Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել. Հակոբ Մնձուրի

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Հակոբ Մնձուրուն նվիրված «Հակոբ Մնձուրու աշխարհը» (տես նաև` «Խաչիկ Դաշտենցի շնորհիվ դու ողողված ես հպարտությամբ` քո իսկ պատմության, քո իսկ շիտակ կեցվածքի համար», «Առանց Հենրիկ Մալյանի՝ չէին լինելու հավատի, սիրո և վստահության ժամեր հայ ժողովրդի կյանքում», «Իր արթուն կենդանությամբ կարող էիր գլուխդ անվրդով բարձին դնել. Վազգեն Ա կաթողիկոս», «Նա քնում էր թշնամուն գրկած և արթնանում էր թշնամու հետ. նա Մուշեղ Գալշոյանն էր») դիմանկար-հոդվածը:

Աղջնակ-տղեկ երկու երեխա դուրսը արևի մեջ մածուն էին ուտում, մազերը հինայի գույն այս տարվա մի հորթ կանաչ արտերում մեկիկ-մեկիկ պոկում էր հասկերի գլխիկները, հանդապահը բլրի գլխից կանչում էր՝ որուո՜ւնն է հորթը, որ թող տվեր են, հորթը արտը կուտե,- և մազերը հինայի գույն այս տարվա հորթը թեկուզ շատ լավ գիտեր, որ հանդապահն իր մասին էր կանչում, բայց իրեն անհասկացող էր ձևացնում...
Խոզաններով, արտերով, բարդուտներով, բլուրներով, ճամփաներով գյուղից գյուղ ու հանդից հանդ էր վազում Հուսիկը՝ մեռնող մորաքրոջ համար տերտեր գտնելու...

Ավանակի հետ զրուցելով, ավանակին խելք սովորեցնելով, ավանակի վրա բարկանալով, ավանակին հուսադրելով՝ հեռու կաղնուտներից փայտ բերելու էր գնում Շիրինը, կածանը դժվար էր, բայց կաղնուտում կանգնած էր Սուրբ Գևորգ հնամյա վանքը, և որովհետև կածանը շատ էր դժվար, կարելի էր անտեսել, որ Սուրբ Գևորգ հնամյա վանքը կաթոլիկական վանք էր...

Ցորնիկին Գրիգորը, Ցորնիկի մահից վեց ամիս ետքը, ճամփա է ընկել կնիկ ճարելու։ Ակնա գյուղերից՝ երեք օրվա ճանապարհի հեռուներից, քանի որ մոտիկ գյուղերում նրան ո՛վ աղջիկ կտար, ոչ ոք էլ աղջիկ չէր տա...

Տեմիրճենց մեծ պապը իրենց կարմիր եզան վրա երազ էր տեսել, եզն իբր գիրացել, գեղեցկացել, անճանաչելի էր դարձել, ուրեմն՝ եզանը մի վատ բան էր պատահել, և Տեմիրճենց մեծ պապի Հակոբ վարժապետ թոռը Կապույտլույս սարն անցել, Մնձուր ծովագույն լեռներում փնտրում էր իրենց Փոքր Արմտան գյուղի եզների նախիրը, նախրի մեջ իրենց կարմիր եզը, որի վրա վատ երազ էր տեսել Տեմիրճենց մեծ պապը։ Քսանյոթ տարեկան Հակոբ վարժապետը Մնձուր ծովագույն լեռներում ձայն էր տալիս սարից սար՝ էդ որտեղի նախիրն էէէ՜, էդ ում նախիրն էէէ՜, ուուում նախիրն էէէէ՜, և նրան սարից սար պատասխանում էին՝ Փոքր Արմտանինը երեք օր առաջ Եփրատի կողմերը գնաաա՜ց, Փոքր Արմտան գյուղի եզների նախիրը երեք օր առաջ Եփրատի կողմերը գնաաա՜ց,- և հայրենի բնաշխարհը դանդաղ ներծծվում էր քսանյոթամյա Հակոբ վարժապետի էություն՝ ինչպես մանրահատիկ անձրևն է անկորուստ ներծծվում սևահողի մեջ, և Տեմիրճյան Հակոբ վարժապետը ուզում էր լինել իր աշխարհի գրողը, նկարագրողը, քարտեզագրողը, Հակոբ վարժապետն իրեն թաքուն անվանում էր Հակոբ Մնձուրի գրող։

Կարմիր եզը փոխվել էր կորչելու չափ, գեղեցկացել էր հրճվանքի չափ, դարձել էր Մնձուր ծովագույն լեռների ամենագեղեցիկ արարածը, իսկ Հակոբ վարժապետի նշագեղձերը բորբոքվեցին, նա շարունակեց ճանապարհը դեպի Պոլիս՝ բուժվելու։ Այդ հազար ինն հարյուր տասնչորս թվականի ամռան վերջին ամիսն էր, աշնան հերկերից մի քիչ առաջ։ Ձմեռը փակեց վերադարձի կածանները, իսկ հազար ինն հարյուր տասնհինգ թվականի ամռանը աշխարհում ոչ Արմտան կար, ոչ Տեմիրճենց մեծ գերդաստան, ոչ երեխաների բազմություն՝ որ սպասելիս լիներ վարժապետի վերադարձին, ոչ էլ Հակոբ վարժապետի մունջ կինը չորս զավակներով։ Չկար ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Աշխարհի պատմության մեջ այդպիսի բան չի պատահել ոչ մի ժողովրդի հետ, աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել։ Զոհրապը, Վարուժանը, Սիամանթոն, Զարդարյանը, բոլոր գրողներն սպանվել էին մինչև մեծ եղեռնը...

Հակոբ Մնձուրին այդ հրեշավոր ամռանը նստել էր, հնարավոր է, Կապույտլույս սարին, նայում էր գյուղաշխարհին ու չէր հասկանում, ոչինչ չէր հասկանում. արտերը կային, այգիները կային, տները կային, գյուղամիջյան ճանապարհը կար, բայց ճանապարհով, բարդուտներով, ցելերով չէր վազում Հուսիկը՝ մեռնող մորաքրոջ համար քահանա գտնելու, ավանակի հետ զրուցելով փայտի չէր գնում Շիրինը։ Դանդաղ կանաչում էր փայտի տանող արահետը։

Ուղուծուծով քրիստոնյա Հակոբ Մնձուրին կանաչ արտերի դեմ չկարողացավ հայհոյել։ Աղաղակե՞լ - աշխարհն զբաղված էր իր գործերով։ Խելագարվե՛լ - ինչպես խելագարվեց Կոմիտասը... Աստված պահպանեց Հակոբ Մնձուրուն, որպեսզի մեռածների հիշատակները ապաստարան ունենան նրա մեջ։ Մի քիչ էլ, մի քիչ էլ, և լավաշը փռված է կավե կտուրին, աշնան արևի մեջ չորանում է՝ որ դարսվի, ագռավը կանգնել է բարդուն և չտեսնել է տալիս լավաշը, իսկ շունն իրեն հսկիչ է կարգել լավաշի մոտ և իր հերթին չտեսնել է ձևացնում ագռավին, հինայի գույն մազերով այս տարվա հորթը կանաչ արտերում մեկիկ-մեկիկ ընտրելով, ասես հանդապահին համբերությունից հատկապես հանելու համար, փռցնում է հասկերի գլխիկները։ - Մուտք, Ցորնիկին Գրիգորը ճանապարհ է ընկել Ակնա գյուղերից քսանհինգեն վեր երեսունհինգեն վար մի հարմար կնիկ ճարելու, իսկ տանը մի կշտանալու հաց չունի,- Ցորնիկին Գրիգորը, այգիների ցանկապատերը որմելու է գնացել Գաբո պապի Պյոսը, այգիներում գիշերելու համար հետը վերմակ է տարել, վերմակը կորցրել է, պատի գործը կիսատ է թողել և հիմա աղջամուղջի մեջ՝ տասնհինգ տարեկան տղայի հայր՝ մոլորված նստել է, Գաբոյից վախենում է վերադառնալ տուն։ - Հայրը, իր կնոջը, երկար ձմեռից հետո, դժվար ու անմարդ, իբր չոր ճամփով գնալ է համոզում Մկրտչենց Վահանը։ - Գնա բանըդ, ես ալ կըսեմ ինչ կըսե, ինչու Գարնան ճամփով երթանք կըսե... հոնկե որ երթանք, չպիտի՞ տեսնեն, չպիտի՞ հասկընան, ամենուն բերանը պիտի չիյնա՞նք... Ինչ անխելք եմ որ կայներ քեզ մտիկ կընեմ։ - Գարնան ճամփով,- Ուրիշ ոչինչ։ Այսպես՝ երկու հարյուրի չափ պատմվածք։ Երկու հարյուր պատմվածք, որոնցից գրեթե ոչ մեկում ոչինչ չի արված նախնական նյութը պատմվածքացնելու համար, որի պատճառով էլ հեշտությամբ մոռացվում են յուրաքանչյուր և բոլոր պատմությունների անձնանունները և, կարելի է ասել, բուն պատմությունները նույնպես, բայց պատմությունների միջավայր-մթնոլորտը ներծծվում է քեզ և, որպես հարավային երկրի արևայրուք, քեզ հետ ապրում է, քո մեջ ապրում է երկար, շատ երկար, գուցե հավիտյան։ Մնձուրու նկարագրած երկիրը պարզապես անմոռանալի է։ Եվ զարմանալին այն է, որ Մնձուրին չունի զուտ երկրի՝ կաղնուտի, բարդուտի, առվի, արտի, արահետի, լեռան, եզան, հերկի, շոգի, ծղրիդի երգի նկարագրության մի պարբերություն, մի նախադասություն, մի ակնարկ իսկ, այդ ամենը հառնում է ոչ թե նույնիսկ գործողությունների արանքից, այլ գործողությունների բուն միջուկից, դա գործողությունների հատկանիշն է, այդ երկիրը ոչնչով չես զատի այդ մարդկանց խոսքի ու շարժման շեշտից, բարի ալարկոտությունից, հիմար շտապողականությունից... (« - Հիսուն արտ ունեմ»։ - Միայն Արմտանում է հնարավոր ունենալ հիսուն արտ - լեռներում ուր հնարավոր է եղել հերկել՝ հերկվել է և ստացվել է «հիսուն արտ ունեմ», որ ի վերջո նշանակում է սարոտ ու քարքարոտ երկրի նկարագրություն)։

Իր խոսքով՝ «ողբերգություն, դրամա չըկա գրածներուս մեջ», թե այդ օրն ուր են գնացել և ինչ են արել՝ Մնձուրին նկարագրել է այդ։ Մնձուրին «բարեբախտություն» ուներ պատմվածքները տպագրելուց հետո չհանդիպելու վրդովված նախատիպերին, նրանց բոլորին սրբել-տարել էր 1915 թվականի, ասենք, ջրհեղեղը, Մնձուրին կարող էր «ողբերգություն, դրամա» դնել իր պատմվածքների մեջ, բայց նա այդ չի արել. չի արել, իմ կարծիքով, նյութի նկատմամբ խոր հարգանքի պատճառով կամ շնորհիվ։ Նա լավ գիտե իր երկիրը, նրա մարդկանց, նա ինքը նրանցից մեկն է, գյուղացու նրա խիղճը նրան թույլ չի տալիս չափազանցնել համագյուղացիների նկարագիրները, նուրբ գեղագետի նրա խիղճը նրան արգելում է պայթուցիկ ողբերգություն դնել այնտեղ, ուր այդ ողբերգությունը, որպես օտար մարմին, չէր հանդուրժվի։

Նկարել բնության պես, ծավալել բնության պես, մեռցնել բնության պես, բեղմնավորել բնության պես - ինչպես բեղմնավորվում է հասկը, պայթում ծաղիկը, ցամաքում առուն, մեռնում սերմը, հավաքվում մեղրը։ Դրամա, ողբերգություն՝ ներքին փլուզումներ իհարկե կան Մնձուրու բոլոր պատմվածքներում, ինչպես որ դրանք անպայման կան կյանքում, բայց այդ զարմանալի արձակագիրը դեն է նետել, մերժել է դրամա-ողբերգության դասական և դասականացող գրականական ծիրանին՝ մեզ խաբելով, թե ինքն ահա գրականությունն իջեցնում է գետնամած ռեալիզմի, կյանքի անկողմնակալ նկարագրականության։ Նա ցանկանում է տալ իր աշխարհի ճշմարիտ պատկերը, իսկ «դրամայի» գրականական ծիրանին դրան միայն և միայն կխանգարեր, ինչպես կխանգարեր «դեղնագորշ, գորշ-դեղին» բառը Տրապիզոնից Արմտան թութուն վաճառելու եկած հույն առևտրականի մորուքի գույնը ճշտորեն պատկերելուն. դեղինը, գորշը, դեղնագորշը նկարիչների բառեր են, իսկ այս աշխարհը Արմտան աշխարհն է և միայն Արմտանն է, նկարիչների դեղնագորշ բառն այստեղ ամենևին գործ չունի, ինչպես գործ չէր ունենա ռուսական աղյուսը հայկական որձաքարե պատի մեջ. «Մազերնին, մորուքնին, բեղերնին իրար խառնված էին։ Մեր թութե պեքմեզը՝ ուրուպը ինչ գույն ունի, նույն գույնովն էին անոնց մազերը, մորուքը»։

Հակոբ Մնձուրին ութսունհինգ տարեկան է։ Նրա գրականությունը հիմա խմորումն չէ, ընթացք չէ, ավարտուն փաստ է։ Իր ութսունամյակը նա բոլորեց Պոլսի հայկական եկեղեցու մեջ մոմ վաճառելով։ Նա իր հեքիաթները, ժամանակագրությունները, դաշտանկարները, գետանկարները, պատմվածքները, շատ հաճախ պարզապես փայլուն պատմվածքները գրել է հացթուխի, բեռնակրի, փոխադրանավից քարածուխ թափողի աշխատանքների արանքներում։ Նա մեզ ոչնչով պարտական չէ։ Մենք նրան տալիք ենք, ամենաքիչը, նրա բոլոր գործերի հոնորարները։ Հիմա, երբ իր տաղանդն ու կյանքն անցրել է գրեթե միայն արմտանցիների մասին պատմելով, նրան թվում է, թե գրականության համար բան չի արել, թե գրականությունը չի հարգի միայն իր հայրենակիցների մասին պատմելու իր թուլությունը, և ութսունհինգամյա ծերունին տեսաբանում է.«Գրականություն բերած եմ 1890-1914 թվականներու ժամանակահատվածի գյուղը. ուրիշներն ալ այդ ըրած էին, բայց դա քիչ էր»։ Սա փխրուն տեսություն է, սրան կարելի է առարկել այսպես. անցյալը թող անցյալում մնա։ Եվ ծերունազարդ գրողի մկանուտ՝ գրականությունը տեսական ինչ-ինչ ապացուցումների և տեսությամբ արդարացվելու կարիքը բնավ չի զգում։ Այդ գրականությունը կա, և թող տեսություններն իրենք հարմարվեն այդ գրականությանը։

Նրա գրականությունը մեր հայացքները ետ է շրջում դեպի այն օրերը, երբ կինը, արտը, աղը, ջուրը պաշտամունք էին։ Հակոբ Մնձուրու ստեղծագործությունը բովանդակում է կնոջ, աղի, արտի, առվի և այդպիսով, որպես հավելում հայ ընթերցողներիս համար, մեր կորած հին երկրի պաշտամունք։ Ինքնաթիռը այսօրվա մարդու համար դարձել է կենցաղ, ինքնաթիռից նետված հայացքը՝ երկիրը տեսնելու մի ձև։ Մնձուրին ինքնաթիռավոր չէ, ձիավոր էլ չէ. մանրատոտիկ առաջանալով՝ նա իր Արմտանի արահետների հետ կեռվում է, ձորերի հետ իջնում է, դարավանդների հետ սանդուղքվում, բլուրների հետ բարձրանում, ջրող առվի պես, որ գնում է խարխափելով ու ընկրկելով. այդպես՝ թիզ առ թիզ, բույր առ բույր, շշուկ առ շշուկ ներծծվում է քեզ մեր հին բարի երկիրը, որին եթե չսիրենք, որը եթե՝ հայացքներս դեպի քաղաք թե տիեզերք՝ արհամարհենք՝ կարող ենք կորցնել վերջնականապես։ Հակոբ Մնձուրին ստիպում է սիրել։ Մի մեծ բնապաշտություն, որ ժամանակի հետ ավելի կխորանա ու իրական ծանրակշիռ արժեք կտա գրողի դաշտանկարներին։

Խոսքս ուզում եմ վերջացնել մեջբերումով մի հոդվածից, որ ամերիկյան հիանալի նկարիչ Էնդրյու Ուայեթի մասին է և տպագրվել է «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի 1970 թվականի վերջին համարում։ «Երկնաքեր տների, անկանգ սլացքի ճանապարհների, կատարյալ մեքենաների և բարձր արագությունների Ամերիկան,- ասում է հոդվածագիրը Ուայեթի մասին, որ իրեն, մեր Մնձուրու նման, համարում է «հայրենի եզերքի գեղանկարիչը»,- ահա այդ Ամերիկան ավելի ու ավելի է խեղճացնում մյուս՝ փոքր ֆերմաների Ամերիկային, խժռելով նրա անտառների ու դաշտերի մաքրությունը, անվերադառնալիորեն այլանդակելով նրա պատկերը։ Եվ ինչքան վճռականորեն է գրոհում քաղաքակրթության այդ աշխարհը, Ուայեթի համար նույնքան մեծ արժեք ու կշիռ են ստանում անցյալի չաղարտված պատառիկները»։
Կարիք չկա ապացուցելու, թե երկրագունդը, որի վրա ապրում ենք բոլորս, մեկ և նույնն է, և Էնդրյու Ուայեթի մասին ասվածը տառացիորեն վերաբերում է հայ տաղանդավոր արձակագիրներից մեկին՝ Հակոբ Մնձուրուն։

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված