1700 դոլար՝ «Օդնոկլասնիկի»-ով կնոջը «չխայտառակելու» դիմաց
Հասարակություն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ այսօր ավարտվեց Մարիամ Հայրապետյանի և Արմեն Հարությունյանի գործի դատավարությունը:
20-ամյա Մարիամն ու «Չերեպ» մականունով 38-ամյա Արմենը իրենց ջանքերը միավորել էին համացանցի միջոցով շորթում կատարելու համար: Այս մասին գրում է 1in.am-ը:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի օգոստոսի երկրորդ կեսին Հայրապետյանն ու Հարությունյանը, նախնական համաձայնության գալով, «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում անձնական նամակագրության միջոցով քաղաքացուհի Վ.-ին սպառնացել էին նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածել կայքում ու բարեկամների շրջանում, եթե կինը 2 հազար դոլար չտա:
Օգոստոսի 24-ին կինը դիմել էր ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Շորթողների հետ հետագա նամակագրությունը նա վարել էր ոստիկանների հսկողությամբ:
Կինը բանակցել էր, ի վերջո տեղեկացրել վիրտուալ հանցագործներին, թե կարողացել է միայն 1700 դոլարը ճարել: Շորթողները զիջել էին ու համաձայնել այդ գումարը ստանալուց հետո կնոջը հանգիստ թողնել: Միայն թե գումարը պետք է փոխանցվեր մեծ զգուշավորությամբ ու առանց ավելորդ վկաների:
Համանման ֆիլմերից «դասեր քաղած» շորթողները պահանջել էին, որ 1700 դոլարը տեղադրվի ծխախոտի տուփի մեջ, տուփը դրվի Երևանի Իսակով-Բաբաջանյան հատույթի կամրջի հատվածում՝ իրենց մատնանշած տեղում:
Տուժողի առաջ խստիվ պայման էին դրել՝ ոստիկաններին չհայտնել, գումարի տեղադրումը կատարել մենակ, այլապես սպառնացել էին շատ վատ հետևանքներով:
Ավելորդ է ասել, որ ծխախոտատուփի մեջ դրվեցին ոստիկանների կողմից քիմիական մշակման ենթարկված 17 հատ 100 դոլարանոցներ:
Գումարի փոխանցման գործողությունը կատարվեց 2012 թվականի սեպտեմբերի 3-ին:
Տուժողը փողով լի ծխախոտատուփը տեղադրեց կամրջի այն հատվածում, որն ընտրել էին շորթողները:
Առերևույթ ոչ մի կասկածելի բան չկար: Սակայն կամուրջն ու ամբողջ շրջակա տարածքը ոստիկանների հսկողության տակ էին: Դարանակալ սպասում էին ոստիկանները, անցուդարձը նկարահանում էին տեսախցիկները:
Այս գործողության արդյունքում, գումարը վերցնելուց ու իրենց «Մերսեդես» մեքենային մոտենալուց հետո էլ բռնվեցին քսանամյա աղջիկն ու ամուսնացած, երկու երեխայի հայր, ՌԴ երեսունութամյա քաղաքացի «Չերեպը»:
Քիմիական մշակման ենթարկված 1700 դոլարն ու ծխախոտատուփը այս գործում դարձան իրեղեն ապացույցներ:
Սեպտեմբերի 6-ին Մարիամ Հայրապետյանին ու Արմեն Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր Հայրապետյանին ու Հարությունյանին մեղավոր ճանաչեց շորթում կատարելու համար և դատապարտեց 3-ական տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը