ՀՀ փոխվարչապետը մեկնել է Մոսկվա
Հայաստան
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինեն ինովացիոն, գիտատեխնիկական ոլորտներում գործակցության հարցերը, կքննարկվեն ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հաշվետվությունները:
Փոխվարչապետը կմասնակցի նաեւ մարտի 15-ին Մոսկվայում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Արդի մարտահրավերներ եւ Համագործակցության տարածքում ինտեգրացիայի զարգացման հեռանկարներ» խորագրով:
Ավանդաբար անցկացվող համաժողովը ԱՊՀ երկրների պետական մարմինների ղեկավարների եւ գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչների կառուցողական փոխգործակցության եւ փորձի փոխանակման կարեւոր հարթակ է համարվում: Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաեւ տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններին նվիրված թեմատիկ կլոր սեղաններ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին