Սերը տարիք չի հարցնում. հայ ճանաչված զույգերը՝ տարիքային մեծ տարբերությամբ
Հասարակություն
Կարեն Ջանիբեկյան-Լիանա Անթառանյան
Տարիքային տարբերությունը՝ 33 տարի
Ամուսնացած են՝ 2009 թվականից
Մինչև ամուսնանալը շփվել են՝ 4 օր
Համատեղ երեխաներ՝ չունեն
Մեր աստղային զույգերից տարիքային ամենամեծ տարբերությունն ունեն հայտնի դերասան Կարեն Ջանիբեկյանն ու մասնագիտությամբ ջութակահարուհի կինը՝ Լիանա Անթառանյանը: Հենց այս զույգի օրինակով հաստատվում է հոգեբանների այն կարծիքը, որ կանայք հաճախ սիրահարվում են իրենց հոր տարիքի տղամարդկանց՝ նրանց սիրելով նաև որպես հայր: Կարեն Ջանիբեկյանի խոսքերով՝ Լիանայի հետ ծանոթությունը միանգամայն գործնական նպատակով է եղել. Լիանան հայտնի դերասանին առաջարկել է իր հեղինակած պիեսում խաղալ հոր դերը: «Երբ հանդիպեցի այս հրաշք կնոջը, հասկացա, որ դեռ անելիք ունեմ. նախ՝ բացահայտել նրան, և երկրորդ՝ նա հրապուրեց ինձ իր առաջարկով. «Սարերում կյանք կա» ներկայացման մեջ մարմնավորեցի նրա հոր կերպարը,- ասաց պարոն Ջանիբեկյանը և շարունակեց,- Լիանա Անթառանյանն իմ շարժիչն է: 10 տարի ոչինչ չանելուց հետո նորից վերակենդանացա, եկա թատրոն, կրկին բեմ բարձրացա: Նա ինձ գրավեց իր գեղեցկությամբ, տեսքով, բոյ-բուսաթով, ես էլ կյանք տեսած տղա եմ, նրան միանգամից ինձնով արեցի»:
Ըստ տկն Լիանայի՝ երբ գրել է իր առաջին՝ «Սարերում կյանք կա» գործը, անմիջապես հասկացել է, որ հոր կերպարը հենց Կարեն Ջանիբեկյանը պետք է մարմնավորի: «Այդ առաջարկով մոտեցա նրան. էդպես սկսվեց և՛ մեր ծանոթությունը, և՛ համատեղ աշխատանքը, այնուհետև միասին ապրելն ու զագս գնալը (այս հոկտեմբերի 21-ին զույգը գրանցվել է նաև զագսում-հեղ.): Մեկ-մեկ ասում եմ՝ ես քո 6-րդ երեխան եմ: Մենք միմյանց մասին հոգ ենք տանում նաև որպես հայր ու դուստր»,- անկեղծորեն ասաց տկն Լիանան:
Զույգը համատեղ երեխա չունի, սակայն նշում են, որ իրենց երեխան միասին հիմնադրած Գուրգեն Ջանիբեկյանի անվան «Գուրջան» թատրոն-հիմնադրամն է: Առաջին՝ «Սարերում կյանք կա», ինչպես նաև արդեն երկրորդ՝ «Անառակ դստեր վերադարձը» ներկայացումը, որում Կարեն Ջանիբեկյանը Լիանայի հոր հոգին է մարմնավորում, հենց «Գուրջան» թատրոնի գործերն են:
Լուիզա Ղամբարյան-Գեորգի Պողոսյան
Տարիքային տարբերությունը՝ 29 տարի
Ամուսնացած են՝ 2003 թվականից
Մինչև ամուսնանալը շփվել են՝ հինգ տարի
Համատեղ երեխաներ՝ մեկ աղջիկ
Լուիզա Ղամբարյան-Գեորգի Պողոսյան զույգը շատ պատահաբար ծանոթացել է 1998թ., երբ Լուիզան ընկերուհուն ուղեկցել է բժշկի մոտ: «Երբ ծանոթացանք, նա բավականին հայտնի բժիշկ էր, իսկ ես՝ 21 տարեկան աղջիկ: Ծանոթությունից հետո շատ հետաքրքիր հարաբերությունների շրջան սկսվեց: Նրան հրավիրեցի Դրամատիկական թատրոն՝ «Չաո» ներկայացման պրեմիերային, որում խաղում էի: Մինչև ամուսնանալը նրա հետ շրջագայել ենք տարբեր երկրներով: Մեր տանը համբերատար հարգեցին իմ ընտրությունը, այնուհետև դարձան ամուսնուս լավ ընկերները»,- նշեց դերասանուհին:
Որոշ հոգեբանների այն պնդումը, թե տարիքով տղամարդկանց հիմնականում գրավում են փոքր քթով, խոշոր աչքերով «մռութիկ» աղջիկները, հայտնի բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի դեպքում ոչ մի ազդեցություն չի ունեցել: «Նման բան չի եղել: Նախ՝ նա բարի է, սիրուն, դաստիարակված, խելոք ու տաղանդավոր: Դժվար էր նրա սիրտը գրավելը, սակայն դա տարիքի հետ կապ չուներ: Թե ինչպես կարողացա գերել երիտասարդ Լուիզային, չեմ ասի, քանի որ դրանք տարիներով մշակված ու փորձված մեթոդներ են»,- ընդգծեց հայտնի բժիշկը:
Ըստ դերասանուհու՝ տարիքային մեծ տարբերությունը երկմտանքի տեղիք անգամ չի տվել: «Որոշում կայացնելուց հետո հասկացա, որ եթե ամուսնացել ես, ուրեմն երկմտանք չպետք է լինի: Բայց մինչև ամուսնանալը շատ եմ մտածել ու երկար մտորումներից հետո գնացել այդ քայլին: Իհարկե, տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի, բայց մեր պարագայում այն միայն լավ իմաստով է արտահայտվել: Միշտ ասել եմ, որ ամուսնությունը շատ լուրջ հաշվարկ է, բայց՝ ոչ ֆինանսական: Դու ոչ միայն ամուսնանում ես, այլև պատրաստվում ես ողջ կյանքդ կապել նրա հետ, երեխայիդ հորը, քո լավ ու վատ օրերի ընկերոջն ես նաև ընտրում, իսկ այդ իմաստով դա լուրջ հաշվարկ է: Այժմ կարող եմ ասել, որ իմ հաշվարկների մեջ չեմ սխալվել»,- համոզված ասաց դերասանուհին: Ըստ նրա՝ իրենց «բաժանում» է ոչ միայն 29 տարին, այլև տարբեր ժամանակների դպրոցը, մտածողությունը: «Այդ առումով չենք կարող տարաձայնություններ չունենալ: Քանի որ մեր տանը մեծանում է մեր ընդհանուր երջանկությունը: Նրա դաստիարակության հետ կապված տարբեր կարծիքներ շատ են լինում և, որպես կանոն, վերջում համաձայնվում եմ ամուսնուս հետ, քանի որ նա ավելի մեծ կենսափորձ ունի: Իսկ եթե Աստված տա երկրորդ բալիկը, ուրեմն այդպես էլ կլինի»,- ժպտացող աչքերով հավելեց Լուիզան:
Հրանտ Թոխատյան-Լուիզա Ներսիսյան
Տարիքային տարբերությունը՝ 19 տարի
Ամուսնացած են՝ 2005 թվականից
Մինչև ամուսնանալը շփվել են՝ մեկ տարի
Համատեղ երեխաներ՝ մեկ աղջիկ
Լուիզա Ներսիսյան-Հրանտ Թոխատյան հայտնի զույգը ծանոթացել է արտերկրում՝ ԱՄՆ-ում: Դերասանուհու խոսքերով՝ երկուսն էլ դեմքով ճանաչել են իրար, սակայն առիթ չեն ունեցել շփվելու: «Երկուսս էլ տարբեր հյուրախաղերով ԱՄՆ-ում էինք: Ես ներկայացման հետ կապված հյուր էի ինչ-որ հաղորդման, Հրանտն էլ, ընկերներից մեկի տանը նստած, այդ նույն հաղորդումն է դիտելիս լինում. ընկերներով սկսում են խոսել, ու եթերից հետո Հրանտը զանգահարում է եթերային հեռախոսահամարին և ասում՝ քանի որ առաջին անգամ եմ ԱՄՆ-ում, կուզենար Հոլիվուդն ինձ ցույց տալ: Պայմանավորվեցինք, շրջեցինք, նա ինձ քաղաքը ցույց տվեց: Որոշեցինք նաև միասին որևէ ներկայացման մեջ խաղալ,- պատմեց Լուիզան: - Վերադարձանք Երևան, նա զանգահարեց ինձ՝ ներկայացման համար պայմանավորվելու, ու էդպես սկսվեց մեր սիրավեպը»: Ըստ դերասանուհու՝ տարիքային տարբերությունը նույնիսկ կարևոր է: «Էներգետիկ դաշտով, ամեն ինչով նա համապատասխան է այն իդեալին, որը տարիների ընթացքում ինքս ինձ համար գծել էի: Մեր շփման ընթացքում ունեցել ենք անկեղծ զրույցներ, որոնց ընթացքում է ծնվել սերը, մտերմությունը, հավատն ու վստահությունը: Ինձ համար շատ կարևոր էր, որ իմ կողքի տղամարդը լիներ կայացած՝ տղամարդու բոլոր դրսևորումներով և լիներ լավ հայր, իսկ դրա օրինակը ես ունեի, քանի որ բազմիցս շփվել էի նրա տղաների հետ ու զգացել Հրանտի հայրական հոգատարությունը: Տարիքային տարբերությունը լավ է նաև այն առումով, որ կողակցիդ համար չես մեծանում, մնում ես երեխա, իսկ դա շատ լավ է, քանի որ կանայք սիրում են քնքշանք, փափկություն»:
Հրանտ Թոխատյանի պնդմամբ՝ Լուիզան իրեն գրավել է իր կանացիությամբ և տաղանդով: Ինչ վերաբերում է ընտանիքը համալրելուն, ապա Լուիզան ասաց, որ դեռ չգիտի՝ երկրորդ երեխա կունենան, թե ոչ, քանի որ ծրագրված բաներ չի սիրում. «Կյանքը նրանով է հետաքրքիր, որ իմպրովիզացիա է»:
Նունե Եսայան-Ավո Խալաթյան
Տարիքային տարբերությունը՝ 12 տարի
Ամուսնացած են՝ 2006 թվականից
Մինչև ամուսնանալը շփվել են՝ կես տարի
Համատեղ երեխաներ՝ մեկ տղա
Երգչուհի Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը ծանոթացել են Փարիզում՝ հյուրախաղերից մեկի ժամանակ, որից հետո էլ սկսվել է նրանց սիրո պատմությունը: Երգչուհուց հետաքրքրվեցի՝ իրենից 12 տարի փոքր երիտասարդի հետ ամուսնանալիս կասկածներ չի՞ ունեցել: «Ընտրությունը եղավ, սիրահարվեցի, հետո իմացա տարիքային տարբերության մասին: Ինչպես շատերի դեպքում, ինձ էլ խորհուրդ էին տալիս՝ ասելով, որ դա իսկական սեր չէ, էդ տեսակ ամուսնությունները երկար կյանք չեն ունենում: Բայց դրանք ինձ համար ոչինչ էին, քանի որ ես տեսակով այնպիսին եմ, ով վայելում է պահը, վայրկյանը: Եթե այս պահն ինձ համար հաճելի է, ուրեմն ամեն բան լավ է: Միշտ ասում էի՝ եթե լավ չլինի, կբաժանվեմ»,- ասաց երգչուհին:
Իսկ ահա Ավո Խալաթյանի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ նա մինչև ծանոթանալը մայրիկից է լսել Նունե Եսայան երգչուհու մասին: «Երբ հանդիպեցի Նունեին, նա ինձ գերեց իր խելացիությամբ ու մարդ տեսակով: Մենք միասին ճանապարհ ենք գնացել և այդ 10 օրերի ընթացքում, որ շփվեցինք, ինձ մոտ ոչ մի լարվածություն, անհանգստություն չկար, որովհետև նա շատ հասուն և պարզ մարդ է»,- հավելեց Ավոն:
Նունեի խոսքերով՝ տարիքային տարբերությունը զգացնել էր տալիս ամուսնության սկզբում: «Երկուսս էլ առանձին էինք ապրել, ու մեր մեջ «ես»-ի խնդիր կար, մինչև հասկացանք, որ պետք է լինի «մենք»,- ասաց երգչուհին ու ավելացրեց,- ինչպես բոլոր զույգերի, այնպես էլ մեզ մոտ ևս կարող են տարակարծություններ լինել, սակայն դա տարիքի հետ կապ չունի. չէ որ մարդն ի ծնե իր բնավորությունն է ունենում»:
Հայտնի զույգը շատ է ցանկանում ընտանիքը համալրել երկրորդ երեխայով, սակայն դա երբ կլինի, դեռևս չեն կարող ասել: Զույգը շատ է ցանկանում ընտանիքը համալրել երկրորդ երեխայով, սակայն դա երբ կլինի, դեռևս չեն կարող ասել:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան