Մկոն եւ Տիգրանն ի՞նչ են նվիրել Անահիտ Շահբազյանին
Հասարակություն
Անահիտ Շահբազյանն օրերս ներկայացրեց նոր տեսահոլովակ, հիմա էլ պատրաստվում է իր ակումբային մենահամերգին, որը տեղի կունենա մայիսին. «Այն կազմակերպելու առաջարկն արել է ընկերներիցս մեկը, որի ով լինելն ավելի ուշ կբացահայտեմ: Քանի որ իմ երգացանկի երգերն այդքան ճանաչված չեն, կատարելու եմ նաեւ արտասահմանյան հայտնի գործեր: Հանդես կգամ բենդի ու բեք-վոկալիստների հետ»:
Երգչուհին հույս ունի՝ իր նոր տեսահոլովակի երգը հանդիսատեսը կսիրի, որից հետո հաջորդաբար կներկայացնի հայալեզու նոր երգեր: «Վերջինն է ծիծաղում» երգի խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, երաժշտությունը՝ Էդգար Ալեքսանյանը. «Չգիտեմ՝ հիթ կդառնա, թե՝ ոչ, բայց շեշտը դրել ենք որակի վրա»:
Խոսելով տեսահոլովակի մասին՝ Անահիտը նշել է, որ այն նկարահանվել է Իսպանիայում, երբ 2012-ի ամռանը երգչուհուն հրավիրել էին ելույթ ունենալու “Costa Blanca Fashion Week”-ի շրջանակում: Ռեժիսորը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է, օպերատորը՝ Դավիթ Վարդանյանը, իսկ մոնտաժն արել է էդուարդ Մատենցյանը:
«Շուտ էինք մեկնել, քանի որ ասել էին՝ պետք է երգեմ Բրունո Մարսի հետ, բայց որոշ պատճառներով նա չեկավ, մենք էլ ազատ օրեր ունեինք: Տիգրանն առաջարկեց ժամանակը հանգստին նվիրելու փոխարեն տեսահոլովակ նկարել: Այնքան հանպատրաստից էր. տեղում զգեստ ենք գնել, ամեն ինչ շատ արագ ենք կազմակերպել, «կլիպի տղան» էլ մոդելային մրցույթի աֆրիկացի հաղթողն էր: Նրանք այս տեսահոլովակն ինձ նվեր են արել. գումար չեմ ծախսել»,-պատմել է նա:
Երգչուհու՝ 2008-ին նկարահանված «Սպասիր ինձ» առաջին տեսահոլովակը եւս նվեր է. «Եղբայրս՝ Մկրտիչ Արզումանյանն էր ֆինանսավորել ու նվեր արել, ինչի համար շնորհակալ եմ ու հպարտ: Իմ պապիկն ու Մկոյի տատիկը հարազատ քույր ու եղբայր են»:
Անահիտ Շահբազյանը տեսահոլովակի մասին դրական կարծիքներ է լսել. «Դեռ սուր բացասական արձագանքներ չեն եղել, չնայած՝ սպասում եմ քննադատությունների: Վատ կարծիքներից չեմ նեղսրտում, դուրս եմ եկել այդ տարիքից, բնական է, որ բոլորի համար չեմ կարող սիրելի լինել»:
Անահիտն այժմ երգում է երեւանյան ակումբներում, «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծում ներկայանում է որպես բեք-վոկալիստ, ասում է՝ գումար աշխատելն ու երաժշտության մեջ հասունանալը միաժամանակ է իրականացնում. «Օր օրի ավելի եմ գնահատում բեք-վոկալիստի աշխատանքը, որը սոլո-կատարողին օգնում է ավելի լավ երգել»:
Անահիտը սովորել ու աշխատել է Երգի թատրոնում. «Գալիս է մի շրջան, որ ուզում ես որպես անհատ ներկայանալ: Արթուր Գրիգորիչին տեղյակ պահեցի իմ որոշման մասին ու դուրս եկա, որովհետեւ խմբակային երգերում չէի կարողանում տեղավորվել ու հաճույք ստանալ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը