Խուլիո Իգլեսիաս. Հայերի աչքերում թախիծ կա, ինչն ինձ իմ հայրենիքն է հիշեցնում
Հասարակություն
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, մարտի 15-ի երեկոյան առաջին անգամ Հայաստան ժամանեց հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը, ով մարտի 18-ին համերգ կունենա հայ հանդիսատեսի համար՝ Մարզահամերգային համալիրում:
Իսկ մինչ այդ երգիչն այսօր ասուլիսի ընթացքում հնարավորություն տվեց հայ լրագրողներին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:
Ասուլիսը սկսելիս երգիչը նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում. «Երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում և կարող եմ ճանաչել ամբողջ աշխարհում ունեցած բոլոր հայ ընկերներիս երկիրը:
Ասուլիսի ընթացքում Խուլիոն խոսեց Հայաստանի մասին իր ունեցած տեղեկությունների մասին՝ նշելով, որ ինքը տեղյակ է մեր երկրի տաքության մասին, իհարկե, խոսքը մարդկանց ջերմության մասին էր. «Երեկ մեզ Երեւան էին ճանապարհում Մոսկվայից, ասացին, որ մեկնում ենք շատ տաք երկիր՝ նկատի ունենալով մարդկանց, ոչ թե կլիման: Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց շնորհիվ իմ հայ ընկերների, ճանաչում եմ այն»։
Երգիչը նաև հասցրել էր նկատել իր հայրենիքի և Հայաստանի միջև նմանությունը. «Հայերի աչքերում թախիծ կա, ինչն ինձ իմ հայրենիքն է հիշեցնում»։
Լրագրողներին նաև հետաքրքրեցին Շառլ Ազնավուրի և Իգլեսիասի հարաբերությունները, ինչին ի պատասխան 70-ամյա երգիչն ասաց, որ
Շառլ Ազնավուրն իր մտերիմ ընկերն է երկար տարիներ շարունակ. «Ես նրա հետ եմ մեծացել, նրա հետ բազմաթիվ երգեր եմ կատարել և նրան համարում եմ իմ ավագ եղբայրը: Ես շատ հայ ընկերներ եմ հասցրել ձեռք բերել կյանքի ընթացքում, նրանք տարածում են հայ մշակույթը ողջ աշխարհով, ուստի իմ այցը Հայաստան ոչ թե օտարի, այլ հարազատ բարեկամի այց է»:
Լրագրողներին հետաքրքիր էր նաև, թե հայ հանդիսատեսը կունկնդրի՞ որևէ հայերեն երգ հենց Իգլեսիասի կատարմամբ. հանրահայտ երգիչն ասաց, որ նա արդեն մտածել է այդ ուղղությամբ, և հետաքրքրվել, թե հայերին ո՞ր երգերն են դուր գալիս: Եվ հենց դրանից մեկն էլ, շատ հնարավոր է՝ կատարի:
Ի դեպ, լրագրողների հետ երկխոսության ընթացքում Իգլեսիասը, խոսելով իր ամենամեծ ձեռքբերումներից, ասաց. «Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ճիշտ ժամանակին մահանալը, իսկ բացթողումը՝ ժամանակի կորուստը»։
Հանրահայտ իսպանացի երգիչը խոսեց նաև երազանքների մասին՝ ասելով, որ ինքը երազող մարդ չէ, իսկ ինչ վերաբերվում է լրագրողի հարցին, թե չէ՞ր ցանկանա ֆուտբոլիստ լինել, երգիչը պատասխանեց. «Չնայած խաղացել եմ «Ռեալ Մադրիդում»՝ ես երբեք էլ լավ ֆուտբոլիստ չեմ եղել: Ըստ իս՝ ավելի լավ երգում եմ, քան ֆուտբոլ խաղում»:
Լուսանկարը՝ aysor.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը