Բողոքի ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց
Հասարակություն
Այս պահին մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Բաղրամյան 26-ի դիմաց: Հավաքված բնակիչները պահանջում են, որպեսզի նախագահականից իրենց ընդունեն և լուծում տան իրենց խնդրին: Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն՝ բնակիչների խնդիրը հինգ տարվա վաղեմություն ունի: Հանրապետության 33-րդ թաղամասը կառավարության կողմից ճանաչվել է գերակա շահ և օտարվել, իսկ ապրողներին խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարան հատկացնել, սակայն հարցը մինչև հիմա լուծում չի ստացել: «Արդեն հինգերորդ տարին է, անցած տարի էլ էս նույն ժամանակ մենք նորից այս բողոքի ակցիան կազմակերպեցինք, Հանրապետական կուսակցության դեմ էլ հանդիպեցինք իրան տեսանք, Տարոնն էլ մեզ հանդիպեց, բայց ի՞նչ՝ ոչ մի հարց էլ չի լուծվում: Անգամ մեզ հետ պայմանագիր անցած տարի կնքեցին, երկարաձգեցին՝ արդեն տարին անցել է ու էլի ոչ մի հարց չի լուծվում, մենք էլի փողոցում ենք»,- մեզ հետ զրույցում ասել են բողոքի ակցիայի մասնակիցները: Վերջիններիս խոսքերով, շուրջ մեկ տարի է, հրաժարվում են վճարել նաև իրենց վարձավճարները: «Ախր, իրանք էին ասել՝ գնացեք վարձով ապրեք, մինչև հարցը լուծվի, բայց հմի վարձն էլ չեն տալիս, մեզ բոմժ են սարքել, տնից հանում են, ամեն ամիս էլ գնում ենք ասում ենք՝ ին՞չ կլինի մեր տան վարձերը տվեք»,- պատմեցին բնակիչները: «Ամբողջ օրը գոռում են՝ ես էսքան ձայն հավաքեցի, ես սա արեցի, բայց էս ժողովրդի հոգսերը ո՞վ է հոգալու»,- նշում են ակցիայի մասնակիցները:
Նախագահականի դիմաց հավաքված քաղաքացիները փորձեցին մոտենալ և դիմում հանձնել նախագահի աշխատակազմին, սակայն ոստիկանները արգելեցին: Ի պատասխան՝ բնակիչները գոռացին՝ ասելով. «Դե գնացեք Սերժին ասեք, թող Սաշիկից փողերը վերցնի՝ մեր տները տա»: Իսկ ոստիկանները հայտնեցին, որ իրենք Սաշիկ անունով մարդու չեն ճանաչում:
Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված քաղաքացիները նաև Սերժ Սարգսյանից պահանջում են թարգմանել ապահով բառը, քանի որ նրանց խոսքերով ոչ մի ապահով Հայաստան էլ չկա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը