Արմեն Մարտիրոսյանը հայտնել է քայլարշավի մասնակցի նկատմամբ ճնշումների մասին
Քաղաքական
Շիրակի ոստիկանները փորձում են խափանել Գյումրի-Երեւան քայլարշավը` զանգերով անհանգստացնելով երթի մասնակիցներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով, «հերիք չէ, որ ոստիկանները վերջին օրերին դռնեւդոռ ծրագիր են արել' ակտիվ անձանց հրահանգելով չմասնակցել քայլարշավին, հիմա էլ ոստիկանության Շիրակի մարզային վարչության թաղային տեսուր ոմն Հայկ Չիչակյանը անընդհատ զանգահարում եւ անհանգստացնում է երթի մանսակիցներից մեկին' Արթուր անունով»: «Նա նաեւ հարազատներին է խառնել, եւ երթի մասնակցի հարազատները եւս զանգահարում եւ հորդորում են չմասնակցել ակցիային»,- նշեց Մարտիրոսյանը' դատապարտելով նման գործելաոճը:
Նա նաեւ հայտնեց, որ ներկայումս քայլարշավի մասնակիցներն արդեն հասել են Մարալիկ, եւ նրանց թիվն աճել է մինչեւ երեսունի:
Հիշեցնենք, որ այսօր' ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:30-ին Գյումրիի Թատերական հրապարակից մեկնարկել է դեպի Երեւան քայլարշավը, որի մասնակիցները մտադիր են ոտքով հասնել Երեւան եւ ապրիլի 9-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Լուսանկարը` Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան