Նոր հրատարակություններ
Հասարակություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ լոյս է ընծայել Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատութիւնների վերատեսուչ եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանի «Ս. Հաղորդութիւնը որպէս ներման եւ հաշտութեան լեզու», «Մի երկնչի՛ր, բայց միայն հաւատա՛ (Մարկ. Է 36). Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատութիւնները:
Գեւորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդութիւնը որպէս ներման եւ հաշտութեան լեզու» գործում հանգամանօրէն մեկնաբանում է Ս. Հաղորդութեան խորհուրդը Հայ Եկեղեցու աւանդութեան մէջ: Հայ իրականութեան մէջ այս գիրքն առաջին աշխատութիւնն է, որ Հաղորդութեան խորհուրդը դիտարկում է մարդկային յարաբերութիւնների համատեքստում եւ բարոյականութեան այն շրջանակներում, որում ժամանակակից հաւատացեալներն ապրում են իրենց ամենօրեայ հաւատը: Գիրքը պարունակում է Հայ Եկեղեցու աւանդութեանը բնորոշ առանձնայատկութիւնների արժէքաւոր նկարագրութիւններ, որոնց բացայայտման ու բանաձեւման համար, բացի հայկական աղբիւրներից, օգտագործուել են նաեւ ժամանակակից աստուածաբանական ուսումնասիրութիւններ եւ խորհրդածութիւններ:
Գիրքը հրատարակուել է Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիէլ Չեմբերջեանի հովանաւորութեամբ:
«Մի երկնչի՛ր, բայց միայն հաւատա՛ (Մարկ.Է 36). Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» գործում Գեւորգ Սրբազանն անդրադառնում է 21-րդ դարասկզբում մարդկութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներից մէկի՝ ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի աստուածաբանական եւ բարոյական տեսանկիւններին: Գրքում ներկայացուած է ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի վերաբերեալ Եկեղեցու դիրքորոշումն արտայայտող ծրագիր, որտեղ կարեւորւում է Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորի աշխատանքը ՄԻԱՒ վարակ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների հետ, ինչպէս նաեւ ուրուագծւում են ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում Հայ Եկեղեցու աշխատանքի ուղղութիւնները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը