Հայ մարմնամարզիկները հայրենիք կվերադառնան մեկ մեդալով
Սպորտ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Մոսկվայից այսօր երեկոյան կվերադառնա Երևան: Մինչ նրա վերադարձը մենք հեռախոսազրույց ունեցանք գլխավոր մարզիչ, Եվրոպայի անհատական առաջնության մրցավար Հակոբ Սերոբյանի հետ: Նա ասաց, որ մեր բոլոր հինգ տղաները արդարացրին սպասելիքները, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները` արժանանալով եվրոպական երկրների մասնագետների գովասանքին: Այնուամենայնիվ թիմը տուն է վերադառնում մեկ մեդալով, որը նվաճեց Արթուր Դավթյանը: Երևանցի 20–ամյա մարզիկը իսկական մարտիկ է, օժտված՝ բարոյակամային բարձր որակներով ու այս մասին նա ապացուցեց բազմամարտի մրցումներում՝ գրավելով պատվավոր ութերորդ տեղը: Արթուրն այնուհետև փայլեց հենացատկերում, վաստակեց 14,866 միավոր, ճանաչվեց երրորդը ու արժանացավ բրոնզե մեդալի: Պետք է ասել, որ նրա մեդալը արծաթե փայլ կունենար, եթե չսխալվեին մրցավարները, որոնք ուշացումով ներողություն խնդրեցին իրենց թույլ տված վրիպումի համար: Հպարտությամբ կարելի է ասել, որ Արթուրի կատարած երկրորդ՝ 2, 5 պտույտով (900 աստիճան) ցատկը բարդագույններից է և աշխարհում սակավաթիվ մարզիկներ են կատարում այդօրինակ տարրը: Արթուրի նվաճումը ճիշտ ընկալելու համար ասենք, որ մոսկովյան ստուգատեսում առաջին և երկրորդ տեղերը գրավեցին Լոնդոնի օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ մրցանակակիրներ, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը և ռումինացի Ֆլավիուս Կոշչին: Վերջինից, նույնիսկ սխալ մրցավարության պարագայում, Արթուրը հետ մնաց ընդամենը 0,021 միավորով:
Ա. Դավթյանի հաջողությունը ավելի մեծ կլիներ, եթե մեզանում ունենայինք հենացատկի վերջին արտադրության կամրջակ: Բայց մեր ունեցածը հնաոճ է, որի հետևանքով մերոնք չեն կարողանում կարճ ժամանակում հարմարվել նոր, մրցումային գործիքին:
Մենք սպասելիքներ ունեինք նաև եվրոպականի համարում ունեցող մարզագույքից՝ նժույգից: Գնահատվում է այն հանգամանքը, որ նժույգթափերում աշխարհի ուժեղագույն վեցյակը ավանդաբար համալրվում է հին աշխարհամասի մարզիկներով: Մյուս կողմից էլ հույս ներշնչեց Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի սահմանած անձնական ռեկորդը՝ 15, 366 միավոր: Բայց նժույգթափերում մրցակցությունն այնքան է մեծացել, կատարվող տարրերն այնքան են բարդացել, որ նույնիսկ ռեկորդային ցուցանիշը Հարությունին կարողացավ հասցնել մինչև հինգերորդ հորիզոնականը: Եվ սակայն Հայաստանի հավաքականի մարզիչները Հարությունից գոհ են և եթե նա մեդալի չարժանացավ, ապա այս գործում մեղքի իրենց բաժինն ունեն նաև մեր մասնագետները, որոնք հենց Մոսկվայում որոշեցին անպայման բարդացնել երևանցու ծրագիրը: Իսկ մրցանակային եռյակում տեղ գտան Լոնդոնի օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության մեդալակիրները, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հակոբ Սերոբյանը խոստովանեց նաև, որ ամեն մրցումներից հետո, տուն վերադառնալով, ամոթով են նայում Ալբերտ Ազարյանին, քանզի առայժմ չեն կարողանում իրականացնել իրենց հիմնական նպատակներից մեկը՝ մեդալակիր ունենալ նաև օղակների վրա վարժությունում, որը աշխարհում հայկական մրցաձևի համարում է ստացել հենց օղակների արքա Ալբերտ Ազարյանի շնորհիվ:
Հուսանք, որ հավաքականի մարզչական խորհրդի անդամները, մարմնամարզության ջատագով մեր բոլոր մասնագետները, նպատակները կիրականացնեն հոկտեմբերի սկզբներին, երբ Բելգիայի Անտվերպեն քաղաքում կանցկացվի աշխարհի առաջնությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան