Հենրիկ Մխիթարյանը՝ Գայտանայի հայտարարության, հնարավոր ռեկորդի և Անգլիա տեղափոխվելու մասին (լուսանկարներ)
Սպորտ
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հանդիպել է լրագրողների հետ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
– Հենրի՛կ, տեղյա՞կ եք արդյոք, որ Գայտանան խոստացել է երգել «Շախտյորի» հիմնը հայերեն լեզվով, ի՞նչ կարծիք ունեք։
– Իհարկե, կարդացել եմ: Ինձ համար կարևորը 25 գոլ խփելը չէ, որպեսզի նա երգի «Շախտյորի» հիմնը հայերեն: Կարևորը թիմին հաղթել օգնելն է:
– Իսկ ի՞նչն է ավելի շատ շահադրդում՝ քո պատվին հիմնը լսե՞լը, թե՞ Ստարուխինի ռեկորդը գերազանցելը:
– Անկեղծ ասած, ինձ համար ամենակարևորը թիմային խաղն է և «Շախտյորի» հաղթանակը: Եթե հնարավորություն լինի, Ստարուխինի ռեկորդը կրկնել, կարծում եմ՝ նույնպես հաճելի կլինի: Սակայն ինձ համար առաջին տեղում թիմային գործողություններն են:
– Թիմակիցների և մարզիչի հետ խոսե՞լ ես ռմբարկուական ռեկորդի մասին։
– Այո, թիմակիցներս ասացին՝ «եթե 11 մետրանոց լինի, կտանք, որ դու իրացնես», ես պատասխանեցի՝ «Շնորհակալություն պետք չէ, ես ցանկանում եմ բոլոր գոլերը հեղինակել խաղի ընթացքում»:
– Գայտանային կօգնե՞ս հայերենի հարցում։
– Եթե Աստված տա և ես հասնեմ 25 գոլի, կարծում եմ՝ նա արդեն պետք է երգի, այլ ոչ թե սպասի ինձ, որ թարգմանեմ տեքստը (ծիծաղում է):
–Դմիտրի Սելյուկը պնդում է, որ քեզանով հետաքրքրված են անգլիական ակումբները, ի՞նչ գիտես այդ ամենի մասին։
– Չգիտեմ, նրա հետ դեռ չեմ խոսել: Դա իմ գործը չէ: Եթե նա որոշակի առաջարկներ ունի, խնդրեմ, կարող է դիմել ակումբին: Իմ գործը խաղալն է: Այժմ ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ, և ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քանի որ առջևում դեռ 2 ամիս կա: Ամեն ինչ կանեմ, որ այս ակումբի հետ հաղթեմ ամեն հնարավոր բան:
– Սակայն դուք կցանկանայի՞ք խաղալ Եվրոպայում։
– Դա արդեն այլ հարց է: Հիմա դրան չեմ պատասխանի, քանի որ նման խոսակցությունների ժամանակը չէ: Հիմա իմ սիրտը Դոնեցկում է, «Շախտյորի» հետ: Մրցաշրջանի ավարտին ամեն ինչ պարզ կլինի, թող խոսեն նախագահի հետ և համաձայնության գան: Եվ միայն դրանից հետո, եթե իսկապես ինչ-որ առաջարկ լինի, ես այն կքննարկեմ:
– «Դինամոյի» հետ խաղից հետո տպավորություն չկա՞, որ առաջնությունն ավարտվել է, իսկ բոլոր առաջադրանքները՝ կատարվել։
– Ո՛չ: Պայքարը դեռ շարունակվում է, չնայած որ չեմպիոնությունից մեզ բաժանում է 4 միավոր: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք մյուս խաղերում: «Շախտյորը» յուրաքանչյուր խաղում դուրս է գալիս մարզադաշտ հաղթանակի համար:
– Հենրի՛կ, կարիերայում եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ գոլն ի սկզբանե ուրիշի հաշվին են գրանցվել, այնուհետև՝ քո:
-Ո՛չ, սա առաջին դեպքն է: Խաղից հետո հաճելի էր տեսնել, որ գոլը իմ հաշվին է գրանցվել: Արդեն 21 գոլ: Իսկ ամենակարևորը «Դինամոյի» նկատմամբ հաղթանակն է, քանի որ պայքարը դժվար էր:
– Իսկ ի՞նչ է ասում Միրչա Լուչեսկուն 25 գոլի վերաբերյալ: Թիմը նվեր մատուցելո՞ւ է:
–Ո՛չ, դեռևս ոչինչ չեն ասել: Ամենակարևորն այն է, որ թիմն ուրախանում է, երբ գոլ եմ խփում: Դա անչափ հաճելի է:
– Եթե վերադառնանք տրանսֆերային թեմային, մամուլում բազմաթիվ տեղեկություններ են պտտվում քո՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանես դա:
-Եվս մեկ անգամ կասեմ, չգիտեմ, որ ակումբներն են հետաքրքրված իմ ծառայություններով: Եթե այդ մասին ավելի լավ գիտի Դմիտրի Սելյուկը, ապա դիմե՛ք նրան: Իմ մտքերը «Շախտյորի» հետ են և մինչև մրցաշրջանի ավարտը մտածելու եմ այս ակումբի և նրան օգուտ բերելու մասին:
– Իկեր Կասիլյասն ավանդույթ ունի, համաձայն որի՝ խաղից հետո ձեռնոցները նվիրում է երկրպագուներին: Եթե դու հիշարժան գոլ խփես, խաղակոշիկներդ ինչ-որ մեկին կնվիրե՞ս։
–Խաղակոշիկնե՞րս։ Կաշխատեմ նվիրել (ծիծաղում է...): Սակայն մտածում եմ՝ կարելի է նվիրել մարզաշապիկս, եթե խփեմ 22 գոլ:
– Անցած մրցաշրջանում Եվգենի Սելեզնովին օգնեցիր նվաճել լավագույն ռմբարկուի կոչումը: Համաձայնություն ունե՞ս արդյոք խաղըներներիդ հետ, որ թիմակիցներդ խաղը կառուցեն քո շուրջ:
– Ո՛չ (ծիծաղում է...): Ես երբեք նման բան չեմ խնդրի: Եթե ես դարպասի գրավման համար անհարմար դիրքում լինեմ, դա ճիշտ չի լինի: Չի կարելի կենտրոնանալ նման բանի վրա, քանի որ եթե ամբողջ թիմը խաղա մեկ ֆուտբոլիստի համար, ապա ոչինչ չի ստացվի: Իսկ հարմար դիրքում ուրախ կլինեմ գնդակ ընդունել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա խաղը:
– Դու Ալ Պաչինոյի նկարով շապիկ ես կրում: Դա ինչ-որ բանի հե՞տ է կապված:
– Ո՛չ, պարզապես շապիկը ինձ դուր եկավ և ես էլ կրեցի (ծիծաղում է):
{gallery}hg{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան