Լուսինայի անկեղծ զրույցը
Հասարակություն
Լուսինան պաղպաղակ շատ է սիրում, բայց հաճախ չի ուտում. ձայնալարերը կարող են վնասվել: Կազմվածքի ու դիետայի հետ կապված ոչ մի խնդիր չունի։
- Հայաստանում լինելու վերջին մի քանի օրերի ընթացքում ընդմիշտ մնալու ցանկություն չառաջացա՞վ:
- Ճիշտ է՝ Հայաստանում չեմ ապրում, բայց ինձ մոտ հակառակ տպավորությունն է: Սա իմ հայրենիքն է, հաճախ եմ այցելում, այստեղ են ընտանիքս ու ընկերներս: Պարզապես աշխատում եմ նոր ալբոմիս վրա. միայն այդ պատճառով եմ արտերկրում: Ամեն դեպքում, կապը միշտ կա, և ես հաճախ եմ լինում հայրենիքում: Ի վերջո, այստեղ դեռ կհասցնեմ բնակվել:
- Պետհամալսարանն (միջազգային հարաբերությունների ֆակուլտետը) ավարտելուց անմիջապես հետո՞ մեկնեցիր Հայաստանից:
- Մագիստրատուրան էլ ավարտեցի ու մեկնեցի: Հասկացա, որ շատ եմ ուզում երգչուհի դառնալ:
- Իսկ հետաքրքրվո՞ւմ ես, թե համակուրսեցիներդ այսօր ինչով են զբաղված:
- Այո, մենք հաճախ ենք շփվում, հեռախոսով զրուցում, հարմար առիթի դեպքում նաև հանդիպում: Նրանցից շատերը զբաղված են իրենց մասնագիտությամբ, մյուսներն էլ՝ ընդհանրապես առնչություն չունեն այդ ոլորտի հետ:
- Վերջին անգամ ե՞րբ ես հանդիպել նրանց:
- Այս այցիս ընթացքում շատ զբաղված էի, չհասցրինք հանդիպել: Բայց հեռախոսը միշտ օգնում է մեզ:
- Տեղյա՞կ ես՝ տեսահոլովակդ դիտելուց հետո ընկերներդ շա՞տ են զարմացել: Ի վերջո, ոչ բոլորի համակուրսեցիներն են աստղեր:
- Այո, բոլորն էլ շատ զարմացած էին: Չգիտեին, որ երգով զբաղվելու ծրագրեր ունեի: Կարծում էին՝ գործունեությունս կշարունակեմ իմ մասնագիտությամբ:
- Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչ հասցրեցիր անել:
- Երբ եկանք, միանգամից զբաղվեցինք համերգի նախապատրաստական աշխատանքներով ու փորձերով: Իսկ համերգից հետո շատ հարցազրույցներ ունեցա: Անընդհատ զբաղված եմ ու շատ բան անել չեմ հասցնում:
- Հայաստանում հայրական տա՞նն ես ապրում:
- Այո, իհարկե:
- Ձեր տանը շա՞տ բան է փոխվել բացակայությանդ ընթացքում:
- Ոչ, ամեն ինչ նույնն է, ամեն ինչ իր տեղում է, ոչինչ չի փոխվել:
- Սենյակդ է՞լ է նույնությամբ պահպանվել, կնկարագրե՞ս:
- Սենյակս բավականին «հագեցած» է: Կահույքն ու պատերը գունավոր են: Ինչ վերաբերում է դեկորին՝ խամրած գույներ չեմ սիրում, սիրում եմ վառ գույներ: Նկարներ էլ կան սենյակումս, շատ եմ սիրում դրանք:
- Կողքից դատելը մի փոքր հեշտ է: Թվում է՝ Մանուկյանների ապահովված ընտանիքից լինելը (հայրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանն է) հեշտացրեց հայտնի դառնալուդ ուղին:
- Դժվարություններ շատ են եղել: Թող չթվա՝ միանգամից հայտնվեցի ճիշտ տեղում. պայմանագրեր կնքեցի ու համագործակցեցի Wyclef-ի հետ: Երկար ճանապարհ եմ անցել, ու այս ամենը սկսվել է դեռևս 2001-ից: Շատ խնդիրներ կային. սովորում էի համալսարանում, սակայն լրջորեն մտածում էի երգչուհի դառնալու մասին: Վիճակն անկայուն էր ու շատ բաներ էին խանգարում. կրթություն էի ստանում, բայց միևնույն ժամանակ ցանկանում էի երգով զբաղվել: Ամեն ինչ հարթ չի ընթացել, այլ բազում դժվարություններով:
- Երևանյան համերգին շատ անմիջական էիր ու ինքնաբուխ արտահայտություններ էիր անում: Դու մի՞շտ ես համերգներին այդպիսին, թե՞ Հայաստանում գտնվելդ էր պատճառը:
- Հայրենիքում զգացողությունը միանգամայն այլ է: Չես կարող համեմատել այլ երկրներում ունեցած համերգների հետ: Շատ ոգևորված էի, շատ հուզված: Իհարկե, ուրիշ բեմերում երգելը նույնպես պատասխանատու է, բայց հայրենիքում ամեն ինչ այլ է:
- Երեկույթներին և միջոցառումներին չափված-ձևված աղջկա տպավորություն ես թողնում: Երբևէ երեկույթներին Լուսինային կտեսնե՞նք այլ կերպարով:
- Ես, իհարկե, խենթություններ ունեմ՝ ինչպես շատերը, բայց ինձ համար կան չափանիշներ, սկզբունքներ ու արժեքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Հորինած կերպար չունեմ: Ոչ մի տարբերություն չկա այն Լուսինայի միջև, ով այժմ քեզ հետ է զրուցում և այն Լուսինայի, որ երեկույթի է գնում: Իհարկե, բեմում կարող եմ ավելի բուռն արտահայտել այն, ինչ զգում եմ: Բայց կոնկրետ տարօրինակություններ, խենթություններ չեմ կարող անել, որ մարդիկ հետո չասեն՝ օ, սա Լուսինան է:
- Հետաքրքիր է՝ որքա՞ն խենթ ես: Մոտակայքում, արհեստական լճակում փչովի նավակներ կան: Կգա՞ս նստենք:
(Երգչուհին անակնկալի եկավ ու սկսեց ծիծաղել): - Եթե հագուստս համապատասխաներ, կգայի (կրկին ծիծաղեց):
- Այդ դեպքում հաջորդ անգամ ե՞րբ գնանք նավակ քշելու:
- Հավանաբար մեկ ամսից կրկին կլինեմ Հայաստանում, այդ ժամանակ էլ կգնանք: Բայց դա խենթություն չէ (նորից ծիծաղում է):
- Լավ, Նյու Յորքում միայնա՞կ ես ապրում:
- Ինձ հետ միշտ որևէ մեկը լինում է: Հիմնականում՝ մայրս, մորաքույրս: Միշտ մեկնումեկը հետս ճամփորդում է, օգնում ինձ: Աշխատանքային գործընթացս շատ բուռն է:
- Քույր կամ եղբայր ունե՞ս:
- Եղբայր ունեմ՝ Դավիթը: Նա իր սեփական բիզնեսով է զբաղվում: Շոու-բիզնեսի հետ, բնականաբար, ոչ մի կապ չունի:
- Գի և Լուսինա Մանուկյանները պատահմամբ ազգականներ չե՞ն:
- Մանուկյան ազգանունը բավականին տարածված է և դա պարզապես զուգադիպություն է: Գիի հետ ծանոթացել եմ մոտ մեկ տարի առաջ: Մեզ ծանոթացրեց մեր ընդհանուր ընկերը և այդպես էլ սկիզբ դրվեց մեր համագործակցությանը:
- Երբ ստուդիայում պատահաբար իմացար, որ Wyclef Jean-ը ցանկանում է զուգերգ ձայնագրել քեզ հետ, ի՞նչ զգացողություններ ունեցար:
- Ես ու Գին աշխատում էինք ստուդիայում, հարևան ստուդիայում էլ՝ Wyclef-ը: Նա, լսելով մեր ձայնագրությունները, հավանել էր, որովհետև երգերը նոր էին, դեռ չլսված: Նա առաջարկեց միասին ձայնագրվել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կատարվեց ինձ հետ, երբ Wyclef-ի նման մեծությունն ու ինձ համար լեգենդար աստղը նման առաջարկ արեց ինձ: Ես պարզապես շոկի մեջ էի: Իսկ տեսահոլովակ նկարահանելու լուրը ուղղակի ցնցեց: Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է, որ Wyclef-ի նոր ձայնասկավառակում ընդգրկված է նաև մեր զուգերգը: Շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:
- Հայտնի ռեփերի հետ On Tour տեսահոլովակը դիտելով քչերն էին հավատում, որ հայ ես: Դա քեզ մտահոգո՞ւմ, թե՞ ուրախացնում էր:
- Բազմիցս եմ լսել այդ մասին: Ընկերներիս մոտ ինձ ճչանաչող մարդիկ նույնիսկ վիճել են: Նրանցից մեկը ոչ մի կերպ չէր հավատում, որ ես հայ եմ: Ինձ շատ են նմանեցրել հույնի կամ այլազգի աղջկա: Իհարկե, սկզբում տխրում էի՝ ինչո՞ւ, ինչո՞ւ չի կարող տեսահոլովակի աղջիկը հայ լինել: Բայց հետո, երբ կասկածները փարատվեցին, հանգստացա:
- Թեև համերգիդ ներկա լինելու հրավերը ընդունել էին հայկական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիներից շատերը, բայց afterparty-ին՝ երեկույթին նրանցից ոչ ոք չկար: Իսկ հետո խոսակցություններ էին պտտվում, թե նրանք քեզ իրենց թիվ մեկ մրցակից են համարում: Ինչպե՞ս ես դրան վերաբերում:
- Այդպես չէ. շատերն էին եկել: Մյուսները գուցե ժամանակ չեն ունեցել, չեն հասցրել գալ (սա Լուսինան ասաց դեմքի հրեշտակային անմեղությամբ): Ես նման տրամադրվածություն չունեմ և չեմ պատրաստվում մրցակցել հայաստանյան երգիչ-երգչուհիների հետ:
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ներկա էին համերգին:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, օգոստոս 2008


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան