Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի վարքի և ոստիկանության ձախողման մասին
Քաղաքական
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես կգնահատի ԲՀԿ-ի վարքը ավագանու ընտրություններում, ասաց.
«Ամենալուրջ համագործակցությունն ընտրատեղամասերում եղել է ԲՀԿ-ի, Կոնգրեսի և ՀՅԴ-ի միջև: Իրականում՝ ես պետք է ընդունեմ, որ Կոնգրեսի հանձնաժողովականները, որոշ տեղամասերում իրենց շատ վատ են պահել, անգամ համագործակցել են հանրապետականների հետ ընտրակեղծիքների հարցում: Բայց սրանք, իհարկե, բացառություններ են եղել, որոնք տարածվում են բոլորի վրա: Մենք այդ հարցերով կզբաղվենք: Բայց ես կարող եմ ասել, որ մեծ հաշվով Կոնգրեսը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն պատերազմել են տեղամասերում՝ հանուն օրինականացման, իսկ «Ժառանգությունը» ձախողել է: Շատ հաճախ համագործակցել է հանրապետականների հետ: Նրանց մեջ ևս կային մարդիկ, ովքեր ևս մեզ հետ միասին շատ սկզբունքային կռվել են հանրապետականների հետ, բայց մեծամասնությունը համագործակցել է հանրապետականների հետ»:
Հարցին, թե տեղեկություններ ստացել են ԲՀԿ-ի կողմից խախտումների մասին, Զուրաբյանն ասաց,
«Ցավոք սրտի, մենք կենտրոնացնելով մեր բոլոր ռեսուրսները տեղամասերում՝ չենք կարողացել վերահսկել դրսում տիրող իրավիճակը, բայց մեզ հասել են տեղեկություններ, որ ԲՀԿ-ն ևս ուղորդել է: Սա մեր կողմից ընդունելի չի»:
Անդրադառնալով ընտրակաշառքների բաժանման դեպքերին՝ Զուրաբյանն ասաց. «Եթե որևէ քաղաքական ուժ արել է նման բան, մենք դատապարտում ենք դա»:
Զուրաբյանը նշեց նաև, որ ընտրություններից մեկ օր առաջ իր հետ հանդիպել է Երևան քաղաքի վարչության պետի՝ ծառայության գծով տեղակալ Վալերիի Օսիպյանը:
«Օսիպյանն ինձ այցելեց և ասաց, որ այս ընտրություններում արվելու է ամեն ինչ, որ չլինեն կուտակումներ, ուղորդումներ, թույլ չի տրվի ընտրակաշառք բաժանել: Իմ պատասխանը հետևյալն էր՝ սա ողջունելի է, բայց մենք չենք հավատում, որ ոստիկանությունն այդպես կվարվի:
Այդպես էլ եղավ, ոստիկանությունը ևս մեկ անգամ ձախողվեց, ինքը դարձավ հանցակից այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Իսկ ընտրակաշառքը մի օպերացիա է, որն ընդգրկում է հազարավոր մարդկանց, և դա չնկատել՝ նշանակում է պետականորեն աչք փակել»,-ասաց Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան