Իրինա Թովմասյան. Կարոտել էի հանուն բալիկի անքուն մնալուն
Հասարակություն
«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հղիության և երկրորդ բալիկի լույս աշխարհ գալու մասին esyes.am–ի ընթերցողներն առաջինն են տեղեկացել:) Արդեն մեկ շաբաթ է, ինչ Իրինան վայելում է երկրորդ անգամ մայրանալու բերկրանքը: Փոքրիկը երջանկություն է բերել նրանց ընտանիք, իսկ գեղեցկուհու ավագ դստեր՝ Մեգիի համար երազանքի իրականացման առիթ դարձել:
Ավելի վաղ Իրինան մեզ պատմել էր, որ Մեգին ուղղակի երազում է քույրիկ ունենալու մասին, ինքը ևս ի սկզբանե ցանկանում էր աղջիկ ունենալ. «Մենք 2 քույր ենք եղել և ես զգացել եմ քրոջ քաղցրությունը: Ուզում եմ Մեգին էլ ունենա այդ հրաշք զգացմունքը»: Այսօր արդեն Մեգին վայելում է իր բաժին երջանկությունն ու խնամում քույրիկին: «Շատ ուշադիր ու հոգատար է: Բժշկի ցուցումներն ավելի լավ է հիշում, քան ես: Օրվա ընթացքում զբաղված է լինում, բայց հենց ազատ ժամանակ է ունենում, գալիս է քույրիկի մոտ և ինձ օգնում խնամել նրան»,- ասաց Իրինան:
Իրինան և ամուսինը՝ Դավիթը, իրենց բալիկին Ալվինա են անվանակոչել՝ հորական տատիկի պատվին: Էքս Միսս Հայաստանը նշեց, որ նորածին դուստրը շատ նման է հայրիկին: «Աչքերը, քիթիկը, մազերի գույնը հորն են նման, ինձ շրթունքներն են նման,- ասաց նա և հույս հայտնեց, որ աչքերի գույնը հետագայում չի փոխվի: -Հիմա հայրիկի պես կապուտաչյա է»:
Նախորդ անդրադարձում esyes.am-ը ներկայացրել էր փոքրիկի լուսանկարները, որոնք արվել էին նրա լույս աշխարհ գալուց ընդամենը տասը րոպե անց: Նախկին մանեքենուհին նշեց, որ սնահավատ չէ և ուշադրություն չի դարձնում, որ իր փոքրիկի լուսանկարները ծնվելուց անմիջապես հետո կտեսնեն. «Երբ ինչ-որ լավ բան է լինում, ես անմիջապես ուզում եմ կիսվել ընկերներիս հետ: Լուսանկարն արեցինք նրա ծննդից մոտ տասը րոպե անց: Տեղադրեցի նաև ֆեյսբուքյան էջումս, որովհետև շատ ուրախ էի՝ ծննդաբերությունս թեթև էր անցել, փոքրիկս առողջ էր, ես ինձ լավ էի զգում: Ինձ հաճախ են ասում, թե աչքով կտան, ուրախությանս մասին այդքան չխոսեմ, բայց ես նման բաների չեմ հավատում»:
Իրինան երջանիկ է եղել թե՛ առաջին անգամ մայրանալիս, թե՛ հիմա, պարզապես այժմ ավելի հասուն է պատկերացնում ինչ ասել է մայր լինել: «Ես անհամբերությամբ էի սպասում նույնիսկ գիշերները չքնելուն: Կարոտել էի հանուն բալիկի անքուն մնալուն: Իհարկե, Մեգիի ժամանակով էլ էի հաճույքով խնամում նրան, սակայն հիմա շատ ավելի գիտակցված է այդ ամենը: Այն ժամանակ ես 20 տարեկան էի, տասը տարի է անցել, բնականաբար, ես էլ եմ ավելի հասունացել,- ասաց գեղեցկուհին և հավելեց, որ հիմա նաև ավելի ինքնուրույն է: -Այն ժամանակ հաճախ դիմում էի մայրիկիս օգնությանը, հիմա ինքս եմ կարողանում խնամել բալիկիս: Թեև պետք է նշեմ, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ այժմ վախ չեմ ունեցել: Կարծում եմ՝ մայրանալուց հետո կինը բնազդաբար կարողանում է խնամել իր փոքրիկին, հասկանալ՝ ինչն ինչպես պետք է անել»:
Առայժմ Իրինան չի աշխատի, որպեսզի կարողանա զբաղվել փոքրիկի խնամքով և վայելել նրա մանկությունը: Սակայն հավատարիմ մնալով իր ակտիվ կենսակերպին՝ մի քանի ամսից աշխատանքի կանցի, թեև ոչ շատ խիստ գրաֆիկով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը