Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում բարձր է աղքատության ցուցանիշը
Հասարակություն
«Աշխատանքային միգրացիայի բացասական հետևանքները ընտանիքների, հատկապես երեխաների և կանանց վրա նշանակալից են, քանի որ կարող են առաջ բերել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հոգեսոցիալական խնդիրները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, երեխաների հանդեպ բռնությունն ու չարաշահումը»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պլանավորման բաժնի ղեկավար Արթուր Այվազովը, այսօր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» եռամյա ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Ծրագիրը Եվրամիության աջակցությամբ կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է մեղմացնել աշխատանքային միգրացիայի հետևանքները ընտանիքների ու համայնքների վրա: Ընտրվել են 4 մարզեր՝ Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը, հաշվի առնելով նշված մարզերում բնակվող աշխատանքային միգրանտների ընտանիքների և համայնքների սոցիալական խոցելիությունը:
Գեղարքունիքի Շիրակի և Լոռվա մարզերն ունեն ամենաբարձր աշխատանքային միգրացիայի ցուցանիշները, միևնույն ժամանակ այս մարզերում աղքատության ցուցանիշը ևս բարձր է, ինչ վերաբերում է Տավուշի մարզին,բացի նշված հանգամանքներից, հաշվի է առնվել, նաև այն փաստը, որ մարզը սահմանամերձ տարածք է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագիրը առաջին հերթին կնպաստի սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը, ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողները կգնահատեն աշխատանքային միգրացիայի ռիսկի ենթակա ընտանիքիների կարիքները, որից հետո կիրականացվեն համապատասխան ծրագրեր, որոնք էլ թույլ կտան աջակցելով ընտանիքներին իրենց բարեկեցության մակարդակը բարձրացնել:
«Շատ կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և ռիսկերը, քանի որ այս դեպքում խնդրի լուծման հավանականությունը մեծ է»:
«4 մարզում կաշխատեն 50 սոցիալական աշխատողներ, իսկ ծրագրի իրականացումը կնպաստի աշխատանքնային միգրացիայի հետևանքով ընտանիքների կյանքի բարելավմանը»,- ընդգծեց Արթուր Այվազովը:
«Փաստինֆո»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը