Գայա Արզումանյան. «Ես արդեն հաղթել եմ «Հայաստանի ձայնը» նախագծում»
Հասարակություն
Գայանե Արզումանյանը՝ նույն ինքը՝ Գայան, «Հայաստանի ձայնը» նախագծի ֆինալիստներից է, ով արդեն երկրպագուների մեծ բանակ ունի:
Երգչուհին 2005-2008 թ-ին երգել է «Արցախի ձայն»-ը նախագծում, իսկ մինչև 2005 թվականը սովորել է երաժշտական ուսումնարանի դասական ու ջազ-էստրադային բաժիններում և շուրջ ութ տարի դասավանդում է նույն բաժնում: Երգչուհին ծնունդով Ղարաբաղից է: Նա խոստովանեց, որ մինչ մրցույթին մասնակցելը երգել է թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի տարբեր ակումբներում, ռեստորաններում և այդ ընթացքում իրեն չի համարել մրցույթային երգչուհի: «Մրցույթին մասնակցելու հայտն առանց ինձ զգուշացնելու ներկայացրել են մայրս ու ընկերս և հետո անակնկալի կարգով դրա մասին հայտնել ինձ: Ես այստեղ մորս շնորհիվ եմ»:
Երգչուհի Գայանե Արզումանյանը «Հայաստանի ձայնը» մրցույթի մյուս բոլոր մասնակիցներից տարիքով բավական մեծ է, ինչն ըստ նրա խոչընդոտ չի հանդիսանում: «Ես կարծում եմ, որ տարիքը երգելու հետ բոլորովին կապ չունի: Երբ ես տասնյոթ տարեկանում երգեցի, բոլորը բերանները բաց լացեցին»:
Թե՛ մրցույթի ընթացքում, թե՛ առհասարակ, Գայան հաճախակի է շեշտում է իր արցախցի լինելու մասին: ArmStar.am- ի այն հարցին, թե արդյոք ղարաբաղցի լինելը ստատու՞ս է Գայայի համար, երգչուհին պատասխանեց. «Ղարաբաղը մի հող է, որտեղ ես ծնվել եմ, ամեն ինչ է ինձ համար, ղարաբաղցի լինելն ինձ համար առանձնահատկություն չէ, նշելով իմ ծագումը' ես հիշատակում եմ իմ բնօրրանը, քանի որ հոգով, սրտով ղարաբաղցի եմ»:
Երգչուհին ավելացրեց, որ եթե հայաստանաբնակ մասնակիցները չեն հիշատակում Հայաստանի մասին, չի նշանակում թե իրենք չեն սիրում իրենց հայրենիքը, կամ չեն սիրում իրենց բնօրրանը, ընդհակառակը՝ «Երբ ես ասում եմ «Արցախի ձայն», դա ինձ համար նույնն է, ինչ «Հայաստանի ձայն», եթե լինեի գորիսեցի, լոռեցի դրա մասին ևս կհիշատակեի»: Իհարկե, կարծում եմ մի փոքր օտար կհնչեր «Լոռվա ձայն», «Գորիսի ձայն» արտահայտությունները»:
Երգչուհին նախագծի ընթացքում կարգախոս դարձած մի արտահայտություն ունի՝ «Մինա ես եմ հաղթելու»..., այս առիթով երգչուհին մեկնաբանեց, որ իր համար լավագույն հաղթանակն Արտո Թունջբոյաջյանի հետ աշխատանքն է: «Ես որոշել էի, որ եթե Արտոն չշրջվի, ես չեմ մասնակցելու նախագծին: Ինձ համար ամենալավ ձեռքբերումն այս մրցույթի ընթացքում Արտոյի հետ շփումն է, նրա խորհուրդները: Նա ինձ համար ոչ միայն անկրկնելի մարզիչ է, այլև մեծատառով մարդ, մեծ ընկեր, մեծ մարդ: Այսպիսով, իմ կարգախոս դարձած արտահայտությունն իրականություն է. ես իսկապես հաղթել եմ, քանի որ շատ բան եմ ձեռք բերել այս նախագծի ընթացքում ու վստահ եմ, որ այստեղից հաղթանակած եմ դուրս գալու»:
Գայայի հետ զրույցում մենք պարզեցինք նաև, որ «Գայա» բեմական անունն ի սկզբանե երգչուհուն տվել է «Արցախի ձայնը» նախագծից Եվա Քոչարյանը՝ «Հայա» տարբերակով, իսկ Գայանեն այդ անունը դարձրել է Գայա:
Ըստ Գայայի, երգչուհու կարիերա ստեղծելն իր համար երկրորդական է այն իմաստով, որ նա արդեն ամեն ինչ ունի: «Երգի շնորհիվ ես ունեմ ամեն ինչ, ինձ համար երգը մի այլ աշխարհ է: Շատ կարևոր է, որ այն, ինչ անում եմ, սիրով անեմ, իսկ երգել ես սիրում եմ»:
Երգչուհին նշեց նաև, որ հայտնի դառնալուց հետո իր կյանքում էական ոչինչ չի փոխվել: «Ես իմ շատերից տարբերվող արտաքինի ու ոճի շնորհիվ միշտ էլ եղել եմ մարդկանց ու հատկապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում»:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը