Վրաստանում հայկական եկեղեցիները կվերանորոգվեն անվճար
Վրաստան
Վրաստանի մշակույթի և մշակութային հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել է, որ Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերանորոգման աշխատանքներն ընթանալու են բոլորովին անվճար. տեղեկացնում է Грузия-Online-ը:
Ինչպես հավաստիացրել է նախարարը, այդ որոշումը կայացրել վարչապետ Իվանիշվիլին և ծանոթացրել է այն հայկական կողմին Երևան կատարած իր այցելության ժամանակ:
Սակայն այս նախաձեռնությունը առաջ է բերել վրաց հանրության մի մասի դժգոհությունը:
«Ընդամենը իրարից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած են մզկիթը, հայկական եկեղեցին և վրացական տաճարը: Մենք առավել հարուստ կդառնանք, եթե սկսենք ավելի շատ սիրել, ավելի շատ տալ և ավելի շատ հարգել: Համարձակ քայլեր ձեռնարկելն արդյունավետ է միշտ, և այսօր մենք պետք է առաջ գնանք հենց համարձակ քայլերով»,-հայտարարել է նախարար Օդիշարիան:
Նրա խոսքերով՝ վրաց մասնագետներն ուսումնասիրել են այդ հուշարձանները, և նրանց կարծիքով՝ դրանց թվում կան այնպիսինները, որոնց վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեն արդեն մի քանի ամիս անց:
Օդիշարիան նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ Վրաստանը պատրաստվում է համաձայնություններ ձևակերպել: Քանի որ կան տարակարծություններ, ապա տաճարների ծագման պատմությունն ուսումնասիրելու են հատուկ այդ ուղղությամբ աշխատող հնէաբանները: Զուգահեռաբար ելնելով հայկական կողմի հետ գործող համաձայնությունից՝ Հայաստանում վրացական եկեղեցիների վերանորոգումն ընթանալու է վրաց մասնագետների մասնակցությամբ. հայտարարել է նախարարը և նշել, որ Հայաստանում վրացական կոթողների թիվը 13-ն է, և առաջին բանը, որ պետք է ձեռնարկվի այդ հուշարձանների պաշտպանության համար, դա դրանց համար անձնագրերի ձևակերպումն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան