Խելքի՛ եկեք, ժողովո՛ւրդ. Արամ Մանուկյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց նիստի աշխատանքները։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քառօրյայի երկրորդ օրը ԱԺ խմբակցությունների հայտարարությունների օրն է։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարության թեման կրկին արտագաղթն է, ըստ իրեն՝ ամենամեծ մարտահրավերը հայ ժողովրդի և հայ պետականության առջև կանգնած։
«4-5 օր առաջ ես և Վահագն Խաչատրյանը Հայաստանի Բագրատաշենի անցուղով անցնում էինք Վրաստան և ներկա եղանք մի դաժան տեսարանի, որից օրեր շարունակ չեմ կարողանում ազատվել։ 300-400 երիտասարդ 10 մեծ և 10-15՝ փոքր միկրոավտոբուսներով մեկնում էին Ռուսաստան, մոտ 3 օր պետք է գնային, մուծել էին մոտավորապես 60 հազար դրամ, և գնում էին աշխատանք փնտրելու։ Մի մասը գնում էր ընտանքի հետ, մի մասը՝ երեխաների հետ, բայց մեծ մասը բանակում ծառայած երիտասարդներ էին, որոնք իրենց պարտքը կատարել էին Հայաստանում և գնում էին օտար ափեր՝ աշխատանք փնտրելու։ Ես ուսումնասիրություններ եմ անում՝ արտագաղթի վիճակագրության թվերի հետ կապված, և Ձեզ ասեմ, որ նոր փուլը նախագահական ընտրություններից հետո ավելացավ, մի փուլ էլ ավելացել է երդմնակալության արարողությունից հետո»,-ասաց Արամ Մանուկյանը։
Վերջինիս խոսքերով՝ մոտավորապես 500 հոգին նվազագույնն է այսօրվա մեկնողների քանակում, թիվը որոշ դեպքերում հասնում է օրը 1000-ի։ «Սա իսկապես ծանր դեպք է, և այս երևույթն ամենևին իշխանության կամ ընդդիմության խնդիրը չէ։ Եթե այս արտագաղթը, որ ես համարում եմ պարտադրված իշխանությունների կողմից, նույնիսկ անտարբերության մատնված կամ կազմակերպված, շարունակվեց՝ այդ ջահել երիտասարդների կեսն ամուսնանալու են ռուսների հետ, կեսը մնալու են, և այսօրվա վիճակով միջինը կազմում է ամսեկան 20 հազար. եթե այս թվից 10 հազարն էլ չվերադառնա, դա տարեկան անում է 100-120 հազար։
Սա կա՛մ իշխանությունների չկարողության, կա՛մ չկամության, կա՛մ դիտավորյալ կազմակերպման խնդիր է. բոլոր դեպքերում էլ մարդիկ արտագաղթում են, խելքի՛ եկեք ժողովուրդ. այս վիճակից դուրս գալ է պետք»,-ասաց Արամ Մանուկյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան