Սոցիալական ֆորում. առաջին անգամ Հայաստանում
Հասարակություն
Մայիսի 9-ից 12-ը Երևանում առաջին անգամ անցկացվելու է Երիտասարդական Սոցիալական Ֆորում, որը նմանատիպ առաջին միջոցառումն է ողջ տարածաշրջանում: Ֆորումի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ «ԵՍՖ-ը հավաքատեղի է, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան իրազեկվել, քննարկել սոցիալական նշանակության տարբեր խնդիրներ, հղկել գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ», իսկ ֆորումի առաքելությունը բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի, գիտելիքի և փորձի ի մի բերումն ու զարգացումն է Հայաստանում:
Ֆորումի հիմնարար սկզբունքներն են`
ԵՍՖ-ը բաց, բազմակարծությունը եւ խոսքի/մտքի, ինչպես նաև մարդու հիմնարար այլ ազատությունները խրախուսող ոչ կրոնական, ոչ կառավարական, ոչ կուսակցական տարածք է, որտեղ մերժվում է բռնության մշակույթը, արգելվում խտրականությունը՝ կախված ռասայից, ազգությունից, կրոնից, սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից, անձնական, սոցիալական բնույթի հանգամանքներից:
ԵՍՖ-ն իր գործունեությամբ սատարում է և խթանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, իրական ժողովրդավարության, խաղաղության, սոցիալական արդարության և համերաշխության արժեքների ու սկզբունքների կայացումը, տարածումը Հայաստանի Հանրապետությունում եւ այլուր:
ԵՍՖ-ը հարթակ է տարբեր անձանց, կազմակերպությունների, սոցիալական խմբերի/շարժումների համագործակցության ու հաղորդակցության համար, սակայն չի հանդիսանում և չի հավակնում դառնալ այդ անձանց /կազմակերպություններին/ խմբերին ներկայացնող կառույց: Հետեւաբար որեւէ մեկը իրավասու չէ Ֆորումի/Ֆորումի մասնակիցների անունից հանդես գալ և/կամ տարածել կոչեր, կարծիքներ, հայտարարություններ:
Այս տարի ԵՍՖ-ի ծրագիրը ներառում է երեք թեմա՝ աշխատանք, միջավայրի պաշտպանություն և կրթություն: Չորս օրվա ընթացքում նախատեսվում է տարբեր զուգահեռ միջոցառումներ՝ սեմինարներ, թրեյնինգներ, աշխատանքային նիստեր անցկացնել վերոնշյալ թեմաների ու Հայաստանում սոցիալական փոփոխությունների հասնելու համատեքստում: Միջոցառումներին կարող են մասնակցել ԵՍՖ-ի պաշտոնական կայքում մինչև մայիսի 2-ը գրանցված անձինք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան