Դալմայի այգին պետք է դառնա Նյու Յորքի Central Park-ի պես. քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանն ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց Դալմայի այգիների հողերի ու հողօգտագործողների հարցը: Լրագրողների հետ ճեպազրույցում Վահագն Խաչատրյանը նշեց, որ Երևանի զարգացման հնարավորությունները շատ սահմանափակ են, առաջանում են էկոլոգիական խնդիրներ, որոնցից մեկը հենց Դալմայի հողերն են: Բացի որպես գյուղատնտեսական հողեր ծառայելուց, թեկնածուի դիտարկմամբ, Դալմայի այգին պետք է դառնա քաղաքային այգի, այնպես, ինչպես օրինակ՝ Նյու Յորքի Central Park-ը: Այս մասին գրում է 168.am–ը։
«1991 թվականին, երբ հարցը ներկայացվեց, եկան պատմաբաններ, հնագետներ, որոնք ասացին, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանից այդտեղ հուշարձաններ կան: Դալման ես դիտարկել եմ միշտ՝ որպես քաղաքային ու գյուղատնտեսությանը ծառայող այգի: Օդի մաքրման լավագույն ֆիլտրերը Դալմայի այգիներում են, ու պետք է խնամքով մոտենալ այս հարցին: Դալմայի այգիներում ես ձմեռները դահուկ եմ քշել, ամառները՝ ծիրան կերել… ու ես այս այգին դիտարկում եմ՝ որպես քաղաքային զբոսանքի հարթակ: Համենայնդեպս, կանաչի համար փող կարելի է գտնել: Հավաստիացնում եմ, գումար միշտ էլ կարելի է գտնել՝ ոչ միայն այս հարցը, այլև՝ Ծիծեռնակաբերդի սարալանջի կանաչապատման հարցը լուծելու համար»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Վերջինս ընդգծեց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում՝ այն, ինչ հիմա կա այգու տարածքում՝ չի քանդվելու: Ամենամեծ խնդիրը, ըստ նրա, նորակառույց ավտոմայրուղին է. «Նախկինում նման ծրագիր չի եղել, որ այդտեղ պետք է ճանապարհ կառուցվի: Եթե հիմա ճանապարհի անհրաժեշտություն կա, ես ճանապարհը կկառուցեի 15-20 մետր բարձրության սյուների վրա: Բայց ես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը այսօր չկա»:
Հարցին, թե արդեն ուշ չէ՞ հետ բերել շինարարական աղբն ու ճանապարհը կառուցել սյուների վրա, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Բարձրացնելն՝ այո, իրականում խնդիր է: Միամիտ մարդու տպավորություն, կարծում եմ՝ չեմ թողնում, շատ իրական եմ նայում խնդիրներին: Հետ շրջելու հնարավորությունը ես տեսնում եմ: Ուղղակի ճանապարհից դուրս որևէ շինարարություն պետք է չիրականացվի, ու վերջ»:
168.am-ի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ կարելի է այգու վարձակալների հետ պայմանավորվել, որպեսզի վերջիններս քաղաքացիներին թույլ տան զբոսնել Դալմայում:
Խոսելով բնապահպանական խնդիրներից, նա նշեց, որ «հատ-հատ ծառ տնկելով՝ այս հարցը չես լուծի, Երևանը չես փրկի, պետք է մասայական ծառեր տնկվեն Երևանի ողջ շրջանում, որովհետև արդեն շնչելու տեղ չկա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան