Սիրել Հայաստանը նորից, կրկին և ընդմիշտ. Արման Խաչատուրյան
Հասարակություն
Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում սույն թվականի մարտի 21-ին կազմակերպվեց ռուսական զբոսաշրջային գործակալների և առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը և զբոսաշրջային արդյունքները: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
eMedia.am-ը ներկայացնում է ելույթի տեքստն ամբողջությամբ: Սկզբնական ռուսերեն տեքստը կարող եք կարդալ այստեղ: «Հարգելի գործընկերներ, սիրելի հյուրեր և ընկերներ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից թույլ տվեք բոլորիդ ողջունել և շնորհակալություն հայտնել ներկայության համար: Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիները քաջածանոթ են Հայաստանին, ուստի չարժե խոսել Հայաստանի մասին՝ որպես սկզբունքորեն նոր զբոսաշրջային ուղղություն: Չնայած դրան՝ երկրի ողջ ներուժի, նրա հազվագյուտ պատմամշակութային ժառանգության և առաջարկվող զբոսաշրջային արդյունքների բազմազանության որոշակի չբացահայտվածություն ամեն դեպքում նկատվում է. սա հատկապես վերաբերում է ռուս երիտասարդ սերնդին: Իսկ մենք իսկապես առաջարկելու բան ունենք: Դա հինգհազարամյա մշակույթը, պատմությունն ու ավանդույթներն են…, որտեղ հեթանոսական տաճարերը խաղաղորեն գոյակցում են քրիստոնեական եկեղեցիների հետ, և որտեղ ժամանակակից Երևանի կենտրոնից մինչև ուրարտական մայրաքաղաքի ավերակները մեկ քայլ են… դրանք զանազան լանդշաֆտային, բնակլիմայական պայմաններն են և հանքային ռեսուրսները, որոնք հնարավորություն են ընձեռնում արկածային, էքստրեմալ և էկոտուրիզմի զարգացման համար:
Անկեղծորեն հուսով եմ, որ մեր միասնական ջանքերով կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ և նախադրյալներ տվյալ ոլորտում արդյունավետ համագործակցության, և ըստ այդմ՝ մշակութային կապերի հարստացման և մարդկային շփումների ու «ժողովրդական դիվանագիտության» հնարավորությունների ծավալման համար, որոնք նոր լիցքեր կտան երկկողմ գործընկերության և մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համար: Հայ մեծն բանաստեղծ Պարույր Սևակն ասել է. «նորից չեն սիրում, սիրում են կրկին»: Համարձակվում եմ փոքր-ինչ վերաձևակերպել բանաստեղծի խոսքերը և առաջարկում եմ սիրել Հայաստանը նորից, կրկին և ընդմիշտ»:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի աջակցությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը