«Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ». Սամվել Ալեքսանյանը` Հեղինե Բիշարյանի մասին (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պինդ բռնել էր «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ձեռքը և նրան օգնում էր աստիճաններից իջնել: «Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ»,- կողքից իջնող լրագրողներին ու պաշտոնյաներին բացատրում էր Ս. Ալեքսանյանը:
«Պարոն Ալեքսանյանը հայտարարում է, որ ինքն արդեն «Օրինաց երկրի» շարքերում է և Երևանի ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա համայնքից ձայներ է բերելու «Օրինաց երկրի» համար»,- փոխադարձաբար կատակեց Հ. Բիշարյանը:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ Ս. Ալեքսանյանը այս անգամ կեղծելու է ՕԵԿ-ի՞ օգտին, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Երբեք Ալեքսանյանը կեղծիքներ չի արել, նա չափից շատ լավություններ է արել»:
Չէ՞ որ 2008թ. նախագահական ընտրություններին Հ. Բիշարյանն էր հայտարարում, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում երկրից հարուստ օլիգարխը փողի տոպրակները բացել և ընտրակաշառք է բաժանում: Ճիշտ է, տիկին Բիշարյանը չէր նշել, թե ում նկատի ուներ, բայց ենթատեքստում նա Ս. Ալեքսանյանին նկատի ուներ: Հիշեցմանը Հ. Բիշարյանը արձագանքեց. «Դա Սամվել Ալեքսանյանին չէր վերաբերում, դա համայնքի որոշ գործիչներին էր վերաբերում»:
Ի դեպ, համալիրի պաշտոնական այդ արարողությունից հետո իշխանական վերնախավը պատրաստվում էր նույն Ս. Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում տոնել Ս. Սարգսյանի երդմնակալությունը: Ս. Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց դա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան