Այսօր Մալարիայի համաշխարհային օրն է
Աշխարհ
Մալարիան աշխարհի շատ երկրների առողջապահական հիմնախնդիրներից է և մնում է մանկական մահացության հիմանական պատճառներից մեկը: Չնայած վերջին ժամանակաշրջանի հաջողություններին, երկրագնդի բնակչության մոտ կեսն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ մալարիայով վարակման մշտական վտանգ կա: Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը՝ 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում:
Վերջին շրջանում մալարիայի համաճարակային իրավիճակը բարդանում է նաև այս հիվանդության դեղորայքակայուն ձևերի տարածման և մոծակների՝ միջատասպան նյութերի նկատմամբ կայունության առաջացման պատճառով:
Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից և բացակայել է ընդամենը 31 տարի' 1963-1994թթ.: 1994 թվականից Արարատի և Արմավիրի մարզերում սկսել են արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր: Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես' Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006թ. սկսած համակարգված և բազմոլորտ պայքար ծավալեց մալարիայի դեմ, ինչի արդյունքում հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:
Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առաջին երկիրը դարձավ, որին հաջողվեց հասնել հիվանդության էլիմինացմանը' երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: 2011թվականին այս փաստը, համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի, վկայագրվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց որպես մալարիայից ազատ տարածք: Մալարիայի էլիմինացման մեր երկրի փորձն այսօր կիրառվում է տարածաշրջանի այլ երկրներում՝ ի կատարումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների կողմից 2005թ.վավերացված տաշքենդյան հռչակագրի, որի նպատակն է մինչև 2015 թվականը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում վերացնել մալարիան:
Սկսած 2007 թվականից ամեն տարի ապրիլի 25-ին ամբողջ աշխարհը նշում է մալարիայի դեմ պայքարի միջազգային օրը որպես մալարիայի դեմ պայքարի, արձանագրած արդյունքների գնահատման և ամփոփման օր:
Այս տարի ԱՀԿ ընդգծում է շարունակական ներդրումների և կայուն քաղաքական ուշադրության անհրաժեշտությունը՝ աշխարհում մալարիայի կանխման և վերահսկման համար: 2010 թվականին ՄԱԿ-ի հռչակած գլոբալ նպատակներն են' կանխարգելման և բուժման մատչելի ծառայություններ տրամադրել մալարիայի վտանգին ենթարկվող բոլոր մարդկանց և 2015 թվականին հասնել մալարիայից մահվան դեպքերի բացառմանը:
Մեր երկիրը մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում մեծ հաջողությունների է հասել հետևողական քաղաքականության, շահագրգիռ կառույցների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ քաղաքացիական բնակչության համակարգված ու համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)