Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգևատրեց Սլովակիայի Տրնավայի երկրամասի նահանգապետին
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին՝ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու, բարեկամական կապերի ամրապնդման և միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար:
Հանձնելով բարձր պարգևը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Տիբոր Միկուշին ճշմարտությունը վերհանելու և պատմական արդարությունը վերականգնելու գործում ունեցած նրա ավանդի համար, քանի որ նաև նրա անմիջական ջանքերով և ակտիվ մասնակցության շնորհիվ է Սլովակիայի Հանրապետության կողմից ընդունվել Հայոց ցեղասպանությունը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն է հայ ժողովրդի նկատմամբ, այլև հանցագործություն է համայն մարդկության հանդեպ և ցեղասպանության՝ որպես ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության չդատապարտումը նշանակում է ոչ միայն չկանխել, այլև մեծացնել նմանատիպ ոճրագործությունների կրկնման հավանականությունը:
Շնորհակալություն հայտնելով գնահատվելու և բարձր պարգևի արժանանալու համար՝ Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը նշեց, որ սա ոչ միայն իր այլև իր գործընկերների պարգևն է, ովքեր Սլովակիայի խորհրդարանում միաձայն կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Նա բարձր գնահատեց Հայաստանի և Սլովակիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ այսուհետ ևս կաջակցի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում