Հարավային Օսիան մեղադրում է Իվանիշվիլիին նացիզմի մեջ
Վրաստան
Հարավային Օսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ելույթին, որի ընթացքում վարչապետը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտության կոչեր էր հնչեցրել:
Ինչպես գրում է տեղական «Ռես» գործակալությունը, Հարավային Օսիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չեն հավատում «օսերի նկատմամբ եղբայրական վերաբերմունքի մասին վրաց առաջնորդների ամպագորգոռ և ստահոդ հայտարարություններին»,-մեջբերում է Lenta-ն:
«Հարավայի Օսիայում ոչ ոք կասկած չունի, որ Վրաստանը նացիզմի գաղափարախոսության ջատագովներից է: Դրան ի ապացույց՝ կարելի է բերել բազմաթիվ օրինակներ: Մասնավորապես՝ Իվանիշվիլին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ նշել է, որ բացառված է «օկուպացված տարածքների մասին» օրենքի լուծարումը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի վերաբերմունքի անփոփոխ մնալը»:
Նախարարությունը քննադատաբար է արձագանքել «աբխազ և օս եղբայրների հանդեպ նախկին կառավարության սխալների» մասին Իվանիշվիլիի արած հայտարարությանը, նշելով, որ վրացիներն ու օսերը երբեք էլ եղբայրներ չեն եղել, այլ պարզապես ճակատագրի կամոք բնակվել են հարևանությամբ: Ցխինվալիում քննադատել են նաև 2008-ի դեպքերը որպես ռուս-վրացական պատերազմ որակելու երևույթը, քանի որ այն պետք է դիտարկել որպես Հարավային Օսիայի ժողովրդի նկատմամբ վրացիների կողմից դրսևորված ագրեսիա. հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ-ն՝ մեղադրելով վրացիներին շովինիզմի և քսենոֆոբիայի մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան