Նառա. Ես չեմ վախենում իմ տարիքից
Հասարակություն
Այսօր երգչուհի Նառայի ծննդյան օրն է: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է տարեդարձը նշել ընտանեկան մթնոլորտում և ծնողների հետ: «Միջոցառմանը մասնակցելու են ընկերներս, եղբայրս, մայրս, երեխաներս, իմ ամենամտերիմ ընկերները, իմ ամուսինը»:
Նառան նշեց նաև, որ դեռ երեկ գիշերվանից է շնորհավորանքներ ստանում մտերիմներից ու բարեկամներից, անգամ նրանցից, ումից չէր սպասում: Իսկ ArmStar.am-ի շնորհավորանքը, հայկական էստրադայի ամենագեղեցիկ երգչուհու խոսքով, իրեն անակնկալի բերեց:
«Նվեր ստանալ իհարկե սիրում են բոլորը, հատկապես կանայք, բայց ինձ համար այն այսօր կարևոր չէ: Ծննդյանս օրվա կապակցությամբ նույնիսկ նախօրոք եմ ստացել (ծիծաղում է), յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում է նվեր անում, ես ավելին չեմ սպասում»:
Նառան նշեց նաև, որ կողմնակից է օրիգինալ նվերների: «Չեմ սիրում, երբ գումար են բերում: Նվերը կարող է լինել թեկուզ փոքր, բայց օրիգինալ, կարևորը արժեքը չէ»: Նառան իր յուրաքանչյուր տարեդարձ տարբեր կերպ է նշվում: «Ամեն անգամ ծնունդներս տարբեր են լինում ու ամեն անգամ անկրկնելի են, յուրաքանչյուրի մեջ մի ուրախություն կա, մի տխրություն կա, բոլորն էլ հիշվող են»: Նառան այն կանանցից չէ, ովքեր խուսափում են իրենց տարիքը նշել: «Լրացավ իմ քառասունվեց ամյակը: Ես բոլորովին չեմ վախենում իմ տարիքից, տարիքից վախենալ չկա, որովհետև կարևորը հոգու երիտասարդությունն է, իսկ տարիքը բոլորը պետք է հարգեն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան