Ընդդեմը՝ ապօրինի իշխանության սպառման, նպատակը՝ հանուն հայի արժանապատիվ կյանքի. Դավիթ Սանասարյան
Քաղաքական
Այսօր «Անի» հյուրանոցում «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված համաժողովին ելույթ ունեցավ նաև կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը.
«Մեր համաքաղաքացիական պայքարը նոր փուլ է մտնում, ու մենք պետք է պատրաստ լինենք նոր զարգացումներին: Քաղաքացիական-քաղաքական շարժումներն ունեն յուրահատուկ ամպլիտուդ հիշեցնող վայրիվերումներ, որոնց ընթացքում լինում են և՛ հիասթափություններ, և՛ ոգեւորություններ, սակայն շարժումների հաջողության հիմնական գրավականը այդ ամպլիտուդների տատանումների նկատմամաբ իմունիտետ ունենալն է…և, ընդհանրապես, հիասթափությունը պայքարող տեսակի համար խորթ զգացողություն է: Վստահ եմ, որ մեր գաղափարական հենքը՝ մեր հանունի համար մղվող պայքարը զուրկ է նման զգաղոցություններից...
Ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունը խորհրդանշական նշանակություն ունեցավ քաղաքացիական հասարակության գիտակցության ևս մեկ արթնացման համար: Սրանով ամրագրեցինք, որ, հանրության, նրա միավորների, անհատների հաղթանակը անվիճելի է, և այն բարձրաձայնվեց Ազատության հրապարակում՝ Սահմանադրության տառին ու ոգուն համահունչ, մերժելով մեկ այլ վայրում տեղի ունեցող երդմնակալության ողջ կեղծիքը:
Այսօր թևակոխում ենք պայքարի հաջորդ փուլ՝ Համազգային պայքարի ճակատ, որտեղ կարևորվելու է քաղաքացիական անձանց գործողությունների ծրագիրը՝ որոնք պետք է պահանջատեր լինեն և դե յուրե իրենց ենթարկեն ազդման լծակները, որոնցից են հաղորդակցման միջոցները, հանրային խոսքի հարթակները…:
Համազգային պայքարի ճակատում, այսուհետ, հարկավոր է.
1. Մեծացնել Քաղաքացիական ներգրավվածությունը սոցիալական և քաղաքական նախաձեռնությունների, գործընթացների շրջանակներում:
2. Պայքարի ընդլայնում արտաքին միջավայրում, կազմակերպման և արժեքների կիրառում, ասել է թե՝ Սփյուռքի բոլոր հայկական օջախներում պայքարը տարածական դարձնելու գործողություններ:
Մինչ օրս վարչակարգը միայն խոսել է, բառեր շռայլել, հանրության խնդիրները լուծելու խոստումներ տվել, սակայն արդյունքում երկիրն օրեցօր դատարկվում է, մարդը՝ իրեն ավելի անպաշտպան գտնում, իսկ անօրինական գործողությունները՝ քրեաօլիգարխիկ բուրգի կողմից լեգալացվում, ձայնը՝ գողացվում կամ արհամարհվում: Այսուհետ խնդիր է դրվելու՝ գործադրել համատեղ գործողություններ՝ պայքարելու վարչակարգի «Բառերն ընդդեմ իրական գործողությունների» ծրագրի դեմ՝ այն փոխարինելով «Համազգային պայքարի Գործողություններ՝ ընդդեմ վարչակարգի դատարկ բառերի»:
Տարիներ շարունակ նույն իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության դերը լուսանցքային էր, սակայն ինչքան էլ փորձեցին այն սահմանափակել, ժողովուրդն ինքնակազմակերպվեց, մերժված լինելով իր իսկ իշխանությունների կողմից՝ նա ինքն իր Տերը դարձավ.
Հաշվի առնելով, համաժողովրդական քվե ստացած, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Համազգային պայքարի ճակատ ստեղծելու հայտարարագիրը և մեկնարկը, առաջարկում եմ.
-Քաղաքացիական ակտիվ խմբերի միջոցով ապահովել քաղաքացիական հասարակության նոր միավորների (օջախների) ստեղծման անհրաժեշտությունը,
-բարձրացնել իրական գործընթացների և պայքարի տեսանելիությունը՝ հանրային հաղորդակցման հարթակներում արտերկրում մեր մյուս հայրենակիցների հետ պատշաճ կապ ապահովելու համար,
- Ձևավորել վստահելիություն և վստահություն՝ նպատակ ունենալով ավելի ակտիվացնել քաղաքացիների մասնակցությունը համազգային այս ճակատում: Քաղաքացու մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն լսողի դերով։ Ամեն մեկը պետք է ունենա առաջադրանք՝
օգտագործել կամավորների ողջ ներուժը՝ ներգրավելով նրանց պայքարի զարգացման ողջ ընթացքին որպես նվիրյալներ:
Գնահատելով մեր Սփյուռքի դերն ու արժեքը՝ ներգրավել մեր հայրենակիցներին Համազգային պայքարի ճակատի ողջ քարոզարշավներին ու խնդիրների լուծման ողջ գործընթացներում՝ հաշվի առնելով այն ազդեցությունն ու ճնշումը, որ հայկական Սփյուռքը կարող է գործել, այդ թվում՝ պայքարի հանգրվանում նրանց վերադարձնելով իշխանությունների կողմից նրանցից գողացված ընտրական իրավունքը:
Պատմությունը ցույց է տվել, որ միայնակ գործելիս ՀՀ քաղաքացու իրավական ազդեցությունը վարչակարգի կողմից պարտադրվող անօրինությանը սահմանափակ է լինում թե՛ շրջանակի, թե՛ մասշտաբի առումով: Ուստի՝ քաղաքացիական այն խմբերը, որոնք ցանկանում են մի թփի, մի քարի, մի հանքի, կամ մի իրավազրվածի պայքար տանել, ողջունում եմ, բայց վստա՛հ եղեք՝ այդ մասշտաբների պայքարը իշխանությանը պատիվ է բերում, նրանք ժողովրդավարի համբավ են ձեռք բերում. դրա համար անհրաժեշտ է մեկտեղել մեր ուժերը և պայքարել լայն ճակատով։
Եւ ուրեմն
-Այլևս չկան սահմաններ, չկան այլընտրանքներ.
-Պայքարը Մեկն է՝ Հանուն Իրավական Հայաստանի կայացման,
-Ընդդեմը՝ ապօրինի իշխանության սպառման,
-Նպատակը՝ հանուն Հայի արժանապատիվ կյանքի:
Ողջունում եմ բոլորիդ Պայքարի Նոր Փուլում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան