Չեզոքություն՝ ԲՀԿ-ում
Քաղաքական
Մայիսի 5-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքների համաձայն Երևանի ավագանու կազմում ընդգրկված կլինեն պայքարի ելած 7 կուսակցություններից միայն երեքը՝ ՀՀԿ-ն (55.89%), ԲՀԿ-ն (23.07%) և «Բարև Երևան» դաշինքը (8.48%): ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Առաքելություն» կուսակցությունները չկարողացան հավաքել նվազագույն 6%-ի ձայները։
Ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցված գնահատականները գրեթե նույնն էին. «Ընտրությունների արդյունքները կեղծվել են»։
Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբողջ օրը լռած այլընտրանք ԲՀԿ-ն։ Հայտարարություն, որն իր չեզոքությամբ առաջին հորիզոնականում էր։ ԲՀԿ-ի կողմից որևէ գնահատական ավագանու ընտրությունների վերաբերյալ չտրվեց, միայն այն, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման։ Փոխարենը՝ շատ էր ԲՀԿ-ի կողմից հնչեցված շնորհակալությունների թիվը։
Մանդատները վայր դնելու վերաբերյալ խոսելով մինչ ընտրությունները՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ասել էր, որ շատ բան կախված կլինի, թե ընտրություններն ինչպես կընթանան։
Լուրեր.com-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով մանդատները վերցնելուն կամ վայր դնելուն, խնդրեց մի փոքր սպասել. «Մենք հիմա քննարկումների մեջ ենք, երբ կավարտենք բոլորիդ անմիջապես կտեղեկացնենք»,-ասաց Ուրիխանյանը։
ԲՀԿ խոսնակի խոսքերով՝ քաղաքապետարանում հնարավոր կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն եղել։
«Ես Ձեզ հորդորում եմ՝ որևէ տեղեկություն հիմք չընդունեք մինչև կուսակցությունն ինքը Ձեզ չտեղեկացնի, բայց այդ թեմայի շուրջ քննարկում չկա»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան