10 ճշմարտություն Լուիզա Ղամբարյանից
Հասարակություն
1. Ես առաջին հերթին մայր եմ, ապա միայն մշակութային գործիչ ու զբաղված մարդ: Ինչ էլ լինի, ես ամեն առավոտ տանում եմ բալիկիս դպրոց, իսկ երեկոյան նրա հետ դասավորում պայուսակը:
2. Ոչինչ ինձ այնքան հետաքրքիր չէ, ինչքան իմ աշխատանքը: Մի օր, եթե սկսեմ ձանձրանալ, հետևաբար, նաև ձանձրացնել հանդիսատեսին, կփոխեմ գործունեությանս ոլորտը:
3. Ընտանեկան ներդաշնակությունն ու երջանկությունը այնպիսի բան չէ, որ դնես բարձիդ տակ, հետո հանես փոշին սրբես ու նորից դնես տեղում: Այն և՛ կա, և՛ չկա, և՛ կինը, և՛ տղամարդը պետք է ջանան պահպանել իրենց հեքիաթը: Հատկապես կինը, ումից ամենաշատն է կախված ընտանեկան ներդաշնակությունն ու ջերմությունը:
4. Մինչև բալիկ ունենալը, չես հասկանում, որ կյանքդ լիարժեք չէ. ինձ թվում էր, թե կյանքս շատ ակտիվ է ու լեցուն... Բայց սխալվում էի, երբ աղջիկս ծնվեց, ես հասկացա, ինչ են նշանակում Ֆաուստի խոսքերը՝ «Կա´նգ առ ակնթարթ, դու հրաշալի ես»: Երեխայի ծնունդից հետո դառնում ես ավելի հանգիստ և ավելի լարված. հանգիստ, որովհետև աշխարհում ամեն ինչ անլուրջ ու ծիծաղելի է թվում մայրական բերկրանքի հետ համեմատած և լարված, որովհետև դառնում ես շատ ավելի պատասխանատու՝ սկսելով ապրել ոչ թե քո համար, այլ զավակիդ:
5. Ինչքան էլ սիրված լինես տղամարդու կողմից, հասկանում ես, որ այդքան ոչ մեկը քո կարիքը չունի, որքան քո երեխան: Վերջիվերջո, տղամարդը կարող է փոխարինել քեզ, բայց երեխան՝ ոչ:
6. Ես կարծում էի, որ կանանց միջև իսկական ընկերություն լինել չի կարող, բայց իմ կյանքում հայտնվեց մի մարդ, ով կարծես եկել է ապացուցելու, որ կանայք միայն ընդհանուր հետաքրքրություններ չէ, որ կարող են ունենալ...
7. Ուզում եմ, որ իմ աղջիկն այնքան ուժեղ լինի, որ կարողանա գտնել այն տղամարդուն, որի կողքին կարող է իրեն թույլ զգալ... Նա 7 տարեկան է, և ես արդեն տեսնում եմ նրա մեջ ապագա մեծ նկարչուհու, ով ցուցահանդեսներ կունենա Եվրոպայում, վառ անհատականություն կունենա ու կապրի արվեստագետի խենթուխելառ կյանքով:
8. Կինը միշտ էլ պետք է փոքր գաղտնիքներ ունենա տղամարդուց, որովհետև վերջինս քմահաճ է ու որսորդ: Նույնիսկ ամենամեծ սիրո դեպքում, եթե ամեն ինչ գաղտնազերծված է, նա կարող է ձանձրանալ և շրջել էջը:
9. Դերեր կան, որ ուղղակի դերեր են, սարքած դրամատուրգիական կերպարներ, իսկ դերեր էլ կան, որոնցով ես ապրել եմ...օրինակ՝«Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրան» ներկայացման հերոսուհու' Այծեմնիկի կերպարը... ինչ-որ միստիկ բան էր կատարվում այս ներկայացման ժամանակ, երկու ժամով ես կարծես տեղափոխվում էի այլ տիեզերք, պարզապես զգում էի կերպարը, որն այնքան մարդկային էր, այնքան իրական...
10. Ամենամեծ հիասթափությունն ապրում եմ այն ժամանակ, երբ հիասթափվում եմ ինքս ինձնից՝ ինչ-որ բան սխալ անելով կամ սխալ հասկանալով: Մտածում եմ, որ դիմացինս ինչ ասես կարող է անել, իսկ ես ինքս ինձ չպետք է թույլ տայի...
Նյութը՝ cosmo.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը