Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք. Սերժ Սարգսյանը՝ Կառավարությունում
Քաղաքական
Այսօր կառավարության առաջին նիստն էր նոր կազմով: Նիստին ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս, ելույթ ունենալով, խոսեց վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից:
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իսկ իրեն դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր մշակույթ, իսկ ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են և մի բան են փոխում և աշխատանքը գերադասում են շոուներից:
Յուրաքանչյուր ընտրություն, և հատկապես՝ համապետական ընտրությունները, փարձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար: Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և դուրս եկանք՝ որպես պետություն և հասարակություն, ավելի ամրացած: Այժմ մեզ սպասվում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելով՝ մեր աշխատանքին անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում՝ ավելի ապահով Հայաստան կերտելու ժամանակը»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Վերջինիս խոսքերով` այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ ինքը` նախագահը չի տեսնում: «Ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ. մենք ասել ենք, որ մենք մեր աշխատանքով հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով:
Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7% տնտեսական աճ, այս խնդիրը լուծվեց, և այս տարի ևս նույն խնդիրն է դրված: Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական փոփոխություններ: Հարցնելու ենք՝ ոչ թե ինչ է արվել, այլ արվածը ինչ արդյունքներ է տվել, և այդ արդյունքները պետք է լինեն չափելի և տեսանելի:
Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք, և այդ խնդիրների և դրանց լուծման մասին մենք հնարավորություն կունենանք տեսանելի ապագայում խոսել ավելի ընդլայնված կազմում, և խնդրում եմ՝ հստակորեն գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ ու շատ բան է կախված: Առաջին հայացքից անտեսանելի, բայց, իրոք, շատ բան է կախված, և ես հույս ունեմ և վստահ եմ, որ ոչ միայն կառավարության անդամները, այլ նաև բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվությամբ կաշխատեն»,-ասաց Սարգսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան