Եվրախորհրդարանի՝ ՀՀ հետ բարեկամության խմբի անդամները՝ Մայր աթոռում
Այլ
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:
Կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց այն ջանքերը, որ խմբի անդամները ներդնում են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայաստանի՝ Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի ուղղությամբ:
Ի դեմս խմբի անդամների Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, պետություններին և անհատ անձանց, ովքեր կարևոր ներդրում են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը կնպաստի նաև մարդկության կյանքում տեղ գտնող նման երևույթների կանխմանը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի առաքելությանը՝ նշելով, որ թեև այն ուղղված է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների սերտացմանը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, սակայն դուրս է գալիս այդ սահմաններից և համամարդկային բնույթ ստանում՝ ի նպաստ արդար ու խաղաղ աշխարհի կառուցման:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան