«Կասկադն» այլևս գոյություն չունի
Հասարակություն
«Կասկադ» խումբը, որ ժամանակին (2000-2004թթ.) լավագույն խումբ դառնալու լուրջ հայտ ներկայացրեց, ցավոք, արդեն գոյություն չունի: Խմբի նախկին անդամները՝ Օհաննա Մթղյանը, Արման Աղաջանյանը և Արմեն Պապիկյանն այսօր զբաղվում են իրենց անհատական կարիերայով:
Խմբի նախկին անդամ, ամերիկաբնակ Արմենի հետ զրուցեց Արմինե Շահինյանը. զրույցը կայացավ երգչի վերջին՝ Searching տեսահոլովակի նկարահանումից հետո (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան):
- Ինչպե՞ս հայտնվեցիր ԱՄՆ-ում և ինչո՞վ էիր զբաղվում մինչ այդ:
- 1993-1997թթ. աշխատում էի Երգի պետական թատրոնում և ինչպես մյուս երգիչները՝հյուրախաղերի էի մեկնում Հայաստանի մարզեր և արտասահման: Իսկ «վերջին կետը» եղավ ԱՄՆ-ը. 1998-ին մնացի այստեղ: Ամերիկյան երաժշտական շուկան ինձ միանգամից գրավեց: Հատկապես Նյու Յորքում ապրելն ու ստեղծագործելը ցանկացած երաժշտի համար մեծ դպրոց է ու, թերևս, դա էր պատճառը, որ եկա ու մնացի:
- Որտե՞ղ ես ծնվել և ի՞նչ կրթություն ես ստացել:
- Ծնվել եմ Երևանում, մանկությունս անցել է Երրորդ մասում: Ավարտել եմ Կիրովի անվ. դպրոցը, որից հետո ընդունվել եմ Ջազային արվեստի պետական քոլեջ:
- Ի՞նչն է խանգարում Հայաստան վերադառնալուդ և եթե վերադառնաս, ինչո՞վ կզբաղվես:
- Հայաստան դեռ չեմ կարող գալ, որովհետև աշխատում եմ շատ լարված գրաֆիկով: Առավոտից երեկո ձայնագրման ստուդիայում եմ փակված: Նախ՝ գալուս մեծագույն նպատակը կլինի հարազատներիս տեսնելը, իսկ երկրորդ՝ մի լավ հանգստանալը:
- Ո՞ւմ հետ ես ապրում ԱՄՆ-ում, ընկերուհի ունե՞ս, թե՞ ոչ:
- Հիմա մենակ եմ ապրում: Ունեմ ընկերուհի, որ հայազգի չէ, սակայն ամուսնանալու նպատակ դեռևս չունենք: Շատ զբաղված եմ իմ երաժշտական նախագծերով, ինչի պատճառով էլ անձնականի համար ժամանակ չի մնում:
- Ճի՞շտ է, որ ձեր խմբի աղջիկը՝ Օհաննան, տարիներ շարունակ աշխատել է Արամ Ասատրյանի հետ:
- Օհաննային կարող եք հիշել «Մեր բակը-1» ֆիլմից, որտեղ Արամ Ասատրյանի հետ երգում էր «Հայ ես դու» երգը: Այո, նա երկար ժամանակ աշխատել է Արամի հետ: Այժմ մենք բոլորս անհատական կարիերայով ենք զբաղվում:
- Ինչո՞ւ չես մասնակցում հայկական երաժշտական մրցանակաբաշխություններին:
- Վերջին մրցույթը, որին մասնակցել եմ, 1997-ին ԵՊԹ-ի «Այո» երգի փառատոնն էր, որտեղ ճանաչվեցի «Տարվա լավագույն երգիչ»: 2007-ին չէի կարող մասնակցել ոչ մի մրցանակաբաշխության, քանի որ տեսահոլովակ էի նկարահանում: Այ, մյուս տարի գուցե մտածեմ այդ մասին:
- Ի՞նչն է քեզ ուրախացնում կամ տխրեցնում հայկական շոու-բիզնեսում:
- Լսել եմ «Հայ տղեք» խմբին, կարծում եմ, շատ հետաքրքիր փոփոխություն է հայկական շոու-բիզնեսում: Նաև բարձր եմ գնահատում Սիրուշոյի արվեստը: Առավել հասուն սերնդից անուններ չեմ նշի, քանի որ պրոֆեսիոնալները շատ-շատ են: Հայկական շոու-բիզնեսում շատերի հետ եմ մտերիմ: Վերջին շրջանում մեր երգիչները հաճախակի են այցելում ԱՄՆ, ինչը շատ ուրախալի է: Բնականաբար, հանդիպում եմ նրանց հետ և հնարավորինս աշխատում ամեն ինչից տեղեկացված լինել:
- Հայկական ո՞ր ամսագրերն ես ընթերցում, և ո՞ր հեռուստածրագրերն ես դիտում:
- Շատ ուրախ եմ, որ ի տարբերություն նախկինի՝ հայտնվել են բազմաթիվ գունեղ և որակյալ ամսագրեր: «ԵՍ» ամսագրից շատ համարներ ունեմ: Նաև ծանոթ եմ «Chocolate» «Elle» և «Prestige» ամսագրերին: Ցավոք, հայկական հեռուստաեթերին առանձնապես ծանոթ չեմ, որովհետև հայկական ալիքներ չունեմ: Դրա բացը փորձում եմ լրացնել ինտերնետի միջոցով: Եթե հայկական որևէ «թարմ» տեսահոլովակ է տեղադրվում youtube կայքում, անպայման դիտում եմ:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը