Չնայած չորս կողմից եկող հարվածներին՝ Րաֆֆին կշարունակի բոլորին միավորել. Թևան Պողոսյան
Քաղաքական
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին Lurer.com-ի թղթակիցը մի քանի հարց է ուղղել նախագահական ընտրություններից հետո մեր երկրում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի նոր փուլին՝ «Նոր Հայաստան» շարժմանը, վարչապետի վերանշանակմանը, անդրադարձ է եղել նաև մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեռքբերումներին և բացթողումներին.
-Պարո՛ն Պողոսյան, «Ժառանգությունը» պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին։ Ոքանո՞վ եք մրցունակ համարում ձեր կուսակցության կողմից ներկայացրած ցուցակը։ Ի՞նչ կտա «Ժառանգությանը» այս ընտրությունը, և արդյոք այն երկրորդ պլան չի՞ մղում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը:
-«Բարև Երևան» դաշինքը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին է գնում սրտացավ, ազնիվ ու փոփոխությունների պատրաստ մարդկանցով: Եթե կա մեկը, ով կասկածում է Արմեն Մարտիրոսյանի վճռականությանն ու նվիրվածությանը, ես ասում եմ՝ սխալվում եք: Եթե կա մեկը, ով կասկածում է Անահիտ Բախշյանի հետևողականությանը կամ Մեսրոպ Մովսիսյանի՝ պայքարելու ոգուն, ես ասում եմ՝ սխալվում եք: Ստյոպա Սաֆարյանի հետ մեջք մեջքի՝ երկուսով, բազում առիթներով թուրք-ադրբեջանական հոծ պատնեշներ ենք անցել՝ ամեն վայրկյան զգալով ընկերոջ ամուր ուսը: Դավիթ Սանասարյանի հետ, հարկ եղած դեպքում, առանց վարանելու առաջին գիծ կարելի է գնալ: Նույնը կարող եմ ասել «Բարև Երևանի» մյուս անդամների մասին: Բայց սա միայն մարդկային որակների մասին: Իսկ իր միասնության մեջ «Բարև Երևանը» թիմ է, քաղաքական ամուր միավոր, որը կարող է հաղթել, կարող է փոխել, կարող է նոր միջավայր ստեղծել ու պաշտպան կանգնել բոլորին:
Հարցնում եք՝ խանգարո՞ւմ է սա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին: Պատասխանում եմ՝ այնքանով, որքանով կխանգարի սահմանադրական փոփոխությունների կամ նոր ընտրական օրենսգրքի համար համակարգված աշխատանքն ու, ասենք, կոռուպցիայի որևէ դրսևորման դեմ պայքարը: Րաֆֆու պայքարը նոր Հայաստանի համար է, այսինքն՝ նորին, թարմին, լուսավորին տանող յուրաքանչյուր դրսևորման համար: Սա հենց ճիշտ այդ դեպքերից է:
-Ձեր կուսակցության առաջնորդը «Նոր Հայաստան» շարժման մասին հայտարարեց։ Ինչքանո՞վ եք այն իրատեսական համարում, ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլը:
-«Նոր Հայաստանը» վերկուսակցական, վերհատվածային և վերխմբային շարժում է, բոլորի համար է, որ պիտի իրականություն դառնա բոլորի կողմից: Չհավատալ դրա իրատեսականությանը՝ նշանակում է մտնել հոռետեսության ճահիճը, ինչը նախևառաջ դատապարտվածության ծանրություն կդնի յուրաքանչյուրիս վրա: Ոչ միայն իրատեսական եմ համարում, այլև այլընտրանք չեմ տեսնում դրան: Կարծում եմ՝ չնայած չորս կողմից եկող հարվածներին՝ Րաֆֆին կշարունակի բոլորին միավորելու, հանուն կարևոր նպատակի ուժերը մեկտեղելու իր քայլերը: Ավելի ճիշտ՝ վստահ եմ դրանում:
-Վարչապետը վերանշանակվեց. ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանն ունա՞կ է լուծելու մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները: Ձեր գնահատմամբ՝ ինչքանո՞վ է վարչապետը ինքնուրույն գործում:
-Այո՛, վարչապետը վերանշանակվեց, չնայած փոփոխության շատ մեծ սպասելիքներ կային թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակության մեջ: Ինչքանով է ինքնուրույն գործում, ճիշտն ասած չգիտեմ, ու դա կարևոր էլ չեմ համարում: Ավելի կարևոր է մեկ բան՝ անցած 5 տարիների գործելաոճը, արդյունքում, գնահատվել է անբավարար, մեր հասարակության մեծամասնության կողմից է այդպես գնահատվել, և, կարծում եմ, դրանում ոչ ոք չի կասկածում: Հիմա կա երկու ճանապարհ՝ կա՛մ գիտակցել դա ու իսկապես գործելաոճ ու իրականություն փոխել, կա՛մ շարունակել նույն կերպ ու գնալ վտանգավոր ճանապարհով: Ինչ ընտրություն կլինի, կիմանանք շատ շուտով:
-Ըստ Ձեզ՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացա՞ծ է, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ ունենք այս ասպեկտում:
-Քաղաքացիական հասարակությունը կայանում է բավականին արագ տեմպերով, բայց մենք դեռ այդ գործընթացի, այսպես ասած, «ոգևորության» փուլում ենք: Անհրաժեշտ է ամրապնդել գործընթացի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի այն անշրջելի դառնա: Մենք կարևորագույն օրենսդրական կարգավորումների կարիք ունենք, որոնք վաղուց արդեն հասունացել են: ԱԺ պատգամավորի իմ ներկա կարգավիճակն ինձ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ լինել այդ հարցերի կարգավորման ուղղությամբ, մի բան, ինչը ես հիմա հասարակական հատվածի իմ բազմաթիվ գործընկերների հետ անում եմ մեծ հաճույքով: Հուսով եմ՝ շուտով շոշափելի արդյունքներ էլ կլինեն:
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան