Պայքար Երևանի համար
Քաղաքական
Վաղը՝ ապրիլի 7-ին, նշվում է Մայրության և գեղեցկության տոնը. այդ օրը Երևանում կտրվի մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը։
Առաջադրված կուսկացությունները 7-ն են՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր» կուսակցություններ և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի 195 հոգուց բաղկացած ընտրացուցակում, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը մեկ հոգով պակաս է ՀՀԿ ցուցակից, 194 հոգանոց ցուցակը գլխավորում է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ՀՅԴ ավագանու ընտրացուցակը բաղկացած է 65 հոգուց, որը գլխավորում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Բա՛րև, Երևան» կուսկացությունների դաշինքը ընտրություններին կմասնակցի 64 հոգանոց ընտրացուցակով, այն գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Հայ ազգային կոնգրեսը» կմասնակցի 42 հոգուց բաղկացած ցուցակով. այն գլխավորում է Վահագն Խաչատրյանը։
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ցուցակը բաղկացած է 105 հոգուց։
«Առաքելություն» կուսակցության ընտրացուցակը բաղկացած է 29 հոգուց, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը։
Արդեն իսկ հայտնի 6 կարգախոսներից միայն 4-ում առկա է «Երևան» անունը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը «Ավելի լավ Երևան» է խոստանում, ԲՀԿ-ն ունի երկու կարգախոս՝ «Սկսենք Երևանից» կամ «Փոխելու ենք», «Հայ ազգային կոնգրեսի կարգախոսը»՝ «Իշխանությունը քաղաքացուն»-ն է, ՀՅԴ կարգախոսն է «Երևան, փոխի՛ր Հայաստանը»։ «Ժառանգությունն» իր կարգախոսով բարևում է Երևանին՝ «Բարև, Երևան», իսկ Օրինաց երկիրը հավաստիացնում է, որ իրենք կարող են ավելին՝ «Մենք կարող ենք ավելին»։
ՀԳ. Մարտի 8-ին և ապրիլի 7-ին մայրաքաղաքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ բաժանելու բազմամյա փորձով հայտնի է երկու քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Նման փորձը հաշվին առնելով՝ կարելի ենթադրել, որ այս անգամ բաժանված յուրաքանչյուր ծաղիկ իրենում մեկ քվեի հույս կպարունակի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան