Միակ աղջիկը չես նրա կյանքում
Հասարակություն
Դու և նա. հեքիաթային սեր, հիանալի հարաբերություններ, իրար հասկանում եք կես խոսքից, բայց... ռոմանտիկան անցնում է և հասկանում ես, որ միակ աղջիկը չես նրա կյանքում: Նա ունի մայր, ով ատում է վարդագուն հագուստն ու «գժոտ է» արտահայտությունը, քույր, ով սկզբունքորեն լեզու չի գտնում եղբոր ընկերուհիների հետ, լավագույն ընկերուհի, ով, ըստ քեզ, չափից ավելի մտերիմ է նրա հետ և ի հավելումն նրանց՝ նախկին ընկերուհին...
Ինչևէ, քեզ անհրաժեշտ է բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրան շրջապատող կանանց ու աղջիկների հետ:
Նրա մայրը
Դե, գիտես՝ ծնողներին չեն ընտրում, ինչպիսին էլ լինի նրա մայրը, պետք է համակերպվես: Նրան չես կարող փոխել, նա արդեն կայացած անձնավորություն է՝ կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքներով: Այնպես որ, դիրքորոշման հարցում ընտրությունդ մեծ չէ. կարող ես համակերպվել և փորձել մտերմանալ նրա հետ կամ թշնամաբար տրամադրվել: Ամեն դեպքում՝ հարցին դիվանագիտորեն մոտենալը չի խանգարի: Բայց պարտադիր չէ քծնել կամ էլ փորձել նրա վստահությունը շահել. ո՛չ: Բավարար է միայն հարգալից վերաբերմունքը: Հանգիստ և սիրալիր աղջիկն ավելի լավ տպավորություն է թողնում, քան նա, ով անիմաստ հաճոյախոսություններ է անում, ինչը կարող է հունից հանել դիմացինին: Եղի՛ր անկեղծ և ստիպված չես լինի զուր ջանքեր գործադրել:
Նրա մայրիկի հետ հարաբերություններում լավ կլինի մտապահես՝ «խոսքն արծաթ է, իսկ լռությունը՝ ոսկի» իմաստուն խոսքը:
Պետք չէ. մի փորձիր ընկերոջդ բողոքել նրա մայրիկից՝ ինչպիսին էլ նա լինի, ինչ էլ քեզ ասած լինի: Հիշի՛ր, նրա մայրն է, իսկ նա շատ լավ է ճանաչում իր մորը և լավ գիտի նրա բոլոր թերությունները: Դու ոչ մի նոր բան չես ասի, փոխարենը՝ կվիճես ընկերոջդ հետ: Խուսափիր նրա մայրիկի հետ դիտավորյալ խնդիրներ ստեղծելուց, դա միայն ի վնաս քեզ կլինի:
Նրա քույրը
Քրոջ և եղբոր միջև հարաբերությունները տարբեր են լինում: Դա կախված է նրանց միջև եղած տարիքային տարբերությունից, թե ով է ավագը, ով՝ կրտսերը և, իհարկե, երեսառածության չափից: Նրա քույրը կարող է քեզ համար դառնալ և՛ լավ ընկերուհի, և՛ իսկական թշնամի: Եթե նրա և քրոջ հարաբերություններում հավասարություն է կամ էլ տարիքային մեծ տարբերություն կա, ամենայն հավանականությամբ նա ձեզ չի խանգարի: Եթե նրանք անվերջ վիճում են, ապա նա ձեզ հանգիստ չի թողնի: Իսկ եթե նրանց հարաբերությունները շատ ջերմ են... քույրը կարող է նաև խանդել:
Սկզբունքը նույն է. հարազատը մնում է հարազատ: Քրոջ հետ եղիր հարգալից և ընկերական: Ինչպիսին էլ նա լինի՝ նախանձ, թե բարի, նրա քույրն է: Պարտադիր չէ, որ լավագույն ընկերուհիներ լինեք, բայց եթե շահես նրա համակրանքը, կարող է քո «զինակիցը» դառնալ:
Պետք չէ. անկախ քո և նրա քրոջ միջև եղած հարաբերություններից՝ պետք չէ նրան մասնակից դարձնել քո և ընկերոջդ միջև եղած խնդիրներին: Ինչքան էլ մտերիմ լինեք, չես կարող վստահ լինել, որ եղբոր հետ ձեր հարցը քննարկելիս քույրը կպաշտպանի քեզ:
Նրա մանկության ընկերուհին
Նրա ամենամոտ ընկերուհին իրեն չափից ավելի անկաշկանդ է պահում: Իսկ ընկերոջդ ներկայությամբ նրա ազատությունը քեզ ուղղակի հունից հանում է: Երբեմն նրանք ինչ-որ պատմություններ են հիշում, որոնք լսելուց հոգնել ես, իսկ նրանց կատակներն էլ երբեմն չես հասկանում: Քեզ թվում է, թե նա ավելի շատ վստահում է հենց այդ ընկերուհուն, կիսվում նրա հետ և առավել անկեղծ ու լիաթոք է ծիծաղում նրա, այլ ոչ քո պատմածներից: Ինչ խոսք, ինձ ևս դա կնյարդայնացներ, այնպես որ վրդովմունքդ տեղին է, բայց պետք չէ ցայտնոտի մեջ ընկնել: Մի պահ մտածիր. իզուր չէ այդ աղջիկը քո ընկերոջ մտերիմը, հավանաբար նա հումորով, կենսուրախ ու պարզապես շատ լավ մարդ է և քեզ նույնպես կարող է հաճելի լինել նրա հետ շփվելը:
Պետք չէ. մի՛ խանդիր, եթե չես կարողանում հաղթահարել զգացմունքներդ, գոնե փորձիր դրանք թաքցնել: Հասկացի´ր, նրանք իրոք ընկերներ են, և եթե նրանց միջև ինչ-որ այլ զգացմունքներ լինեին, ապա նրանց հարաբերություններն այլ կերպ կդասավորվեին: Ի ցույց դնելով խանդդ՝ կհայտնվես հիմար իրավիճակում: Մի´ փորձիր նրանց «կռվացնել», անգամ եթե քեզ դա հաջողվի, միևնույն է, նրանք նորից կհաշտվեն: Հավատա, դա նրանց համար ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինը: Իսկ դու ընկերոջդ աչքում վրեժխնդիր ու նախանձ մարդ կերևաս:
Վստահիր, բայց չափի մեջ. եթե նրա ընկերուհին լավ ընկեր է նաև քեզ համար, միևնույն է, պետք չէ ամեն հարցում նրան վստահել և մինչև վերջ նրա հետ անկեղծանալ:
Ասենք, եթե ուզում ես ճշտել որտեղ է եղել ընկերդ նախորդ գիշեր, այդ մասին նրա մտերիմ ընկերուհուն մի հարցրու, ինչ էլ լինի, ամենայն հավանականությամբ նա չի մատնի ընկերոջը, իսկ «դետեկտիվ» լինելու փորձիդ մասին ընկերդ հաստատ կիմանա:
Հիշի´ր, տղաները չեն սիրում, երբ իրենց փորձում են վերահսկել: Իսկ որքան քիչ ես նրանց երեկվա օրով հետաքրքրվում, այնքան ավելի նրանք քեզ մոտ են ձգտում:
Նրա նախկին ընկերուհին
Նախկինը՝ նախկին, բայց փաստ է՝ այդ աղջիկը ժամանակին ընկերոջդ սրտի տիրուհին է եղել: Չես կարողանում չմտածել նրա մասին, իսկ հանդիպելիս չափից ավելի ես անհանգստանում, քանի որ մտավախություն ունես, թե քո միակը կարող է նրա մոտ վերադառնալ
Շատ կարևոր է իմանալ նրանց բաժանման պատճառը. եթե ընկերդ թողել է նրան, քանի որ քեզ է սիրահարվել, կամ էլ դու ես խորամանկորեն «ճանկել» նրան, կարող ես վստահ լինել, որ այդ աղջկա կողմից ջերմ հայացքի չես արժանանա: Իսկ եթե նրանք փոխադարձ համաձայնությամբ են բաժանվել և հանգիստ շփվում են միմյանց հետ, չի բացառվում, որ նա նորմալ կվերաբերվի նաև քեզ: Փոքր-ինչ այլ է պատկերը, եթե աղջիկն առաջինն է նրան լքել, իսկ «նախկինի» անունը լսելիս կամ հանդիպման ժամանակ տղան անհանգիստ վարք է դրսևորում, ուրեմն՝ իրավիճակն իրոք վտանգավոր է քեզ համար. այլ կերպ ասած՝ ականապատ դաշտում ես հայտնվել:
Արդյունքում՝ նրա նախկին ընկերուհու հետ հարաբերություններում դժվարություններն անխուսափելի են, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես ճանաչում ընկերոջդ և վստահ նրա զգացմունքների վրա: Ամեն դեպքում, նախկին ընկերուհու հետ եղիր ավելի զուսպ, սադրանքների մի ենթարկվիր, եթե անգամ զգաս, որ «նախկինը» փորձում է հոգուդ հետ խաղալ:
Պետք չէ. մի՛ վախեցիր նրանից: Ինչպիսին էլ լինեն նրա հարաբերությունները ընկերոջդ հետ, փորձիր ցույց չտալ մտավախություններդ:
Հիշի՛ր մի պարզ բան, տղան այժմ քեզ հետ է, և նրա կյանքն իմաստ չուներ նախքան քեզ, իսկ եթե անգամ ուներ... ապա բոլորովին այլ գույների մեջ. չէ՞ որ մինչ այդ նա քեզ չէր ճանաչում:
«Ես GIRL» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը