Սերժ Սարգսյանը հրահանգեց, որ մեր նկատմամբ կիրառվի բռնի գործողություն. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր շարունակվեց քննարկվել «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:
Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, վերջինս անդրադարձավ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:
«Երեկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, լուծարեցինք մեր կապերը ապօրինի իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ճանաչում կեղծ ղեկավարներին, հայտարարեցինք, որ չենք հնազանդվելու սուտ օրենքներին, հայտարարեցինք, որ չենք հնազանդվելու անիրավ հրամաններին և լիազորված ենք իրավունքով, պաշտպանված ենք Սահմանադրությամբ: Չենք վախենում, չենք նահանջում, չենք վաճառվում»,-ասաց Փոստանջյանը:
Վերջինս հայտարարեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից երթի մասնակիցների նկատմամբ կիրառվեցին բռնի գործողություններ: «Մենք դա դատապարտում ենք, ուղղակի կարող եմ ասել, որ շնորհավորում եմ մեզ, որ չունենք մահացու դեպքեր, ուղղակի կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26-ում շրջապատված լինելով որոշ մարդկանցով, գտնվեց բանտախցում, բայց հասարակությունն իր երդումը տվեց ու ասեց, որ չի նահանջելու, և մենք չնահանջեցինք: Վերջիվերջո, Բաղրամյան պողոտայով շարունակեցինք մեր երթը և մեր օրհներգը երգելով ասեցինք, որ մենք միասնական ենք: Պարոն Սերժ Սարգսյանը, լինելով Բաղրամյան 26-ում, այնտեղից հրահանգ տվեց, որ մեր նկատմամբ կիրառվի բռնի գործողություն, բայց մենք որևիցե անձի թույլ չտվեցինք, որ Ձեր ուղարկած մարդկանց նկատմամբ բռնություն կիրառվի, և Ձեր նկատմամբ նույնպես թույլ չենք տալու, որ որևէ մեկը բռնություն կիրառի»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նրա ելույթին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Փոստանջյանին խնդրեց խոսել քննարկվող հարցի վերաբերյալ: «Մի՛ վիրավորեք իշխանություններին: Ձեզ խնդրում եմ խոսել ըստ էության»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Փոստանջյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքում էին նաև ՀՀԿ-ական պատգամավորները, որոնց թվում էին նաև Կարեն Ավագյանն ու Առաքել Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան