Միխայիլ Մարկոսովի որակազրկումը կրկնապատկվեց. պատճառը Հայաստանի հավաքակա՞նն է
Սպորտ
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը 2 անգամ մեծացրել է «ՈւՖայի» լավագույն ռմբարկու Միխայիլ Մարկոսովի որակազրկումը, ով առաջնության 23-րդ տուրում «Սիբիրի» հետ խաղի ժամանակ հեռացվեց խաղադաշտից:
Հիշեցնենք, որ այդ խաղի ժամանակ Մարկոսովն անհաջող կերպով բախվեց մրցակցի դարպասապահին, ինչի արդյունքում երկուսն էլ հոսպիտալացվել էին: Մարկոսովի մոտ քթի կոտրվածք և ուղեղի ցնցում էր, իսկ մրցակցի դարպասապահը դեմքի կոտրվածք և ուղեղի ցնցում էր ստացել:
Ի սկզբանե Մարկոսովին որակազրկել էին երեք խաղով, սակայն կարգապահական կոմիտեի նոր որոշմամբ՝ Հայաստանի հավաքականի հարձակվողը կորակազրկվի 6 խաղով:
«Ես արդեն 100 անգամ ասել եմ, որ բախման պահին չեմ նկատել Թուրինին: Կրկնապատկերում երևում է, որ ինձ են բախվել: Ես չեմ ցանկանում, որ ինձ օգտագործեն ինչ-որ կուլիսային գործերում, ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Ինչո՞ւ են ինձ դրանից զրկում: Ես արդեն դիտարկել եմ բոլոր տարբերակները՝ կապված այս միջադեպի հետ: Տպավորություն է, որ կա՛մ ակումբին են ցանկանում վնասել, կա՛մ էլ ես եմ ինչ-որ բան արել, որը ինչ-որ մեկին դուր չի եկել: Եթե այս ամենի պատճառն այն է, որ համաձայնվել եմ խաղալ Հայաստանի հավաքականում, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվեի: Ազգային հավաքականից հրավեր ստանալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում, ազգությամբ հայ եմ: Մի՞թե դրա համար պետք է պատժեն»,- Մարկոսովի խոսքերը մեջբերում է sportbox-ը:
Նշենք, որ «Ուֆան» արդեն բողոքարկել է ֆուտբոլիստի որակազրկումը և մինչև պատասխան ստանալը ակումբը չի մեկնաբանի միջադեպը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան