Բազմալեզու տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն
Հասարակություն
Այսօր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության /ԱՄԱՓ/ միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրելու մասին» համաձայնագիր:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ և տնօրեն Ռիչարդ Նայը:
Համաձայնագիրը գործելու է 2 տարի ժամկետով:
Ըստ համաձայնագրի՝ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպությունը Եվրամիության անդրսահմանային համագործակցության «Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք»/ BSSRC ծրագրի շրջանակներում ստացված միջոցների հաշվին պարտավորվում է պատրաստել վահանակներ և մոբիլային ապլիկացիաներ հուշարձանների տարածքներում տեղադրելու նպատակով: Վահանակների և մոբիլային ապլիկացիաների տեքստերը թարգմանել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Ինչպես նաև, վահանակների դիզայնը, դրանց տեղադրման վայրի նախագծերը և թարգմանված տեքստերը պարբերաբար սահմանված կարգով համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ:
ՀՀ մշակույթի նախարարությունն իր հերթին պարտավորվում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպությանը տրամադրել վահանակների հաստատված հայերեն տեքստերը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում հուշարձանների տարածքներում տեղադրել ԱՄԱՓ-ի կողմից տրամադրված վահանակները:
ԱՄԱՓ-ի կողմից ծրագիրն իրականացվում է ԵՄ անդրսահմանային համագործակցության «Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել Միջսահմանային զբոսաշրջության երթուղի «Սևծովյան Մետաքսի Ճանապարհի Միջանցք» /BSSRC/ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի միջև:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան