Տիգրան Ասատրյան. «Շուտով կլինեմ հայրենիքում»
Հասարակություն
Տիգրան Ասատրյանն արդեն 13 տարի է, ինչ իր ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում և իր ստեղծագործական գործունեությունը սկսել ու շարունակում է այնտեղ: Նա մշտապես իր իր հանդիսատեսին ներկայանում է նոր երգերով ու տեսահոլովակներով: Եվ ահա բոլորովին վերջերս Տիգրանը նկարահանեց միանգամից երկու նոր տեսահոլովակ և հենց այդ առիթով էլ ArmStar.am-ը կապ հաստատեց և զրուցեց երգչի հետ:
- Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք երգել:
- Երգն իմ կյանքի անբաժան մասնիկն է եղել, ես ծնված օրվանից, երբ աչքերս բացել եմ, ականջներս ընկալել են ձայները՝ երգ եմ լսել, քանի որ մեր ընտանիքում երգ ու երաժշտություն է միշտ եղել: Նախ, Մշից ու Ալաշկերտից եկած տատիկիս ու պապիկիս շուրթերից էր հնչում հայ երգը, իսկ հետո հայրիկիս՝ Արամ Ասատրյանի: Երգել եմ դեռ վաղ տարիքից, բայց իմ առաջին բեմելը եղել է 2003 թվականին՝ հայրիկիս ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին, ինչը մեծ անակնկալ եղավ նրա համար:
-Երգելու տաղանդը Ձեզ ի վերուստ է տրված, թե այնուամենայնիվ ունե՞ք երաժշտական կրթություն:
Ես դպրոցում սովորելու տարիների հետ մեկտեղ սովորել եմ Էջմիածնի «Կենցաղի տան» երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, տարիների ընթացքում նաև տարբեր մասնագետների մոտ վոկալի դասեր եմ առել ու այսօր էլ եմ հաճախում վոկալի դասընթացների: Բայց, այո, երգելու տաղանդն ինձ ի վերուստ է տրված, այն ինձ ժառանգաբար է փոխանցվել և ես մեծ սրբությամբ եմ կրում ու բարձր պահում Ասատրյան ազգանունը: Երգում եմ այն երգերը, որն ինքը կերգեր այսօր, իր կենդանության օրոք:
-Արդեն 10 տարի է, ինչ մեծ բեմում եք, ի՞նչ ճանապարհ եք անցել ու ի՞նչ հաջողություններ ունեք:
Այո ես 10 տարի է երգում եմ, մինչ օրս թողարկել եմ 4 ձայնասկավառակ, առաջինը թողարկեցի 2003 թվականին, որն «Ինչքան մնամ կարոտ» ձայնասկավառակն էր, այնուհետև «Սիրո հետքերով», «Ուզում եմ սիրես» և բոլորովին վերջերս թողարկեցի «Time» խորագրով իմ նոր ձայնասկավառակը: Ունեմ արդեն նկարահանած 13 տեսահոլովակ, որոնք նկարահանվել են Ամերիկայի գեղատեսիլ վայրերում ու հոլիվուդյան երաժշատական տաղավարներում:
-Որ երգը Ձեզ բերեց հաջողություն և դարձավ Ձեր այցեքարտը:
- «Հայի սիրուն աչքեր» երգն էր, երբ ես այն կատարեցի 2009 թվականին: Այն ինձ միանգամից բերեց մեծ ճանաչում ու հաջողություն և դարձավ իմ այցեքարտը:
- Այսօր ինչո՞վ եք զբաղված և ի՞նչ նորություններ ունեք Հայաստանում բնակվող Ձեր երկրպագուների համար:
Այսօր զբաղված եմ իմ նոր երգերի ձայնագրություններով, քանի որ պատրաստվում եմ թողարկել ևս մեկ ձայնասկավառակ, պատրաստ են նաև իմ երկու նոր տեսահոլովակները: Առաջինը նկարահանվել է «Հարսանիք» երգի հիման վրա, որում պահպանված են մեր հայկական հարսանեկան բոլոր ավանդույթները, իսկ երկրորդը՝ «Ես սիրում եմ քեզ» երգի հիման վրա է, որի նկարահանումներն արվել են Խաղաղ օվկիանոսի ափին: Երգի խոսքի հեղինակը ես եմ, իսկ երաժշտությունը գրել է երգահան Լևոն Աբրահամյանը, ով նաև հանդիսանում է իմ պրոդյուսերը, ինչպես նաև իմ երգերի մեծ մասի հեղինակը:
- Իսկ մենահամերգ արդեն ունեցել ե՞ք:
Ոչ, դեռ չեմ ունեցել մենահամերգ, բայց բազմիցս իմ երգը ներկայացրել եմ տարբեր համերգներում: Ես մենահամերգ չեմ կազմակերպում, քանի որ ունեմ մի երազանք, որ իմ առաջին մենահամերգը լինի հայրենիքում, իմ հայ հանդիսատեսի համար: Ասեմ ավելին, որ դա Աստծո կամքով շուտով կլինի:
-Գիտեմ նաև, որ Ձեր որդին էլ ունի հրաշալի ձայնային տվյալներ և երգում է: Կտեսնենք նրան մեծ բերմում:
Այո, տղաս ով կրում է իր պապիկի անունը՝ Արամ, ունի հրաշալի ձայնային տվյալներ ու երգում է, սակայն այս պահին նրա տարիքային անցման շրջանն է և չի կարելի երգել, բայց նա հաճախում է վոկալի դասընթացների և, երբ կարելի լինի երգել այնպայման կտեսնեք ու կլսեք նրա երգը նույնպես:
- Ե՞րբ կլինեք հայրենիքում:
- Ամերիկայի կառավարությունը շուտով կհաստատի փաստաթղթերիս հարցը ու ես կգամ Հայաստան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը