ կնոջ արժանիքները՝ խնամված և կոկիկ լինելը: Մենք երբեք չենք տեսնի, որ կինը, աղջիկը փնթի, թաց մազերով, չարդուկված հագուստով փողոց դուրս գա: Հայ կինն ամենագեղեցիկն է:
Առաջ հաճախ էինք հանդիպում սարսափեցնող հագուկապով աղջիկների, հիմա իսկապես նկատելիորեն նվազել է այդ թիվը, ինչը գովելի է: Ավելի լավ է ունենան շպար, քան լինեն չմշակված հոնքերով կամ փնթի արտաքինով:
Սիրելի աղջիկներ չպետք է մոռանալ, որ տղամարդկանց դուր է գալիս խնամված և բնական լինելը: Նրանցից ոչ մեկին դուր չի գալիս արհեստական որևէ բան: Դա վկայում են հարցումների արդյունքները: Նրանք կողմ են բնական մազերին, բնական հոնքերին. երիտասարդ աղջիկներ մոտ դաջված հոնքերի սարսափելի տենդենց եմ նկատում: Այն ուղղակի այլանդակում է նուրբ դեմքը: Ուռեցրած շուրթեր, առօրյայում օգտագործվող ծանր արհեստական թարթիչներ…այս ամենը, հավատացեք, դուր չի գալիս տղամարդկանց:
Օգտվելով առիթից ուզում եմ նաև շնորհավորել մարտի 8-ի առթիվ:
Սիրելի տատիկներ և մայրիկներ, թող գարունն իր թարմ շնչով և գեղեցկությամբ ուրախություն պարգևի բոլորին, և ժպիտը միշտ ուղեկից լինի Ձեզ: Ձեր բալիկների և թոռնիկների հաջողություններն ու ձեռքբերումները Ձեր կյանքն ավելի պայծառ դարձնեն, և Դուք միշտ փայլեք' երջանկություն պարգևելով Ձեր սիրելիներին: Եղեք առողջ և երջանիկ: Դուք արժանի եք դրան...:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը