Ինչո՞ւ Արփինե Իսրայելյանն այլևս չի վարում «Առավոտ լուսոն»
Հասարակություն
«Աննա» հեռուստասերիալի ավարտից հետո հեռուստանովելի գլխավոր հերոսուհին՝ Արփինե Իսրայելյանը հանդես եկավ որպես հաղորդավարուհի՝ վարելով Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» ծրագիրը:
Վերջերս հաղորդումը սկսեց իր նոր եթերաշրջանը, որում Արփինեն այլևս հանդես չի գալիս: Այս փաստը մի շարք խոսակցությունների առիթ դարձավ: Տարածում գտած լուրերը բազմաբնույթ էին. դերասանուհին հղի է, ամուսնությունից հետո մեկնել է Հայաստանից, կոնֆլիկտ է ունեցել հաղորդման աշխատակազմի հետ:
esyes.am-ը տարածված լուրերը պարզաբանելու նպատակով խոսեց Արփինեի հետ, ով Հայաստանում է և ամուսնությունից հետո չի հեռացել երկրից: Նա նշեց, որ ի սկզբանե որոշված էր, որ ինքը մի քանի ամիս պետք է վարի առավոտյան ծրագիրը: «Երբ հրավեր ստացա վարելու առավոտյան ծրագիրը, պայմանավորվեցինք, որ մի քանի ամիս պետք է հանդես գամ որպես հաղորդավարուհի»,- ասաց Արփինեն՝ նշելով, որ ամեն առավոտ հաճույքով էր աշխատանքի գնում ու բարի լույս մաղթում հեռուստադիտողներին:
Ի պատասխան այն լուրերի, որ դերասանուհին կոնֆլիկտ է ունեցել ու հեռացել Հանրայինից, Արփինեն ասաց, որ շարունակում է շփվել գործընկերների հետ. «Մի քանի ամսվա փոխարեն հաղորդումը մոտ մեկ տարի վարեցի, որից հետո էլ՝ նոր եթերաշրջանում համատեղ որոշվեց, որ ես այլևս չեմ վարի այն: Ինչ վերաբերում է կոնֆլիկտին, նման բան չի եղել և ես շարունակում եմ շփվել գործընկերներիս հետ»:
Թե երբ դերասանուհուն կտեսնենք նոր նախագծերում, Արփինեն դժվարացավ պատասխանել, քանի որ այս ընթացքում առաջարկներ են եղել, որոնք մերժել է: «Սերիալային հրավերներ ունեմ, որոնք առանձնապես չեն հետաքրքրել ինձ, այսինքն՝ այնպիսի կերպարներ չեն, որոնք այժմ պետք են ինձ,-ասաց զրուցակիցս և հավելեց, որ ցանկություն ունի հանդես գալ նախորդ կերպարներից տարբերվող կերպարով,- թեկուզ բացասական լինի»:
Դերասանուհին, ով այժմ զբաղված է «Երկուսը ճոճանակին» և «8 սիրագորով կանայք» ներկայացումներում, հերքեց նաև այն լուրերը, թե հեռուստատեսությունից հեռացել է, քանի որ հղի է: Դերասանուհին նշեց, որ մայրանալ առայժմ չի պատրաստվում:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը