Պատգամավորն իր կնոջ հետ ծանոթացել է կանգառում
Հասարակություն
Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր կողակցի հետ ծանոթացել է ոչ ավել ոչ պակաս ավտոբուսի կանգառում և նույն օրն էլ ամուսնության առաջարկ արել: Պատգամավորը slaq.am-ի հետ զրույցում անկեղծորեն ներկայացրեց իր գեղեցիկ սիրո պատմությունը:
-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ և քանի՞ տարի առաջ:
-Գայանեին հանդիպել եմ կանգառում 1993 սեպտեմբերի 26-ին: Սիրահարվել եմ առաջին իսկ հայացքից ու դրանից հետո արդեն 19 տարի և 6 ամիս շարունակ սիրահարված եմ: Հուսամ, որ մենք միասին ադամանդե հարսանիքն էլ կնշենք:
-Ինչպե՞ս ամուսնության առաջարկ արեցիք:
-Հենց այդ նույն օրը ասացի, որ 2 տարի հետո ամուսնանալու ենք: Ինքը չհավատաց, ես ապացուցեցի:
- Արդյո՞ք մինչ ամուսնությունը գնացել եք խենթ քայլերի՝ հանուն Ձեր կնոջ սիրտը գրավելու համար:
-Անշուշտ, և վստահ եմ, որ առանց դրանց իրական սեր չի լինում:
- Ինչպիսի՞ն էր հարսանեկան խնջույքը և ո՞րն էր այդ օրվա ամենահիշարժան պահը:
-Ամուսնացել ենք 1995 թվականի փետրվարի 25-ին: Դվիժոկի, վառարանի, ֆուջիկայի, մարտկոցի, մագնիտաֆոնի, հարևանների սեղան-աթոռների տարիներ էին, բայց իմ ու Գայանեի համար այն ժամանակ ավելի երջանիկ օր դժվար էր պատկերացնել:
- Ո՞վ է Ձեր կինը մասնագիտությամբ և ինչո՞վ է զբաղվում այժմ:
-Գայանեն մասնագիտությամբ փիլիսոփա է. ավարտել է ԵՊՀ-ն: Ներկայումս անհատ ձեռներեց է:
- Արդյո՞ք Ձեր ընտանիքը նման է մյուս հայկական ավանդական ընտանիքներին:
-Աշխատում ենք ավանդականը պահելով՝ քայլել ժամանակին համընթաց: Ունենք 5 երեխա:
-Ո՞րն է երջանիկ ընտանիք ունենալու Ձեր բանաձևը:
-Սեր, հարգանք, փոխզիջում:
-Ունե՞ք ընտանեկան ավանդույթներ, որոնք բնորոշ են միայն Ձեր ընտանիքին:
-Դժար է ասել, թե դա միայն մեզ է բնորոշ, բայց պետք է ասեմ, որ խնջույքների սիրահար ենք: Առանց առիթի գրեթե ամեն շաբաթ-կիրակի հավաքույթներ ենք կազմակերպում՝ օրը տոնի վերածելով:
-Որքա՞ն ժանանակ եք անցկացնում ընտանիքում:
-Պետք է լինեմ ազնիվ ու ասեմ, որ ընտանիքում անցկացնում են ավելի քիչ ժամանակ, քան կցանկանայի: Ամեն դեպքում, երբ ընտանիքիս հետ եմ, աշխատում եմ այնպես անել, որ բացակայությունս լրացնեմ լիովին:
- Արդյո՞ք քաղաքական թեմաները Ձեր ընտանիքում քննարկվում են:
-Աշխատում ենք չանդրադառնալ, և ընտանիքում քննարկման թեմա չդարձնել: Հաշվի առնելով, որ մեծ ընտանիք ենք՝ իրականում ունենք շատ այլ ավելի կարևոր և հետաքրքիր հարցեր քննարկելու:
-Օգնու՞մ եք Ձեր կնոջը տնային հարցերում:
-Անշուշտ, երբ տանն եմ լինում:
-Ի՞նչ կմաղթեք հայ ընտանիքներին:
-Հայ ընտանիքներին կմաղթեմ սեր և շատ երեխաներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը