Էդուարդ Հովհաննիսյան. «Հետ գցեցի Լեդի Գագային»
Հասարակություն
Երևանյան սրճարաններից մեկում հանդիպում նշանակեցի գերմանահայ դիզայներ Էդուարդ Հովհաննիսյանի և իր գործընկերոջ՝ Ջուլիանի հետ: Եղանակը բավականին հաճելի էր, մեղմ, 40-ի հասնող ջերմաստիճանի ազդեցության տակ, երբ փողոցում հրկիզվում էին հատուկենտ անցորդներն ու լեզուները դուրս գցած անտուն կենդանիները, մենք փորձեցինք աշխատել :
Անձնական տվյալներ
Ծնվել է 1966թ. Արտաշատում՝ Ալվարդ և Դուրեկան Հովհաննիսյանների ընտանիքում: Մանկուց առանձնահատուկ սեր է ունեցել նորաձևության հանդեպ՝ ոգեշնչվելով մոր աշխատանքից, ով այդ ժամանակ հագուստ էր ձևվում:
1993թ. տեղափոխվել է Գերմանիա, երբ 27 տարեկան էր: Մինչ Եվրոպա մեկնելը կյանքի մասին համառորեն լռում է՝ ասելով, որ այն, ինչ եղել է մինչև Գերմանիան, անցյալ է, որի մասին չի ցանկանում խոսել:
2003թ. ընդունվել է Մանհեիմի մասնավոր դիզայնի դպրոցը, որն ավարտել է 2006թ.:
2007թ. աշնանը Steigenberger հյուրանոցում ներկայացրել է Mannheimer Hof ցուցադրությունը:
Ամեն տարի Բեռլինում ներկայացնում է 1-2 ցուցադրություն, որոնցից բավականին մեծ աղմուկ բարձրացրածների շարքում են Sunset blv և Haute Couture-ը:
- Ջուլիան, առաջին հարցը քեզ ուղղեմ. ինչպիսի՞ տպավորություն ունես Հայաստանից:
- Բավականին լավ, սարսափելի շոգ է, շատ բաներ զարմացրել են, իսկ շատ բաներ զվարճացրել:
- Ի՞նչ գիտես Հայաստանի մասին և ի՞նչ ես կարծում՝ Հայսատանն ինչպիսի՞ երկիր է՝ ավելի շատ արևելյա՞ն, թե՞ արևմտյան:
- Շատ տեղեկություններ չունեմ: Այն, ինչ էլ գիտեմ, Էդուարդից եմ իմացել. չեմ կարծում, որ Հայաստանը արևելյան երկիր է, սակայն չեմ կարող ասել, որ այն արևմտյան է. Հայաստանը ավելի տարբերվող է, կրում է երկու աշխարհների ընդհանուր գծերը, սակայն մնում է ինքնատիպ: Իսկ ընդհանրապես՝ կարծում եմ, որ հայ իրականությունն ավելի մոտ է ամերիկյան մշակույթին. այստեղ ամեն ինչ ավելի ամերիկյան է:
- Ամերիկյա՞ն... Ինչո՞ւ, ինչի՞ց այդպիսի եզրակացության հանգեցիր:
- Կարծում եմ՝ մայրաքաղաքից, շենքերից, սրճարաններից... Հստակ չեմ կարող ասել, ուղղակի տպավորությունն է այդպիսին...
- Էդուարդ, շարունակենք զրույցը Ձեզ հետ. այսօր Էդուարդ Հովհաննիսյան անունը բավականին հայտնի դարձավ նորաձևությանը և շոու-բիզնեսին հետևող երևանյան միջավայրին: Հարց է ծագում՝ Հայաստանի հետ կապված պլաններ կամ նախագիծ ունե՞ս, ասենք, Երևանում ներկայացնել Ձեր դեֆիլեն կամ գուցե ատելյե-բուտիկ բացե՞լ:
- Գործընկերոջս հետ եկել եմ Հայաստան, և ցանականում ենք նախ՝ տեղի շուկան ուսումնասիրել, տեսնել՝ ինչ մթնոլորտ է այստեղ տիրում նորաձևության առումով, ապա՝ ավելի պարզ կլինի, թե ինչ ծրագրեր կունենանք, քանի որ հենց դեֆիլեն Երևան բերելու ցանկություն կա:
- Այս ժամանակահատվածում ի՞նչ տեղեկություններ եք ձեռք բերել երևանյան դիզայներների կամ ներկայացվող բրենդերի վերաբերյալ:
- Ասեմ. շատ քիչ տեղեկություն եմ քաղել, սակայն որքան հասկացա, այնքան էլ զարգացած չէ նորաձևությունը Հայաստանում: Մի քանի անուն իմացա՝ Արամ Նիկոլյան, Արևիկ, ազգանունը չեմ հիշում (նկատի ունի դիզայներ Արևիկ Սիմոնյանին- հեղ.)... ճիշտն ասած, ոչինչ չտպավորվեց մեջս, շատ անկազմակերպ հավաքածուներ էին... Նկատվեց, որ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր ցուցաբերված:
- Իսկ ո՞րն է հենց Էդուարդ Հովհաննիսյանի՝ որպես դիզայների նպատակը:
- Մեր երկուսի՝ իմ և Ջուլիանի, նպատակը համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ հիմնելն է, որը կունենա շուկայի լայն տարածում, ներկայացված կլինի և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում և, ինչու ոչ, նաև Հայաստանում:
- Այսպիսի ցանկությունների համար կա՞ն արդեն նախադրյալներ:
- Մենք հայաստանյան դիզայներներից տարբերվում ենք նրանով, որ բաց մուտք ունենք եվրոպական շուկա: Հայ դիզայներները, ովքեր աշխատում են Հայաստանում, մեծ մասամբ այս երկրից ավելի բարձրունքների հասնել չեն կարողանում, իսկ մեր առավելությունն այն է, որ ունենք այդ հնարավորությունը՝ ասենք, Փարիզում, Բեռլինում կամ եվրոպական մեկ այլ քաղաքում ներկայանալու: Դա մեզ համար բավականին հեշտ է:
- Ասացիք, որ այստեղ նորաձևությունն այնքան էլ զարգացած չէ: Այս դեպքում երբվանի՞ց Հայաստանը սկսեց ձեզ հետաքրքրել, որտեղ կարելի է ցուցադրել Էդուարդ Հովհաննիսյան բրենդը:
- Գիտես, նորաձևության մեջ այդքան էլ երկար ժամանակ չեմ՝ մոտ չորս տարի, սակայն այդ չորս տարիների ընթացքում ցանկությունը միշտ էլ եղել է: Երկու տարի մասնավոր սովորել եմ, ապա՝ մնացած չորս տարիների ընթացքում այնպես եմ աշխատել, որ հիացրել եմ իմ աշխատանքով: Հայաստանի հանդեպ միշտ էլ կար հետաքրքրություն և ցանկություն, նաև կարծում եմ, որ մոտ ժամանակները հնարավորություն կստեղծվի այդ ցանկությունն իրականացնելու:
- Շատ լավ իմանալով, որ մեծ ռիսկ է նման աշխատանք սկսելը, ի՞նչ ես կարծում՝ պատրա՞ստ ես դրան:
- Կարծում եմ՝ այո: Կարծում եմ՝ այս չորս տարվա ընթացքում հավաքած փորձը բավականին մեծ է ինձ համար, և այն փաստը, որ իմ վերջին երկու դեֆիլեները շլացուցիչ հաջողություն ունեցան Գերմանիայում, ինձ հիմք են տալիս ասելու, որ բավականին հասունացել եմ նորաձևության մեծ ասպարեզ մտնելու համար:
- Պատմիր ցուցադրություններիդ մասին:
- Առաջին դեֆիլեն, որի անվանումը Sunset Boulevard է, համանուն է հոլիվուդյան կինոֆիլմին, վստահվեց Գերմանիայում բավականին մեծ ճանաչում վայելող մի ընկերության, որպեսզի նրանք զբաղվեն կազմակերպչական և շոուի պատրաստման աշխատանքներով, որը, պետք է խոստովանեմ, մեծ հաջողություն ունեցավ ամբողջ Գերմանիայում:
- Ո՞րն էր հաջողության գաղտնիքը:
- Ինչ խոսք, դրանում մեծ դեր խաղաց ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև հենց դեֆիլեի ժամանակ առկա անակնկալները՝ ինչպիսիք էին օպերային մեներգչուհին, ջութակի անկրկնելի կատարումը, որից դահլիճը ահավոր հուզվել էր:
Ցուցադրություններիս հաջողության գաղտնիքը նաև այն է, որ միայն հագուստի ցուցադրություն չեմ կազմակերպում. դա մի ամբողջ բարդ կառուցված շոու-հաղորդում է՝ լի անսպասելի տեսանյութերով, տաղանդավոր երաժիշտներով, էքստրեմալ ցուցադրությամբ: Անհնար է, որ այդպիսի աշխատանքը չարժանանա մեծ ուշադրության:
- Ի՞նչ կարող ես ասել երկրորդ դեֆիլեիդ մասին: Գիտեմ, որ այն բավականին մեծ աղմուկ է բարձրացրել, շլացուցիչ հաջողություն ունեցել: Դրա հաջողության գրավականը գուցե այն էր, որ այն թանգարանում, որտեղ ցուցադրեցիր երկրորդ հավաքածուդ, Լեդի Գագային արգելել էին տեսահոլովակ նկարահանել:
- Լիովին ճիշտ ես: Դեֆիլեից մեկ օր հետո գերմանական բոլոր լրատվական կայանները հայտնեցին և հրապարակեցին, որ Էդուարդ Հովհաննիսյանը «հետ գցեց» Լեդի Գագային: Բուն դեֆիլեն ընթացավ մի շատ հետաքրքիր թանգարանում, որի բոլոր ցուցանմուշները վաղուց մահացած մարդիկ են, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր նրանցից, և այդ վախեցնող ու ազդեցիկ միջավայրում դեֆիլե կազմակերպելը բավականին մեծ հաջողություն էր: Մի քանի օր էր անցել դեֆիլեից, սակայն ողջ Գերմանիայում այնպիսի աղմուկ էր տիրում...
- Փաստորեն, կարողացել ես գրավել Գերմանիան: Հուսանք, որ մոտ ժամանակները նաև երևանյան միջավայրում մեզ կհաջողվի դիտել այդպիսի անկրկնելի ներկայացում:
- Կարծում եմ՝ դա բավականին շուտ կլինի. արդեն այս տարվա հոկտեմբերին հնարավոր է՝ Երևանում կայանա իմ դեֆիլեն, որը սարսափելի մեգանախագիծ է, որն այժմ նախապատրաստական փուլում է: Այնպես որ, սպասենք մինչ հոկտեմբեր:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը