Հայաստանում ապագա չկա՞
Հասարակություն
Հոգատար ընտանիքի կողքին ապրել, ուսում ստանալ, աշխատանք ունենալ և իրականացնել երազանքները: Էլ ի՞նչն է պակաս անհոգ երիտասարություն ունենալու համար: Ահա այս ամենը ցանկանում է ունենալ գրեթե յուրաքանչյուր հայ երիտասարդ: Սակայն վերջերս հաճախ կարելի է լսել «Հայաստանում ապագա չկա» արտահայտությունը: Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին հենց իրենք՝ երիտասարդները:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Հռիփսիմե Գալստյանն ասաց հետևյալը.
- Մեզ միշտ թվում է, որ լավ է այնտեղ, ուր մենք չկանք: Իրականում ամեն տեղ նույնն է: Ես հակված չեմ կարծելու, որ ճիշտ է «Որտեղ հաց, այտեղ կաց» ժողովրդական խոսքը, որովհետև ոչ մի տեղ երկնքից մանանա չի թափվում: Ամեն ինչի կարելի է հասնել անգամ աֆրիկյան հետամնաց որևէ երկրում, եթե մարդն ունի ձգտում և աշխատասիրություն: Ի՞նչ ասել է՝ «Հայաստանում ապագա չկա»: Ի՞նչ ապագա ենք երազում, որ չենք կարողանալու այտեղ կերտել: Բարձրագույն որակյալ կրթությո՞ւն։ Մեր ԵՊՀ-ն ինչո՞վ է պակաս, ասենք, МГУ-ից: Պետք է ընդամենը լավ ուսանող լինել: Լավ վարձատրությամբ աշխատա՞նք. մեզ միայն թվում է, թե արտասահմանում բարձր վարձատրություն կա, և մարդիկ լողում են փողերի մեջ, ընդամենը նրանք էլ ստանում են այնքան, որ կարողանում են հոգալ սեփական կարիքները: Ամեն բան մարդու ձեռքում է։ Եթե մենք ցանկանում ենք բարեկեցիկ կյանք, ապա պետք չէ դրա համար հասնել Ամերիկաներ: Չէ´: Պետք է մնալ այստեղ ու սեփական երկրում կերտել լավ և արժանավոր ապագա:
Հոգեբան Արմինե Գրիգորյանի խոսքերով՝ սկզբնական շրջանում, երբ մարդիկ լքում են իրենց հայրենիքը, թվում է՝ ամեն ինչ հրաշալի է, իսկ հետո նրանք հասկանում են, որ օտարության մեջ ինքնահաստատվելու համար բավական մեծ ջանքեր են հարկավոր:
-Հայաստանում կա արմատացած կարծիք, որ այստեղ, հատկապես՝ երիտասարդների համար, ապագա չկա: Ես կարծում եմ, որ դրսում ևս մեր երիտասարդներին փայլուն ապագա չի սպասվում:
Այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքն է արտահայտել նաև նախկին ուսանող, այժմ՝ գործազուրկ Գոռ Մնացականյանը.
-Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, թե իբր Հայաստանում ապագա չկա: Կա, ուղղակի մարդն ինքը պետք է ապագան այստեղ տեսնելու ցանկություն ունենա: Համաձայն եմ, որ հնարավորություններ այստեղ քիչ են ընձեռվում, համաձայն եմ, որ մեզ մոտ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, բայց շատ բան հենց մարդուց է գալիս: Եղի՛ր լավ մասնագետ, կայացի՛ր և հաստատ պահանջարկ կունենաս ու ապագադ էլ կկառուցես Հայաստանում՝ քո՛ երկրում, քո՛ հարազատների ու ընկերների կողքին: Ես իմ ապագան միայն այստեղ եմ տեսնում:
Ինչպես տեսնում ենք, երիտասարդները գրեթե համակարծիք են, և մնում է պարզել, թե ով է հորինել «մեր երկրում ապագա չկա» արտահայտությունը:
Լիլիթ Սեդրակյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը