Կարեն Գիլոյան. «Ում է պետք մարդ՝ առանց երազանքների»
Հասարակություն
Այսօր հաղորդավար, մեկնաբան Կարեն Գիլոյանի ծննդյան տարեդարձն է: Մեկնաբանն իր ծննդյան օրը տոնական շուքով է սկսել դեռևս գիշերվանից: «Լրանում է ծննդյանս քառասուներեք ամյակը: Օրը սկսել եմ սովորական՝ հեռախոսազանգերով: Փառք Աստծո, ես շատ ընկերներ ունեմ ու այսօր արդեն հազարավոր զանգեր եմ հասցրել ստանալ: Բոլորի հետ մի-մի բառ եմ հասցրել խոսել: Ամեն զանգը մի ժպիտ է բերում, մի բերկրանք, իսկ ժպիտը հետո էներգիայի է վերածվում, իսկ էներգիան՝ առողջության»,- ArmStar.am-ին նշեց Կարեն Գիլոյանը:
Այսօր սիրված մեկնաբանն աշխատանքային եռուզեռի մեջ է, հասցրել է եթեր դուրս գալ, անձնական գործերով զբաղվել, հանդիպումներ կազմակերպել: Մեզ հետ զրույցի ժամանակ էլ Կարենը մեքենայի ղեկին էր, ոստիկաններից զգուշանալով վարում ու պատմում էր իր օրվա պլանների մասին: «Ես եթերում էի այսօր, հիմա էլ գնում եմ երգիչ կրտսեր ընկերներիս երգի շնորհանդեսին՝ պրեմիերա է լինելու, հետո գնալու ենք նշելու: Այնուհետև գնալու եմ իմ ծննդավայր՝ Ջավախք, որտեղ ծնողներիս ու մտերիմ ընկերներիս հետ միասին նշելու ենք ծննդյանս արարողությունը»:
Կարեն Գիլոյանն իր ստացած նվերներից ոչ մեկը չառանձնացրեց. «Բոլորն էլ փորձում են օրիգինալ լինել, բայց ինձ համար օրիգինալությունը չէ, որ կարևոր է: Կարևորն ուշադրությունն է, որ ցուցաբերում են իմ նկատմամբ»,- ավելացրեց Կարենը: Այսօր աշխատավայրում Կարենին գործընկերներն օրիգինալ անակնկալ են մատուցել: «Իմ նախկին ուսանող, հիմա նաև գործընկեր Հասմիկն ու Գոհարիկն այսօր ինձ այսպես ասած «ռոզիգրիշ» արեցին, այսպես էին ինձ որոշել շնորհավորել, բայց չվիրավորվեցի, որովհետև ամեն ինչ շատ լավ ու ուրախ ստացվեց: Մի ընկերության անունից զանգել ու ինձ ինչ-որ բաներ էին հարցնում: Բայց, ես միշտ գիտակցում եմ, որ պիտի այնպես խոսել, որ հնարավոր է նաև խաղարկում լինի: Այնպես որ ամեն ինչ լավ ընթացավ, տրամադրությունս էլ դրանից բարձրացավ»:
Կարեն Գիլոյանի համար կարևոր է նաև այսօրվա եղանակը: Մեկնաբանն այնչափ լավատես ու կենսուրախ է, որ իր համար այսօր «նվեր» է նաև արևոտ եղանակը: Իսկ իր առաջին նվերը հոբելյարը դեռևս գիշերն է ստանալ. «Աղջիկս ժամը 12ին տորթ էր բերել տուն, ինձ խաղարկելով կանչեց խոհանոց, իբրև թե լամպը փոխելու, մտա խոհանոց, տեսա, որ տորթի վրա հինգ մոմ էր վառել, շատ ուրախացա անակնկալից, ոգևորվեցի: Բացի սրանից արդեն հասցրել եմ օծանելի հավաքածու ստանալ»,- ավելացրեց Կարենը:
Իր ապագա տարիների պլանների մասին մեկնաբանը ևս կիսվեց մեզ հետ: Բնականաբար նա շատ նպատակներ ու ծրագրեր ունի: «Ում է պետք այն մարդը, ով երազանք կամ նպատակ չունի, մարդը միշտ պիտի նայի ապագային, պետք է փորձի հետաքրքիր ու նպատակային դարձնել այն: Ես ինքս կենսուրախ մարդ եմ, իներտ չեմ, և միշտ ինչ-որ բանի համար եմ ապրում, հանուն ինչ-որ բանի: Հետագա տարիներիս էլ գնալու եմ նպատակներիս ետևից. բազում պլաններ ունեմ թե' անձնական կյանքում, թե' բիզնեսի առումով, թե' պրոֆեսիոնալ կյանքում էլ ավելի կատարելագործվելու առումով»,- ավելացրեց Կարենը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան