Հռիփսիմե Գրիգորյան. Առողջ մայրիկը նաև առողջ մանկիկի գրավականն է
Հասարակություն
Ծննդաբերությունից հետո երիտասարդ մայրերը պետք է ունենան որոշ գիտելիքներ: Գրեթե բոլոր մայրերին էլ կհետաքրքրի, թե ինչու է կուրծքը քարանում, ինչպես շատացնել կրծքի կաթը և նմանատիպ հարցեր: Այս խնդրի շուրջ կխոսի «Ֆերթիլիթի սենթըր» մարդու պտղաբերության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը:
-Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ կնոջ մոտ կրծքի քարացման դեպքում:
-Սովորաբար ծննդաբերությունից հետո, երբ կինը սկսում է կերակրել երեխային, կարող են ի հայտ գալ խնդիրներ՝ կապված կրծքագեղձերի հետ (եթե հատկապես առաջին բալիկն է ու կրծքով կերակրումը կնոջ համար նորույթ է) կրծքագեղձի պտուկների ճաքեր, լակտոստազ, կաթի կանգային երևույթներ՝ ժողովրդական լեզվով ասած, կրծքագեղձի պնդացում, կոշտացում, ինչպես նաև ամենավտանգավոր հետևանքը՝ մաստիտներ՝ կրծքագեղձի բորբոքումներ, որոնք կարող են լինել մի քանի տեսակ՝ շճային, ինֆիլտրատիվ և թարախային: Վերջինս ամենավտանգավորն է և հաճախակի պահանջում է վիրաբուժական միջամտություն կրծքագեղձերի վրա, թարախակույտերի հեռացում կամ բացում:
Ինչպե՞ս լուծել խնդիրը:
-Այս ամենից խուսափելու համար պետք է ճիշտ կերակրել երեխային, պետք է կերակրելուց հետո տվյալ կրծքում մնացած կաթի մնացորդները կթել, երկու կրծքերով հավասարաչափ պետք է կերակրել: Եթե հանկարծ կրծքագեղձի կոշտացումը շարունակվում է, կրծքագեղձի շրջանում միանում են ցավեր, կրծքագեղձերում առաջանում է ջերմության զգացում, մարմնի ջերմաստիճանի թեկուզ աննշան բարձրացում, ընդհանուր թուլություն, պետք է դիմել մասնագետի' հետագա բարդություններից խուսափելու համար:
-Ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից:
-Քանի որ ծննդատներում մայրերին բացատրում են կրծքով ճիշտ կերակրման սկզբունքները, հիմա ավելի քիչ են հանդիպում այդպիսի խնդիրներով կանայք: Ճիշտ կերակրումը, հիգիենայի կանոններին հետևելը նպաստում է առողջ կրծքագեղձեր և առողջ մանկիկ ունենալուն:
-Կրծքի քարացումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա:
- Սովորաբար երեխայի վրա ազդեցություն չի ունենում, եթե չկան բորբոքային խնդիրներ, իսկ եթե բորբոքվում են, ապա պետք է ժամանակավոր դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ բորբոքային կամ թարախային տարրեր պարունակող կաթը կարող է վնասել երեխային:
-Ինչպե՞ս շատացնել կրծքի կաթը:
-Կրծքի կաթի արտադրությունը կախված է երկու հորմոնների ազդեցությունից՝ պրոլակտինի և օքսիտոցինի: Պրոլակտինը նպաստում է կաթի արտադրությանը, իսկ օքսիտոցինը՝ կրծքագեղձերի բլթակներից կաթի դուրս մղմանը և կաթնածորաններով անցմանը: Կաթի քանակի ավելացման հիմնական գործոններն են՝ երեխային ճիշտ և հաճախակի կրծքին դնելը՝ կերակրելը (երեխայի կողմից ճիշտ բռնած պտուկը), որը խթանվում է օքսիտոցինի և պրոլակտինի արտադրությունը, իսկ հաճախակի գիշերային կերակրումերը խթանում են պրոլակտինի արտադրությունը: Իհարկե, օգտագործում են տարբեր թեյեր՝ թե՛ քաղցր, թե՛ խոտաբույսերից պատրաստված, մեղվի կաթի հիմքով հաբեր և այլ: Սակայն սրանց ազդեցությունն ապացուցված չէ, և օգտագործումն ավելի հաճախ ունենում է հոգեբանական ազդեցություն:
-Ի՞նչ գանգատներով են հիմնականում կանայք դիմում ձեզ:
-Ինձ հիմնականում դիմում են անպտղությամբ տառապող զույգեր, որոնց համար երազանք է մայրության ու հայրության բերկրանք զգալը: Եվ իհարկե, հղիանալուց հետո էլ ծննդաբերությունից հետո էլ կապը պահպանվում է. դիմում են տարբեր, այդ թվում՝ կրծքով կերակրման խնդիրներ ունենալու դեպքում:
-Ինչպե՞ս ծննդաբերությունից հետո կարճ ժամանակահատվածում վերականգնել փորի նախկին կառուցվածքը:
-Ծննդաբերությունից մոտ չորս-վեց շաբաթ հետո մասնագետի հետ խորհրդակցելուց և հակացուցումներ չունենալու պայմաններում կարելի է հատուկ մարմնամարզություններ կատարել:
-Արդյոք անվտա՞նգ են փորին, մեջքին կապվող գոտիները:
-Վաղ հետծննդաբերական շրջանում, այսինքն՝ ծննդաբերությունից հետո առաջիկա 6 շաբաթներում, խորհուրդ չի տրվում կապել նման գոտիներ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մայրերին:
- Մայրությունը պատասխանատվություն է, ուշադիր պետք է լինել ոչ միայն բալիկի առողջության, ալլև՝ սեփական առողջության նկատմամբ, քանի որ առողջ մայրիկը նաև առողջ մանկիկի գրավականն է: Երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, իսկ խնդիրների դեպքում դիմե՛ք մասնագետի:
-Կա՞ գրականություն, որը կօգնի կանանց զերծ մնալ նման դեպքերից և կօգնի ճիշտ խնամել երեխային:
-Իհարկե, կան բազմաթիվ գրքեր՝ թե՛ հայերեն, թ՛ե ռուսերեն՝ նվիրված այս խնդիրներին:
Լիլիթ Սեդրակյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը