Սենսացիայի եռակի չափաբաժին
Հասարակություն
Երեք աննախադեպ իրադարձություն՝ հայկական շոու-բիզնեսում: Հավանաբար, շապիկի լուսանկարներից ու երկարատև «շոկից» մի կերպ դուրս գալուց հետո գլխի ընկար, որ Շպռօտը ճաղատացել է, Հասմիկ Կարապետյանն ու Դիմա Բիլանը բալիկի են սպասում, իսկ քո սիրելի Արամեն էլ ամուսնացել է: Վերջին շրջանում ամենասպասված ու սիրածդ ամսագիրը կարողացավ կնքել երեք շատ կարևոր ու սենսացիոն պայմանագիր: Անսպասելի իրադարձություններին անդրադառնալու բացառիկ իրավունքը պատկանում է միայն «Ես»-ին, իսկ դրանց մասին առաջինը տեղեկանալու հնարավորությունը՝ միայն «Ես»-ի հավատարիմ ընթերցողին:
Հասմիկի բալիկի հայրը Բիլանն է
2006-ի դեկտեմբերին Հասմիկի՝ ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ ընկերներից մեկը՝ Ավագ Եղիազարյանը, ով աշխատում է BMG համաշխարհային ձայնագրման ստուդիայում, երգչուհուն հրավիրում է որպես բեք-վոկալ ձայնագրվել հայտնի խմբերից մեկի՝ One republic-ի ձայնասկավառակի համար: Հասմիկը, բնականաբար, միանգամից ընդունում է առաջարկն ու ճանապարհ ընկնում: Այնտեղ՝ ԱՄՆ-ում, հայ երգչուհին ծանոթանում է նաև խմբի նոր ձայնասկավառակի պրոդյուսեր Timbaland-ի հետ: Իսկ, ահա, հերթական հավաքույթներից մեկի ժամանակ հայտնի «գանգստեր» երաժշտական պրոդյուսերը Հասմիկին ծանոթացնում է Դիմա Բիլանի հետ (այդ ժամանակ Բիլանն ԱՄՆ էր մեկնել հատուկ Timbaland-ի հետ համագործակցելու): Այստեղից էլ սկիզբ է առնում իրական սիրո ռոմանտիկ պատմությունը: Առաջին հայացքից Բիլանը միանգամից համակրում է հայ երգչուհուն: Խոսակցության ընդհանուր թեմա գտնելու համար Դիման որոշում է հարցուփորձ անել իրեն ծանոթ հայ երգչուհի Էմմիի մասին: Երկար զրույցից հետո սրտակերը առաջարկում է Հասմիկին ուղեկցել մինչև հյուրանոց: Հասնելով հյուրանոց՝ Դիման ճակատը «պնդեցնում» ու առաջարկում է մի բաժակ հայկական կոնյակ խմել առաջին հարկի բարում: Հասմիկն էլ համաձայնվում է: Բնականաբար, նա չէր կարող հրաժարվել ռուս հայտնի, միաժամանակ բավական հաջողակ գործընկերոջ ընկերակցությունից: Այս հաճելի շփումը կամաց-կամաց վերածվում է ռոմանտիկ ընթրիքի:
Սկզբնական բուռն շփումից մի քանի օր հետո Դիման Հասմիկին առաջարկում է տեղափոխվել իր բնակարան: ԱՄՆ-ում սիրահար զույգը մեկ ամիս ու մի քանի օր ապրում է միասին, իսկ հետո՝ աշխատանքային խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ժամանակավոր բաժանվում են ու անցնում իրենց գործերին: Տարածությունն ու ֆիզիկական բաժանումն ավելի են նպաստում մինչև ականջների ծայրը սիրահարված Բիլանին բաց չթողնելու իսկական սիրո գուցե ճակատագրական հնարավորությունը: Բաժանումից ընդամենը մի քանի շաբաթ անց Դիման Հասմիկին առաջարկում է գալ Հայաստան և օրինականացնել իրենց հարաբերությունները:
Արդեն Հայաստանում Հասմիկը հայտնաբերում է, որ բալիկի է սպասում, սակայն սրտի տրոփյունով անհանգստանում է. իսկ եթե Դիմային դա դուր չգա: Ամեն դեպքում թաքցնել չէր կարող. այս ուրախ լուրը հեռախոսով լսելուց հետո Բիլանն ընդհատում է իր համերգային շրջագայությունն Ուկրաինայում ու միանգամից սլանում Հայաստան՝ շնորհակալություն հայտնելու իր սիրուն: Սակայն հասկանալի պատճառներով ստիպված է լինում հաջորդ գիշեր կրկին մեկնել Օդեսա:
Մեր սիրելի Հասմիկի ու նույնքան սիրելի Դիմայի բալիկը լույս աշխարհ կգա հավանաբար հուլիսին: Երեխայի սեռը Դիման չի ցանկացել պարզել: Նա էլ հո հայ չի՞, որ իր համար երեխայի սեռը կարևոր լինի: Իսկ Հասմիկը ներքին զգացում ունի ու վստահ է, որ աղջիկ է ծնվելու: Երգչուհին մինչև վերջերս աշխատում էր ամեն կերպ թաքցնել լուրը, մանավանդ՝ երեխայի հոր անունը: Սակայն արդեն օրեցօր մեծացող փորիկն այլևս հնարավոր չէ թաքցնել և ոչ մի տեսակի ու չափսի հագուստի մեջ:
Երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց Հասմիկը ստիպված կլինի տեղափոխվել Պետերբուրգ՝ Դիմայի բնակարան: Իսկ մինչ այդ Դիման հանգիստ չի տալիս Հասմիկին. օրը մի քանի անգամ զանգահարում է նրան: Նույնիսկ մեր ամսագրին հյուրընկալելու ընթացքում նա անընդհատ զանգահարում էր ու ընդհատում մեր զրույցը: Այդ ընթացքում նաև հաղորդագրություններ էր ուղարկում այն մասին, որ արդեն որոշել է իրենց բալիկի անունը, նոր հագուստներ է գնել նրա համար (ի դեպ, լուսանկարում պատկերված հագուստը նույնպես Դիմայի նվերն է): Այն հայտնի ֆիրմաներից մեկի արտադրանքն է. ավելորդ գովազդից խուսափելու համար չենք նշում ապրանքանիշը):
Արամեն ամուսնացել է իր երկրպագուհու հետ
«Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» օրը Արամեն իր վարսահարդար ընկերներից մեկի՝ Անի Ավդալյանի գեղեցկության սրահում ծանոթանում է Ազնիվ անունով մի աղջկա հետ: Երբ Արամեն գալիս է մազերը հարդարելու, ստիպված է լինում մոտ 10-15 րոպե սպասել: Ազնիվն էլ, որ Անիի մշտական հաճախորդներից է, Արամեին սուրճ է առաջարկում: Եվ քանի որ դեռևս ոչ տարվա լավագույն երգիչը հավանել էր Ազնիվին, չի մերժում:
Վարսահարդարման ընթացքում Ազնիվը ոչ մի վայրկյան այն կողմ չի գնում երգչի կողքից ու անընդհատ շփվում է նրա հետ: Արամեն էլ իր հավանած աղջկան որոշում է երեկոյան հրավիրել մրցանակաբաշխությանը: Ազնիվը միանգամից տուն է շտապում, զանգահարում ընկերուհուն ու խնդրում նրա երեկոյան շքեղ զգեստը:
Երեկոյան ժամը 18-ին Արամեի երկրպագուն արդեն տեղում էր: Երեկոյի ավարտին, երբ Արամեն ճանաչվում է «Տարվա լավագույն երգիչ», Ազնիվին հրավիրում է միասին իր ընկերների՝ Սյոմայի, Արտոյի հետ նշելու հաղթանակը: Ազնիվն էլ, թաքցնելով համակած մեծ ոգևորությունը, այնուամենայնիվ, համաձայնում է երեկոն ավարտին հասցնել Արամեի հետ:
Առաջին հանդիպումից մեկ-երկու շաբաթ անց Ազնիվը Արամեին հրավիրում է ծանոթանալու ծնողների հետ: Ազնիվի ծնողները՝ Մկրտիչը և Լյուբան, միանգամից հավանում են բարձրահասակ փեսացուին: Այնուհետև զույգը մեկնում է Ռոստով, որպեսզի տղայի ծնողներն էլ ծանոթանան իրենց ապագա հարսիկի հետ: Նշանադրության արարողությունն էլ երկար սպասեցնել չի տալիս: Իսկ, ահա, մարտի 8-ին, լայն զանգվածներին անհայտ պայմաններում և հույժ գաղտնի՝ զույգն ամուսնանում է: Պսակադրությունը տեղի է ունենում Ռոստովի հայկական եկեղեցիներից մեկում:
Այսօր Արամն ու Ազնիվն ապրում են Սայաթ-Նովա փողոցում գտնվող իրենց անձնական բնակարանում: Ազնիվն այլևս երգիչ Արամեի երկրպագուհին չէ: Նա հասցրել է ձանձրանալ նրա՝ անկողնում կամ ցնցուղի տակ երգելուց: Փոխարենը՝ Ազնիվը հասցրել է բացահայտել Արամ մարդուն:
Շպռօտը ճարահատյալ ճաղատացավ
Մարտի 8-ին կազմակերպված փակ համերգներից մեկից առաջ Շպռօտը գնում է գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու: Հարդարելուց հետո երգչուհին հասկանում է, որ այդ սանրվածքով իրեն այնքան էլ լավ չի զգում. փոփոխությունների ժամանակն է: Խնդրում է վարսահարդարին կարճացնել մազերը՝ նոր, գժոտ սանրվածք ստանալ: Վարսահարդարի երկար չարչարանքներից հետո էլ երգչուհուն չի գոհացնում արդյունքը: Շպռօտը կարծում է՝ ավելի վատ լինել չէր կարող: Դրանից երգչուհին չափազանց սրտնեղում է ու տրամադրության կտրուկ անկումից հետո որոշում ընդհանրապես չմասնակցել համերգին: Բայց այս ընթացքում Շպռօտի պրոդյուսերն ու նաև սիրելին՝ Սարգիսը, անընդհատ զանգահարում էր նրան: Նեղսրտած երգչուհին անջատում է հեռախոսն ու անհետանում:
Սարգիսը զանգահարում է համերգի կազմակերպիչներին ու ասում, որ առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով Շպռօտը չի կարող մասնակցել համերգին: Սակայն սա խնդրի միայն ամենափոքր մասն էր. ամենակարևորը՝ արդեն երեկոյան 23:30-ն էր, բայց Անին դեռ չկար ու չկար: Սարգիսն արդեն անհանգստանում էր: Երգչուհու ընկերներին զանգելուց և ոչ մի նոր բան չպարզելուց հետո հասկանում է, որ տանը նստելն ապարդյուն է ու ճանապարհ է ընկնում՝ փնտրելու սիրելի ձկնիկին:
Կեսգիշերն անց Շպռօտին չգտած ու հուսահատված Սարգիսը տուն է վերադառնում, իսկ սիրելին արդեն տանն էր: Պակասում էր միայն մի բան՝ նրա շեկ, երկար վարսերը. Շպռօտը ճաղատացել էր…
Սարգիսն ասում է, որ իր համար Անին այսպես ավելի սեքսուալ է, իսկ Շպռօտն էլ խոստովանում է, որ վաղուց էր սպասում ճաղատանալու հարմար առիթի: Առաջիկայում քաջ երգչուհին թիթեռնիկ կդաջի իր ճաղատ գլխին:
Ապրիլմեկյան կատակ-նյութի հետևանքները
Ապրիլմեկյան մեր կատակների հետևանքների մասին երկար կարելի է խոսել: Հասմիկի, Արամեի և Շպռօտի մասին մեր հորինած պատմությունները մեծ աղմուկ բարձրացրին: Խելակորույս ընթերցողները զանգահարում էին խմբագրություն, նամակներ գրում, չիմանալով՝ հավատա՞լ կարդացածին: Այդ մասին խոսում էր ողջ հայությունը, գրում բոլոր հնարավոր ֆորումներում ու հարազատներին պատմում տպավորությունների մասին: Բայց... եկել է իրականությանը նայելու ժամանակը: Թեև մեր նախորդ համարում էլ էինք գրել, որ այդ պատմություններն ընդամենը ապրիլմեկյան կատակներ են, ամեն դեպքում կան մարդիկ, որ շարունակում են հավատալ, թե Հասմիկը բալիկի է սպասում, Արամեն ամուսնացել, իսկ Շպռօտն էլ ճաղատացել է:
Հասմիկ Կարապետյանը բալիկի ՉԻ՛ սպասում
Հասմիկը խոստովանում է, որ այս պատմությունը լավ PR էր իր համար, քանի որ բոլորն այդ մասին էին խոսում: Հասմիկի ծնողները նույնպես տեղյակ չեն եղել այս կատակի մասին, բայց անակնկալը նրանց դուր է եկել: Հասմիկի հայրը նույնիսկ երգչուհուն «հիշեցրել» է, որ մայրիկ դառնալու իսկական ժամանակն է:
Հասմիկի հարազատներն ու ընկերներն էլ են ապշել: Ոմանք էլ ասել են, որ այդ վիճակը՝ հղիությունը, Հասմիկին շատ է սազում՝ հավատալով նրա և Բիլանի սիրո ռոմանտիկ պատմությանը: Հասմիկի ընկերներն էլ ընդդիմանալով ասել են, որ իրենք Հասմիկին երբեք չեն տա Բիլանին:
Երգչուհին ասում է՝ շատ ուրախ է, որ բոլորը հավանել են իրեն ապագա մայրիկի կերպարում: Ըստ Հասմիկի՝ մայրանալը հրաշք է:
Շպռօտը ՉԻ՛ ճաղատացել
Պարզվում է՝ Շպռօտն իրեն շատ է հավանել ճաղատի կերպարով: Կարծում է՝ երբևէ կդիմի ռիսկի ու կճաղատանա: Երգչուհուն շատ էր դուր եկել հրապարակումը, լուսանկարը, հատկապես՝ ականջները, որ իրենը չէին :)
Ամսագիրը տեսնելուն պես Շպռօտի մայրը ապշել է, շոկից դուրս գալով ուշադիր նայել է դստերը, այնուհետև՝ ամսագրի շապիկը: Նույնիսկ Անիի բարեկամներն են զարմացել: Հավատալուն նպաստել է նաև այն փաստը, որ վերջին շրջանում Անին կեղծամով հաճախ էր լինում:
Երգչուհու երկրպագուներին նույնպես դուր է եկել այդ կերպարը: «Խաբարբզիկները» լուսանկարը ուղարկել են նաև երգչուհու ընկերոջը, մեր պատմության հերոսին՝ Սարգսին, որ ներկայումս Օդեսայում է: Սարգիսն էլ հավատացել է ու անմիջապես զանգահարել սիրելիին:
Իսկ, ահա, ապրիլի 1-ին, բացի մեզանից, երգչուհուն սուր այլ կատակների սիրահարներ չեն հանդիպել:
Արամեն ՉԻ՛ ամուսնացել
Արամեն իրոք անակնկալի էր եկել մեր կատակից: Երգչի մտքով անգամ չէր անցնում, որ ինքն ամուսնացել է :) Կատակին հավատացել էին նաև Արամեի մանկության ընկերները: Վերջիններս զանգահարել են նրան, շնորհավորել ու նեղացել, թե ինչու իրենց չի հրավիրել հարսանյաց հանդեսին:
Արամեի երկրպագուհիների համար անակնկալն ամենահաճելիներից չէր: Նրանք շատ էին հուսահատվել իրենց սիրելի երգչի չնախատեսված ամուսնության պատճառով:
Մինչդեռ Արամեն ցանկանում է ևս մեկ անգամ նշել, որ ինքը չի ամուսնացել և մոտ ապագայում նման մտադրություն էլ չունի:
Հ.Գ. Այդ կատակ-նյութը փորձնական փուչիկի նման մի բան էր, որով կարողացանք հասկանալ երգիչների երկրպագուների և նաև մյուսների տրամադրությունն ու պարզել նրանց վերաբերմունքը նմանօրինակ քայլերին: Հրապարակումից հետո պարզ դարձավ, որ մարդկանց մեծամասնությունը ուրախ կլինի Հասմիկին տեսնել մայրացած, Շպռօտի երկրպագուներն ամենևին էլ խիստ չեն վերաբերվի. նրանք իրենց խենթ սիրելիից սպասում են նման համարձակ քայլ, իսկ ահա, ամենադժվար իրավիճակում հայտնվել է խեղճ Արամեն: Հրապարակումից հետո պարզ դարձավ, որ այժմ նրա երկրպագուները ամենևին պատրաստ չեն նման լուրի, և այդ փաստը նրանք շատ ծանր կտանեն:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը