«Ազգ». Ցրտահարության վնասի չափի մասին դեռևս հնարավոր չէ խոսել
Հայկական Մամուլ
Արարատյան դաշտում ջերմաստիճանի կտրուկ անկում է արձանագրվել, ինչի մասին օդերեւութաբանները նախապես զգուշացրել էին: Այդուհանդերձ, Արարատյան դաշտի տարբեր բնակավայրերից մեր ստացած տեղեկությունների համաձայն, որոշակի ցրտահարումներից խուսափել չի հաջողվել: Ըստ տարբեր գնահատականների, երեկվա դրությամբ հնարավոր է, որ ցրտահարությունից վնասված լինի ծիրանի բերքի 10-20 տոկոսը: Մյուս մշակաբույսերին վտանգ չի սպառնում, քանի որ ծաղկել են միայն ծիրանենիները: Ամեն դեպքում, սա շատ մոտավոր գնահատական է, հատկապես եթե նկատի ունենանք, որ ցրտահարման վտանգը առկա է եղել նաեւ այս գիշեր: Գյուղնախարարության պատասխանատուները երեկ հնարավոր չէին համարում ասել, թե բերքն ինչ չափով է վնասվել:
Գյուղատնտեսության նախարարությունը երեկ նաեւ հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով հնարավոր վտանգը, գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները' նախարար Սերգո Կարապետյանի եւ փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի եւ Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների ու այգետերերի հետ: Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Նշվում է, որ ողջ գիշեր դա արվել է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը