ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները բացահայտել են դարի հանցագործությունը 23 տարի անց
ԱՄՆ
Ամերիկայի հատուկ ծառայությունները բացահայտել են պատմության մեջ ամենախոշոր թանգարանային գողությունը: 500 մլն դոլար արժողությամբ կտավներ գողացած հանցագործներին որսալու համար նրանք ծախսել են 23 տարի:
Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները հայտարարել են դարի հանցագործության բացահայտման մասին: Գողությունը կատարվել էր 1990-ին, երբ Բոսթոնում գտնվող Իզաբելլա Մարիա Ստյուարտ Գարդների թանգարանից գողացել էին 13 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 500 մլն դոլար:
Հետախուզության դաշնային բյուրոյի տվյալներով՝ կողոպուտից հետո կտավները տեղափոխվել էին Փենսիլվանիա և Քոնեքթիքութ նահանգներ, և 10 տարի առաջ էլ հանվել են վաճառքի: Ներկայումս հնարավոր է, որ կտավները գտնվում են անձանց ձեռքում, ովքեր գաղափար չունեն նրանց գողացված լինելու մասին, այլ պարզապես գնել են դրանք վաճառքի ժամանակ:
Գողությունը տեղի էր ունեցել 1990թ. մարտի 18-ին: Ոստիկանական համազգեստ հագած երկու գող մտել էին թանգարան, կապել անվտանգության աշխատակիցներին, և պատերից պոկել այն կտավները, որոնք միացված չէին եղել ազդանշանին:
Այդ օրը անհետացել էին Ռեմբրանտի, Էդուարդ Մանեի, Յան Վերմերի և Էդգար Դեգայի արվեստի գործերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)